Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե երկրի քաղաքական իշխանությունը ուզում է ազգայնացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ քաղաքական դրդապատճառներով, այդ դեպքում ինչպե՞ս կարող է հիմնավորել, որ Ամուլսարի հանքավայրը տալիս են օտարերկրյա ընկերություններին շահագործման համար, անհասանալի է, դա է՞լ պիտի ազգայնացնեն դեռ չշահագործված՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։
Այնպես որ, նրա համոզմամբ, այդ հարցում չպետք է շտապեն իշխանություննները, պետք է լուրջ մասնագետներ հետ քննարկեն, հետևություն կատարեն, նոր նման քայլերի գնան։ Խոսքը Ազգային ժողովում շրջանառվող օրինագծի մասին է, որը, ըստ իշխանական պատգամավորների, ՀՀ հանքավայրերը ազգայնացնելու մասին է։ Գործընթացը, ամենայն հավանականությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ զարգացումների ենթատեքստում է, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ բոլոր նրանք, ով կոմբինատի աշխատակիցներին չի թույլատրել, որ գան իր հանրահավաքին, մինչև հուլիսի 15-ը աշխատանքից ազատված կլինեն, որին հաջորդեց հուլիսի 14-ին ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ներխուժումը կոմբինատ, ապօրինի հարցաքննություններն ու առգրավումները։
Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի կանգնելուն հաշված օրեր են մնացել, քանի որ 20 մլն-ից ավելի եկամտից կոմբինատն արդեն զրկվել է, որովհետև երկրի քաղաքական իշխանությունները, առանց որևէ պատճառաբանության, կոմբինատին արգելում են արտահանել հանքանյութը, որը բերում է տուգանքների։
«Եթե սա քաղաքական շոու է, որ տեսեք՝ ինչպես կվարվենք մենք, դա նպատակային և արդյունավետ չէ և հաջողություն չի բերի ոչ մի քաղաքական ուժի։ Չպետք է քաղաքականությունը ազդի երկրի տնտեսական զարգացման վրա»,-ասաց Մարատ Գրիգորյանը։
Նա արձանագրեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից է, որը բավական եկամուտներ է բերում Հայաստանի տնտեսությանը։
Իսկ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը խոշորագույնն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։
«Քաղաքական որոշում կայացնելը գործարանի գործունեության վերաբերյալ անընդունելի է, խիստ վնասակար Հայաստանի տնտեսության համար։ Այդ տեսանկյունից՝ ինձ համար զարմանալի է, որ քաղաքական վիճակից ելնելով այսօր դադարեցվում է կոմբինատի գործունեությունը և բավական վնասներ են կրում ոչ միայն հանքարդյունաբերությունը, այլ նաև երկրի տնտեսությունը։ Դա լուրջ հետևանքներ կունենա ընդհանուր առմամբ»,-ասաց Մարատ Գրիգորյանը։
Այստեղ խոսքը ոչ միայն կոնկրետ Քաջարանի հանքարդյունաբերության վերաբերյալ է, ասաց նա, այլև ընդհանրապես այն մոտեցման վերաբերյալ, որ մենք ունենք հանքավայրերի շահագործման ուղղությամբ։
«Ընդունել են օրենքներ, որոնց հիման վրա կատարվել է հանքավայրերի սեփականաշնորհում, պայմանագրեր են կնքվել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, և դրանց հիման վրա շագաործվում է այս հանքավայրը։ Այլ հարց է, եթե բացթողումներ կան շահագորման ժամանակ, կամ ոչ արդյունավետ շահագործում կա, կամ չարաշահումներ կան, դա պետականորեն համապատասխան օրենքի համաձայն կարող են ենթարկել պատասխանատվության կամ պարտավորեցնեն շտկել սխալները։ Վերցնել այսօր կամայականորեն, ելներով այն հանգամանքից, որ ընդդիմադիրներ են որոշ աշխատակիցներ, դա կվնասի հանրապետության միջազգային վարկանիշին այն տեսանկյունից, որ ոչ մի ներդրող այսուհետև չի փորձի ներդրում կատարել Հայաստանում, եթե այդպիսի կամայական մոտեցում լինի։ Ներդրողների ճնշող մեծամասնությունը ելնում է այն պայմաններից, թե որքանով են պետականորեն ապահովված նրանց ներդրումները և որքանով են կայուն։ Իսկ նման մոտեցումը կհակասի այս սկզբունքներին»,-ասաց Մարատ Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ եթե ազգայնացման մասին են խոսում, պետք է հաշվի առնեն, որ Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր հանրապետություններում հանքավայրերը մասնավորեցրին, համարեցին, որ դա ամենաարդյունավետ ձևն է հանքավայրերը շահագործելու համար։
«Մեր պետությունում էլ բավականին բարենպաստ օրենսդրական պայմաններ ստեղծվեցին հանքավարերում ներդրողների համար, և մեր շատ հանքավայրեր միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից շահագործվում են, բավականին շատ եկամուտ են բերում և զարգացնում են ինչպես տնտեսությունը, այնպես էլ աշխատատեղեր են ստեղծում և բարձրացնում բնակչության կենսամակարդակը։ Սա մեծ հարված կլինի մեր հանրապետությանը»,-ասաց Մարատ Գրիգորյանը։
Կապիտալիզմի սրբության սրբոցը մասնավոր սեփականությունն է, նշեց նա, կարելի է պատկերացնել, թե միջազգային ինչպիսի արձագանք կլինի այդ քայլերի հետևանքով, միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնք այդ սրբության սրբոցի պահապաններն են, ինչպիսի աղմուկ կբարձրացնեն ամբողջ աշխարհով և ինչպես Հայաստանի Հանրապետության վարկանիշը կընկնի։
«Հապճեմ որոշումը, ելնելով միայն քաղաքական դրդապատճառներից, խիստ վտանգավոր է, հակաազգային է, հակապետական է։ Նման մոտեցում չպետ է լինի։ Այդքան արագ ազգայնացնելը նույնպես անթույլատրելի է, նման հարցերը պետք է լուրջ քննարկումներ անցնեն տարբեր մասնագետների, տնտեսագետների կողմից, և հանգեն եզրակացության՝ իրո՞ք հանքավայրի մասնավոր շահագործումը երկրի շահերին վնաս է, թե՞ օգուտ է, սա լավագո՞ւյն, թե՞ վատագույն ձևն է հանքավայրերի շահագործման, որ մենք ընտրել ենք։ Այսօր աշխարհով մեկ այդ ձևն է ընդունված՝ մասնավորեցնել հանքավայրի շահագործումը, և դա կիրառվել է նաև Հայաստանի պայմաններում»,-ասաց երկրաբանը։
Վերցնել և հախուռն կերպով որոշում կայացնել քաղաքական դրդապատճառներով՝ մենք ազգայնացնում ենք, որ որոշակի մարդկանց զրկենք այդ սեփականությունից, նշեց նա, անընդունելի կլինի նաև միջազգային առումով՝ խիստ մեծ է լինելու պատասխանատվությունը, որի տակից ՀՀ-ն շատ դժվարությամբ կկարողանա դուրս գալ, և հեռու կպահի բոլոր տեսակի ներդրողներից ՀՀ։
«Առանց այդ էլ 44-օրյա պատերազմի հետևանքով շատ հանքավայրեր հայտնվել են Ադրբեջանի տարածքում՝ բռնազավթված ադրբեջանական իշխանությունների կողմից, և մենք չենք կարողանում մաքսիմալ շահագործել դրանք՝ Սոդքի հանքավայրը, տարբեր տարածքներում հանքավայրեր, այնպես որ, այդ հարցում պետք է խիստ զգույշ լինել, քաղաքական հարցերը թողնել մի կողմ և մտածել երկրի զարգացման մասին»,-ընդգծեց Մարատ Մարատ Գրիգորյանը։
Ինչպե՞ս ստացվեց, որ Սոդքի հանքավայրը, որը ստեղծման օրվանից երբեք չէր շահագործվել Ադրբեջանի կողմից, այդքան հեշտ զիջեցինք Ադրբեջանին․ Մարատ Գրիգորյանը նկատեց՝ իսկ ի՞նչը մենք այդքան հեշտությամբ չենք զիջել, ամբողջ Արցախի Հանրապետության մի հատվածը, այսօր ադրբեջանցի զինվորը ՀՀ տարածքում է՝ մեր տարածքները բռնազավթված են, այնպես որ, եկեք չխոսենք այդքան հեշտ տալու մասին։
«Փաստերը ցույց են տալիս, որ մենք այսօր ավելի շատ ենթարկվում ենք ադրբեջանական իշխանությունների ոճրագործ պահանջներին, քան կարողանում ենք պահպանել մեր ինքնավարությունը, մեր անկախությունը, մեր ազատությունը։ Սա է ցավալի»,-ասաց նա։
Մենք վտանգի ենթարկեցինք մեր շատ ջրային աղբյուրներ, նշեց երկրաբանը, որոնք ընկած էին Քարվաճառի տարածքում կամ սահմանի վրա են ընկած, այժմ ռիսկային է այդ ջրերը անվտանգ օգտագործելը՝ հատկապես Որոտան գետինը, որին սնման աղբյուրները նույնպես Քարվաճառի որոշ տարածքներում են։
«Ռիսկային կարող է լինել, եթե ադրբեջանցիները ցանկանան վերին հոսանքներում փոխել գետի հուների ուղղությունը, չարամտորեն որոշ պահի փոխել ջրի քիմիական կազմը, ախտոտել կամ թունավորում կատարել․ Ադրբեջանի նման թշնամուց ամեն ինչ սպասելի է»,-ասաց Մարատ Գրիգորյանը։
Նա նաև ընդգեց, որ ԼՂՀ ազատագրված տարածքները մեծ պոտենցիալ ունեին Հայաստանի տնտեսությանը օգնելու համար։ Այնտեղ և՛ հանքավայրերի առկայություն էր, և՛ հողերի որակը գյուղատնտեսական առումով, այնպես որ, ոչ միայն Արցախի ինքնաբավության առումով էին կարևոր այդ տարածքները, որոնք այսօր հանձնեցինք Ադրբեջանին, այլև մեծ եկամուտներ էր բերում Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Արցախի, այժմ արդեն օկուպացված տարածքները, մեծ օգնություն էին Հայաստանի տնտեսության զարգացման համար և՛ բնական ռեսուրսներով, և՛ օգտակար հանածոներով, և՛ ջրային պաշարներով, այնպես որ, դա, Մարատ Գրիգորյանի հավաստմամաբ, մեծ կորուստ է և տնտեսական մեծ հարված Հայաստանի համար։ Մենք այդ հարվածը կտեսնենք առաջիկայում, երբ կհասկանանք՝ ինչքան մեծ եկամուտներից մենք զրկվեցինք կորցնելով Արցախի Հանրապետության այն ժամանակվա կարգավիճակը և ստանալով այսօրվա կարգավիճակը, որը ոչինչ չի տալիս մեզ։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․