կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-21 14:30
Քաղաքական

ԱԺ նախագահությունը «սադի գոքորներ» չեն ձեզ համար, որ ոնց ուզեք` անեք. Շարմազանովը` «Ելք»-ին

ԱԺ նախագահությունը «սադի գոքորներ» չեն ձեզ համար, որ ոնց ուզեք` անեք.  Շարմազանովը` «Ելք»-ին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր:

Այս քվեարկությունը ևս առանց միջադեպի չանցավ: Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկություն հայտարարեց, վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն ԱԺ նախագահը հորդորեց շարունակել քվեարկությունը՝ հայտարարելով, որ դրանից հետո ձայնի իրավունք կտրամադրի «Ելք» խմբակցության ղեկավարին:

«Ելք» խմբակցության պատգամավորները, սակայն աղմկում էին: ԱԺ նախագահն ընդհատեց քվեարկությունը և վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք տվեց Նիկոլ Փաշինյանին, ով կրկին հայտարարեց 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ քվեարկությունը պետք է շարունակվի, քանի որ դրա մասին արդեն հայտարարվել է: «Երբ հայտարարվում է քվեարկություն, այն չի կարող ընդհատվել և պետք է կայանա: Դրա համար մենք հիմա պետք է այս հարցը վերաքվեարկենք, քանի որ նախորդն ընդհատվեց, իսկ մի քանի պատգամավորների կոճակներ էլ չեն աշխատել»,- ասաց նա:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցան նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Սամվել Նիկոյանը, ովքեր նույնպես պահանջեցին վերաքվեարկություն իրականացնել:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վերաքվեարկություն հայտարարեց: 64 պատգամավոր կողմ արտահայտվեց նախագծին: ԱԺ նախագահը հայտարարեց, որ որոշումն ընդունված է:

Այնուհետև ԱԺ նախագահը քվեարկության դրեց հաջորդ հարցը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ու 20 րոպե ընդմիջում վերցրեց: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Սա «Ելք» խմբակցության` արդեն 5-րդ ընդմիջումն էր:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Աժ նախագահությունը «սադի գոքորներ» չեն ձեզ համար, որ ոնց ուզեք` անեք»:

Փաշինյանն էլ արձագանքեց. «ԱԺ փոխխոսնակը ԱԺ նախագահին Սադի գոքոր անվանեց»:

Շարմազանովն արձագանքեց. «Ո՞վ ա տենց բան ասել, ես տենց բան չեմ ասել»: