Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր թերթի հունիսի 23-ի համարում անդրադարձել էինք Արաբկիր վարչական տարածքի Կոմիտասի 26 շենքի մի խումբ բնակիչների դժգոհություններին` կապված բիզնեսի հովերով տարվածների նոր կամայականությունների դեմ:
Ինչ-որ մեկը որոշել էր հենց շենքի դիմաց խորովածանոց բացել` մայթի, կանաչ տարածքների, առավել եւս` դեպի Կոմիտասի փողոց բացվող շենքի լուսամուտների ծածկման եւ բնական լույսից զրկելու հաշվին: Շենքի բնակիչների` քաղաքապետարանին ուղարկած 4 դիմումներին ստացվել էր մեկ պատասխան. «Ոչ բնակելի տարածքների վերակառուցման, ընդլայնման եւ կցակառույցի իրականացման շինարարական աշխատանքները կատարվում են շինարարության թույլտվության համաձայն»:
Ուրախ ենք տեղեկացնել, որ Երեւանի քաղաքապետարանը չեղյալ է համարել վերոնշյալ շենքի կցակառույցի շինարարության թույլտվությունը: Մեր` խնդրին անդրադառնալուց մոտավորապես մեկ շաբաթ անց շինարարությունը կանգնեցվել է: Իսկ հուլիսի 12-ին եւ 13-ին քաղաքապետարանի աշխատակիցները հողին են հավասարեցրել կցակառույցը:
Գուցե Երեւանի քաղաքապետն ընդհանրապես տեղյակ չէ քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության բաժնի պետի՝ բնակիչներին տված պատասխանից, իսկ պատասխանատու չինովնիկը պարզապես գրել է այն, ինչ գրվում է սովորաբար նման դեպքերում:
Իհարկե, որպես հսկող աչք` մամուլը պարտավոր է մշտապես անդրադառնալ նման ապօրինություններին եւ «տեղ» հասցնել քաղաքացիների արդարացի ձայնը: Եվ նույնքան հաճելի է տեղեկանալ, որ քաղաքապետն ուշադիր է հրապարակումներին, եւ եթե բյուրոկրատական ապարատը թույլ չի տալիս քաղաքացու ձայնն առանց միջնորդի հասցնել պաշտոնյային, դա հնարավոր է լինում անել թեկուզ մեր միջոցով: Հույս ունենք, որ այսպիսի գործելակերպը օրինակ կդառնա նաև այլ գերատեսչությունների համար: