Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ամրագրելով՝ Ֆրանսիան հաստատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը. «C News» հեռուստաընկերության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Նախեւառաջ, մենք ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային եւ նախագահ Էմանուել Մակրոնին, ով իսկապես կարեւոր քայլ կատարեց՝ ապրիլի 24-ը հանրապետության օրացույցում ամրագրելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Միեւնույն ժամանակ սա ուղերձ է՝ հղված ամբողջ աշխարհին՝ առ այն, որ Ֆրանսիան հաստատում է անհրաժեշտությունը, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվի եւ հատկապես Թուրքիայի կողմից, որ հերքում է այն արդեն 104 տարի, եւ Թուրքիայի Հանրապետության նախագահի կողմից, որ բավարարվում է կատարելապես անհեթեթ ժխտողականությամբ»,- ասել է Փափազյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 11-ին ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը: Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև մյուս քաղաքները:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:45-ին: