կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-19 04:35
Հասարակություն

Ա.Բաբաջանյան "Ն.Փաշինյանի վրա հարձակումը եղել է օլիգարխի հրահանգով"

Ա.Բաբաջանյան "Ն.Փաշինյանի վրա հարձակումը եղել է օլիգարխի հրահանգով"

Նիկոլ Փաշինյանը 15 օրով տեղափոխվել է հատուկ պատժախուց:

 

«Հայկական ժամանակի» խմբագրությունում այսօր ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, հավաքվել էին հայկական տարբեր լրատվամիջոցների խմբագիրները:

 

Արդեն մեկուկես տարի բանտարկության մեջ գտնվող Փաշինյանին 15 օրով պատժախուց են տեղափոխել, ինչն էլ բարկացրել է նրա գործընկերներին: «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի համոզմամբ` վերջերս Նիկոլ Փաշինյանի դեմ հալածանքները բանտում կապված են օլիգարխներից մեկի մասին հրատարակած հոդվածի հետ: «Հենց այդ օլիգարխի հրահանգով ու մասնակցությամբ են սկսվել Նիկոլի հանդեպ քրեակատարողականում տեղի ունեցող դեպքերը»,- ասաց նա՝ նշելով, որ այդ մասին ինքը տեղեկացել է երեկ՝ ուշ երեկոյան:

 

Նա հայտարարեց, որ նախօրեին կապվել է Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» հետ, ովքեր, պարզվում է, տեղյակ չեն Փաշինյանի հետ կատարվածի մասին: Ըստ Բաբաջանյանի՝ Կոմիտեն խոստացել է, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարությանը կմիանա նաև Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: «Եթե մենք համառ գտնվենք, և հաճախ հանդես գանք միասնաբար, իշխանությունները կընկրկեն»,- ասաց «Ժամանակ»-ի խմբագիրը:

 

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ հայտարարեց, որ իր ամուսնուն բանտում պահելու հրահանգը թելադրված է ոչ թե օլիգարխներից մեկի կողմից, այլ` նախագահականից: «Նիկոլի նկատմամբ կիրառվող բռնությունները անմիջականորեն թելադրվում են նախագահական նստավայրից և դրանց նպատակը Նիկոլի խոսքը լռեցնելն է»,- ասաց նա:

 

«Եթե մարդուն ձերբակալում և հետո բանտում հետապնդում են, դա անընդունելի է և հատկապես անընդունելի է անկախ Հայաստանում»,- ասաց «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը և ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հանցանքն ապացուցված չէ, և յուրաքանչյուր խմբագիր կարող է նույն ճակատագրին արժանանալ:

 

«Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանն ավելացրեց, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ Փաշինյանի կյանքն այս պահին վտանգված է: «Ամեն պահի նրա հետ կարող է պատահել ինչ-որ ճակատագրական մի բան: Պետությունն ի վիճակի չէ ապահովել նրա անվտանգությունը քրեակատարողական հիմնարկում»,- ասաց նա:

 

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի համոզմամբ՝ իշխանությունները Նիկոլին բանտ նետելով, հույս ունեին լռեցնել նրան: «Բայց նրանք հաշվարկել էին ամեն ինչ, բացի նրանից, որ Նիկոլին լռեցնելը հնարավոր չէ»,- նշեց «Հետք»-ի խմբագիրը: Նա հավաստիացրեց, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելը նաև իշխանությանն է ձեռնտու:

 

«Ես տարբերություն չեմ տեսնում՝ ես եմ բանտում նստա՞ծ, թե՞ Նիկոլը: Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը հայտնվել է բանտում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա օր առաջ ազատվի բանտից»,- ասաց «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:

 

1in.am-ի խմբագիր Գեւորգ Էմին-Տերյանն էլ հավելեց, որ Նիկոլը հասարակության խիղճն է, որն այսօր գտնվում է բանտում

 

Լրատվամիջոցների ներկայացուցիչները դեռ չեն որոշել իրենց հետագա անելիքը, բայց բոլորի համար նպատակը Նիկոլ Փաշինյանի ազատությունն է: