Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիրավորանք եւ զրպարտություն արարքների պատասխանտվության ապաքրեականացման վերաբերյալ տարբեր տեսակետներ են հնչում: Մի մասն այն որպես հումանիստական քայլ է դիտարկում, մի մասը` խոսքի ազատության սահմանափակում: Այս մասին զրուցեցինք իրավաբան-փորձագետ Արա ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
- Դուք ինչպե՞ս եք գնահատում օրենսդրական այս փոփոխությունը:
- Միանշանակորեն դրական: Դա տալիս է իրավական պաշտպանության արդյունավետ կառուցակարգ: Երբ քրեական էր, ոչ ոք քրեական գործ չէր էլ հարուցում, կարծես դատախազներն էլ հետաքրքրված չէին այդ գործերով: Տասը տարվա մեջ եղել է մի քանի քրեական գործ ընդամենը: Այսինքն` քրեականի դեպքում արդյունավետ համակարգ չէր, չէր ծառայում իր` իրավունքի պաշտպանության նպատակին:
- Մարդասիրության տեսանկյունից էլ են այս քայլը դրական համարում: Օրինակ, այլ հարց է, երբ մարդը կարող է պարզապես տուգանք վճարել, այլ բան` քրեական անցյալ ունենալ:
- Դե իհարկե: Եվրախորհուրդն էլ, Եվրադատարանն էլ ասում են` պետությունները որքան շատ են ժողովրդավար դառնում, այնքան ավելի շատ ոլորտներ են ապաքրեականացնում` եւ հիմանականում հումանիստական դրդապատճառներից ելնելով: Երկրորդ հերթին էլ` երբեմն քրեական պատասխանտվության համակարգն անարդյունավետ է լինում, քան քաղաքացիականը:
- Որքան էլ քաղաքացիական համակարգն ավելի լավ է ծառայում իր` իրավունքի պաշտպանության նպատակին, 1087.1 հոդվածից (պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը) ուժի մեջ մտնելուց հետո չե՞ք նկատում որոշակի միտումներ, որոնք ուղղված են հենց ԶԼՄ-ների դեմ:
- Իհարկե, նկատում եմ, բայց դա ժամանակավոր երեւույթ է: Մի քանի երկիր կարող եմ օրինակ բերել (Ռուսաստան, Մոլդովա), որտեղ երբ ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը, դատական գործերի հեղեղ սկսվեց, բայց մի քանի տարի հետո դրանց թիվը եկավ իր օպտիմալ սահմանին: Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական ոլորտում ավելի քիչ ռիսկային եւ շահեկան է դատի տալը:
- Լավ, մեր դեպքում 1087.1 հոդվածն ունի՞ բացեր եւ ինչպե՞ս է այն կիրառվում:
-1087.1 հոդվածն իր առջեւ դրված նպատակները իրականցնելու համար հնարավորություններ տալիս է: Կաղում է իրավակիրառման պրակտիկան: Մինչեւ հիմա եղած շատ գործերից ընդամենը երկու դատական ակտ կարող եմ առանձնացնել, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Խոսքը դատավոր Ափինյանի երկու գործերի մասին է, որտեղ հայցվորը Արզաքանցյանն է եղել:
- Մեր օրենքում մտահոգող հարցերից մեկը տուգանքի չափն է. անհասկանալի է, թե ինչպես է դրա չափը որոշվում:
- Դատարանն իր ներքին հայեցողությամբ է որոշում, ինչպեսեւ` հիմնվելով գործի փաստական հանգամանքների վրա, միաժամանակ հաշվի առնելով հանրային շահը: Հանրային շահն ասում է, որ եթե իսկապես լրատվամիջոցը խախտել է անձի արժանապատվության իրավունքը, ապա կարող ես արդարացի փոխհատուցում շնորհել եւ դա անել դրամական միջոցով, բայց պետք է այնպիսի չափ ընտրել, որ ինֆորմացիոն հոսքի վրա չազդի, այսինքնՙ ԶԼՄ-ն չկրի գույքային այնպիսի վնաս, որ ստիպված փակվի:
Եթե առավելագույնը տրված է 2 միլիոն դրամ, չի նշանակում, թե դատավորը պետք է այդ երկու միլիոնը բավարարի, նա կարող է 10 անգամ նվազ չափով բավարարի: Փաստաբան Վահե Գրիգորյանը լավ միտք է արտահայտել. երբ օլիգարխների կողմից հայց է ներկայացվում, ապա դատարանը, բավարարելով հայցադիմումը, կարող է նշել, որ դա արդեն իսկ արդարացի փոխահատուցման բավարար միջոց է եւ ֆինանասկան փաթեթով չբավարարի հայցը: Դե օլիգարխի ինչի՞ն է պետք այդ գումարը, նրան պետք էՙ վերականգնվի իր խախտված իրավունքը: Մյուս կողմից էլ` լրատվամիջոցի համար դաս կլինի, մյուս անգամ ավելի զգույշ կլինի, բայց այդ պահին չի ընկնի ֆինանսական ծանր բեռի տակ, կշարունակի աշխատել, ինֆորմացիայի հոսքը չի տուժի:
- Բայց, այնուամենայնիվ, միտում կա՞ հենց ինֆորմացիոն հոսքը դադարեցնելու:
- Եթե մենք բոլոր գործերի հոսքը ուսումնասիրենք, ապա այդ տպավորությունն է ստեղծվում: Չգիտեմ` դա իրոք այդպես է, թե ոչ: Հիմնականում հայցապահանջ ներկայացնողները օլիգարխներ են, ԱԺ պատգամավորներ: Սակայն մյուս կողմիցՙ 1087.1 հոդվածն այնպես է կառուցված, որ եթե լրագրողները դա ճիշտ օգտագործեն, դա հենց օլիգարխների, քողարկված ուժերի դեմ է աշխատելու, ովքեր ուզում են լռեցնել լրատվամիջոցներին:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ