կարևոր
4276 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-18 13:33
Հասարակություն

Մարդինի վերականգնված պատմական Մոր Էֆրեմ (Սուրբ Եփրեմ) եկեղեցին վերաբացվել է պաշտամունքի համար

Մարդինի վերականգնված պատմական Մոր Էֆրեմ (Սուրբ Եփրեմ) եկեղեցին վերաբացվել է պաշտամունքի համար

Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ Մարդինում վերականգնված Մոր Էֆրեմ եկեղեցին վերաբացվել է պաշտամունքի աղոթքներով։

Մարդինի ասորի կաթոլիկ համայնքին պատկանող Մոր Էֆրեմ եկեղեցին վերականգնվելուց հետո բացվել է պաշտամունքի համար։

Կենտրոնական Արթուքլու շրջանի Դիարբեքիրի Քափը թաղամասի վանքում գտնվող և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զորանոց, հիվանդանոց և բանտ, իսկ ոչ վաղ անցյալում՝ բրիկետների արտադրամաս և պահեստ ծառայած եկեղեցու վերանորոգումն ավարտվել է:

Եկեղեցու բացման պատարագին ներկա էին համաշխարհային ասորի կաթողիկե պատրիարք Մոր Իգնատիուս Ջոզեֆ III Յոունանը, Անկարայում Վատիկանի դեսպան Մարեկ Սոլչինսկին, Թուրքիայի կաթոլիկ ասորիների պատրիարքի փոխանորդ Օրհան Չանլըն, Լատինական կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Մասիմիլիանո Պալինուրոն, Մարդին-Դիարբեքիրի մետրոպոլիտ Սալիբա Օզմենը, Քըրքլար եկեղեցու ավագ քահանա Գաբրիել Աքյուզը, ասորական համայնքը և կրոնական սպասավորներ:

ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԱՍՈՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԱՂՈԹԵՑԻՆ ԵՎ ՄՈՄ ՎԱՌԵՑԻՆ

Ասորի կաթողիկե եկեղեցու պատրիարք Յոունայի գլխավորած արարողությանը հոգեւոր սպասավորները շարականներ երգեցին թուրքերեն, արաբերեն եւ ասորերեն լեզուներով։ Արարողության ժամանակ Թուրքիայի ասորի կաթողիկե պատրիարքի փոխանորդ Օրհան Չանլըն ելույթում նշեց, որ ավերակների ու աղբի մեջ գտնված եկեղեցին 2 տարում վերականգնվել ու բացվել է Մարդինի ասորի կաթոլիկ հիմնադրամի կողմից։

Չանլըն, իր գոհունակությունը հայտնելով եկեղեցու սկզբնական տեսքին համապատասխան վերականգնման առթիվ, ասաց. «Պատմության ընթացքում Մարդինը եղել է քաղաքակրթությունների և կրոնների հանդիպավայր և բոլոր ժողովուրդների համար հանգիստ ու խաղաղ ապրելու տեղ։ Այսօր այս եկեղեցու բացումը, չնայած մեր տարբեր համոզմունքներին, որպես մեծ Թուրքիայի՝ այս գեղեցիկ երկրի, որտեղ մենք ապրում ենք, քաղաքացիներ, անկախ կրոնից, լեզվից, էթնոսից, մշակույթից, մեծ խճանկարի ամբողջականությունն է ցույց տալիս»:

Նշելով, որ տարածաշրջանի ճարտարապետական առանձնահատկությունները կրող եկեղեցու և վանքի կառուցումն ավարտվել է և պաշտամունքի համար բացվել 1884 թ., Չանլըն հայտնեց, որ որոշ ժամանակաշրջաններ դրանք օգտագործվել են տարբեր նպատակներով. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1916 թ. փետրվարի 16-ին, այն օգտագործվել է որպես ռազմական կայազոր և 1918 թ. նոյեմբերին, երբ պատերազմն ավարտվել է՝ վերսկսել իր գործառույթը։ 1922 թ. ժամանակահատվածում որպես զինվորական հոսպիտալ և բանտ էլ է օգտագործվել։ Իսկ մինչ վերջերս այն շահագործվում էր որպես բրիկետների արտադրամաս և պահեստ։ Այս գործածության ընթացքում կառույցի վրա կատարված միջամտությունների պատճառով ավերված եկեղեցին տեղ-տեղ փլուզվել է և արագորեն քայքայվել։ Վերականգնման հետևանքով քայքայված հատվածները վերանորոգվել են համապատասխան տեխնիկայով՝ ապահովելով, որ շենքը պահպանվի և օգտագործվի սերունդների համար»։

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ, ՄԵՐ ԱՊՐԱԾ ԵՐԿՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉՆ Է»

Չանլըն ասաց, որ Մարդինի պատմության և անցյալի հավատի ու սոցիալական կառուցվածքի վրա լույս սփռող շենքի վերանորոգումն ու վերագործարկումը զգալի ներդրում կունենա քաղաքի զբոսաշրջության և տնտեսության մեջ։ Նշելով, որ Մոր Էֆրեմ վանքի մեծ մասը ավերակ էր, Չանլըն հավելեց, որ վանքի վերականգնման գործընթացը շարունակվում է։ Աջակցության համար շնորհակալություն հայտնելով նախագահ Էրդողանին, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին, Մարդինի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշին և համապատասխան մարդկանց՝ Չանլըն ասաց․ «Նման կառուցողական և բարեկամական մոտեցումները վկայում են այն երկրի մեծության մասին, որտեղ մենք ապրում ենք, և որ այս երկիրը խճանկար է։ Տարբեր լեզուների և մշակույթների գոյությունը դիտում ենք որպես հարստություն։ Հավատում ենք, որ մեր հայրենիքը, որտեղ ապրում ենք խաղաղության և ապահովության պայմաններում, հպարտություն է բոլորիս համար»:

Չանլըն նաև աղոթել է երկրի միասնության և համերաշխության համար։ (Թուրքիայի կաթոլիկ ասորիների պատրիարքի փոխանորդ Օրհան Չանլըի ելույթից ակնհայտ է, թե ինչպիսի վախի մթնոլորտ է ձևավորվել Թուրքիայում, և ինչպես է սա ազդում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների խոսույթի վրա-Ակունքի խմբ.:

https://www.haberturk.com/mardin-de-restore-edilen-tarihi-mor-efrem-kilisesi-ibadete-acildi-3529093

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net/am