Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթը.
Սիրելի՛ հայրենակիցներ, հայտարարությունների այս ժամը չէի օգտագործի, եթե նախորդ նիստում հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու Ատոմ Ջանջուղազյանին ուղղած հարցը, մեղմ ասած, մանիպուլյատիվ արձագանքի չարժանանար:
Իսկ ինչ եմ ես ասել:
Մեջբերում եմ. «Երկրի վարչապետը վաղուց արդեն կառավարության շենքից դուրս մի քանի մետր էլ ոտքով չի գնում և նրան ուղեկցում ու անձը պաշտպանում են հարյուրավոր ոստիկաններ, այդ թվում՝ նաև կարմիր բերետավորներ ու բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, ծառայողական մեքենաներ: Այս ամենը, իհարկե, ենթադրում է պետական ֆինանսական միջոցների վատնում:
Ընդամենը երեկ՝ փետրվարի 28-ին, ժամը 18.00-ին մոտ Դեմիրճյան փողոցում և դրան հարակից այգում այնքան ոստիկանական մեքենաներ, ոստիկաններ ու կարմիր բերետավորներ էին հավաքված, որ միանգամից ակնհայտ էր, որ Փաշինյանը գալու է ԱԺ: Ակնհայտ էր, որովհետև միայն նրա վախերն են այդպես ջերմեռանդորեն բավարարվում:
Եվ, իսկապես, պարզվեց, որ նա եկել է ԱԺ. հանդիպել է իր քաղաքական ուժը ներկայացնող խմբակցության հետ:
Այսինքն՝ նա ԱԺ էր եկել ոչ թե որպես վարչապետ, այլ որպես քաղաքական ուժի ղեկավար, բայց ծախսվել էին պետական ֆինանսական միջոցներ նրա վախերը փարատելու նպատակով:
Սա ընդամենը ամենաթարմ օրինակն է, իսկ նման դեպքերը նրա կառավարման տարիներին բազմաթիվ են ու բազմակի անգամ ավելի ծախսատար»:
Այս ամենից հետո ուղղակի հարցրել եմ՝ արդյո՞ք որևէ քաղաքական ուժի ղեկավար իր քաղաքական թիմի հետ հանդիպման համար իրավունք ունի օգտվելու պետական ծառայողական մեքենաներից, արդյո՞ք ոստիկանական ուժերը պետք է ապահովեն որևէ քաղաքական ուժի ղեկավարի անվտանգությունը պետական միջոցների հաշվին: Որքանով է դա հիմնավորված, օրինական:
Եվ ինձ ի պատասխան՝ ՔՊ ներկայացուցիչը օգնության է հասնում իրենց թեկնածուին ու նշում, որ դա հանդիպում էր վարչապետի և ԱԺ խմբակցություններից մեկի ներկայացուցիչների հետ:
Իրո՞ք: Բա էդ դեպքում ինչո՞ւ վարչապետի և ԱԺ խմբակցության հանդիպման մասին ոչ մի խոսք չկար ո՛չ ԱԺ կայքում, ո՛չ էլ կառավարության կայքում՝ վարչապետի հանդիպումների ցանկում: Թե՞ դա գաղտնի հանդիպում էր կամ էլ անկարևոր մի հանդիպում, որի մասին չուզեցիք էլ հայտարարել:
Նախապես ասեմ, որ եթե ի պատասխան նորից հնչելու է ձևով՝ կլոր, բովանդակությամբ՝ հարթ ելույթ, ապա՝ իզուր:
Հանրությունը շատ լավ տեղյակ է ոստիկանական մեծաթիվ ու ծախսատար ուղեկցությունների մասին, և ավելորդ անգամ մի՛ փորձեք հանրության աչքին թոզ փչել:
Եթե պատասխանելու եք, ապա պատասխանեք այս հարցին՝ ինչո՞ւ վարչապետի և ԱԺ խմբակցության հանդիպման մասին ոչ մի խոսք չկար ո՛չ ԱԺ կայքում, ո՛չ էլ կառավարության կայքում՝ վարչապետի հանդիպումների ցանկում, եթե դուք ճիշտ եք: Թե՞ դա գաղտնի հանդիպում էր կամ էլ անկարևոր մի հանդիպում, որի մասին չուզեցիք էլ հայտարարել: