կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-18 10:47
Հասարակություն

Ո՞ւմ է պատկանում կապարի հանքավայրը

Ո՞ւմ է պատկանում կապարի հանքավայրը

Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին գտնվող Սարավան գյուղի մոտակայքում առաջացել են հանքաքարի մնացորդների մեծ կույտեր:

Գյուղացիներից մի քանիսը պատմել են, որ անցյալ տարի շուրջ` 7 ամիս, իրենք` որպես հանքափոր, աշխատել են Որոտան-Արփա թունելի մոտ: Նրանք պատմել են նաև, որ կապարի հանքը շահագործվել է անցյալ ամառվանից, ձմռանն աշխատանքները դադարեցվել են, իսկ այս տարի` վերսկսվել:

Հայտնի է, որ այդ հանքը պարունակում է 7-8 տեսակի մետաղներ, բայց անհայտ սեփականատերը հիմնականում արդյունահանում է կապար: Հանքավայրի աշխատակիցները նույնպես չգիտեն, թե ով է սեփականատերը, միայն գիտեն, որ իրենց «շեֆերը» երեւանցիներ են, ովքեր աշխատողների հետ կնքել են աշխատանքային պայմանագրեր եւ խոստացել, որ օրական նրանց կվարձատրեն 15 հազար դրամով, սակայն իրականում վճարել են 5-6 հազար դրամ:

Հաշվի առնելով, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է ընդերքօգտագործման լիազոր մարմինը, դեռեւս ապրիլի վերջին «Էկոլուր» ՀԿ-ն նախարար Մովսիսյանից նամակով խնդրել էր պարզաբանել, թե վերը նշված հանքավայրն ում է պատկանում, երբվանից է շահագործվում, եւ ինչ հանքաքար է արդյունահանվում: Պատասխան նամակում նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը, շրջանցելով հարցերը, ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի մասին տեղեկատվություն:

Արճիճի հանքավայրի մասին տեղեկատվություն ստանալու համար մենք ևս դիմեցինք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որը նախ զարմացավ, իսկ հետո պատասխանեց. «Այդ մասին չգիտեմ: Նամակով դիմեք, կպատասխանենք»: Իհարկե, նամակ կգրենք՝  կցելով նաեւ համապատասխան լուսանկարները: