Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներառել է որոշման նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից` ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20ի N417-Ա որոշման համաձայն ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ:
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրը։
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը և շահագործումը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 179,4 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում շինարարության և սարքավորումների մասով։ Սարքավորումների ներմուծումը կատարվում է փուլերով և առաջին փուլով ներմուծվող սարքավորումների համար նախատեսված գումարը կազմել է մոտ 23,4 մլրդ ՀՀ դրամ, այժմ Ընկերությունը նախատեսում է երկրորդ փուլով սարքավորումներ ներմուծել շուրջ 4,2 մլրդ ՀՀ դրամի չափով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ՝ հայտնում ենք, որ նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումն իրականացվելու է փուլ առ փուլ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 525, 2018թ.- 525 և 2019թ.-490 հազ. դրամ: