Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոհեր Հայաստանի առաջին Հանրապետության 104-ամյակի առիթով
Ցեղասպանությունից և հայրենիքի մեծ մասի կորստից հետո ոչ միայն ուժ գտնել և կանխել վերջնական անկումը, այլև վերականգնել դարերով կորցրած պետական անկախությունը, պարզապես պատմական հրաշք էր:
Անկախ պետականության կերտման գործընթացը և ծանր էր և պատիվ բերող: Պատմական օրինաչափությամբ այդ առաքելությունը գերազանցաբար վերապահվեց Դաշնակցությանը:
Ինչպես Դաշնակցությունը, այնպես էլ ոչ մի հայ քաղաքական կազմակերպություն այդ օրերին չուներ պետական կառավարման փորձառությունը: Բայց ամեն ինչ արվեց անձև քաոսից պատություն կառուցելու համար:
Ցեղասպանության և Առաջին աշխարհամարտի ծանր հետևանքները քայքայել էին Արևելյան Հայաստանը. գաղթականներ, որբեր, ավերածություններ, հարևանների հետ պատերազմական վիճակ և շրջափակում, ներքին սահմանափակ ռեսուրսներ: Այս էր առաջին հանրապետության նորաստեղծ կառավարության ստացած ժառանգությունը, և ինչպես տիպիկ է բնութագրել առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, իրենց կառավարությունը չէր հաջորդել նախորդ կառավարությանը, և ամեն ինչ պետք է սկսեր չեղած տեղից:
Բազմաթիվ հայ գործիչներ (Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի, Գարեգին Նժդեհ, Դրո, Ռուբեն Տեր-Մինասյան, Թովմաս Նազարբեկյան և ուրիշներ) սխրանքներով ոտքի կանգնեցրին նորածին պետությանը: Անհատ գործիչների ձեռքբերումներն անշուշտ արդյունք էին ոչ միայն իրենց նվիրումի, այլ նաև՝ համաժողովրդական աջակցության:
Այս հաջողության կողքին ծանր էին նաև ձախողումները, որոնք նաև ճակատագրական եղան հանրապետության համար:
Իր հաջողություններով ու ձախողումներով Հայաստանի առաջին Հանրապետությունը ոչ միայն ուղի հարթեց հայ ժողովրդին դեպի նորագույն ժամանակաշրջանի պետականություն ունեցողների շարք, այլև կարևոր դասեր փոխանցեց հաջորդ սերունդներին այդ շարքում մնալու, և ինչու ոչ՝ պատվով մնալու համար:
Պետք է սովորել այդ դասերը, հարգանքով ու պատկառանքով վերաբերվել այդ ուսուցչին, այլապես պատմությունը մեզ դաժանորեն կպատժի:
Շնորհավոր ՄԱՅԻՍ 28:
Հ. Գ. – 104 տարի առաջ հայկական անկախ պետականության վերականգնումը տեղի ունեցավ, որովհետև այդպես էր ցանկանում հայ ժողովուրդը, այդպես գործում էին ժողովրդական առաջնորդները: Հայկական պետականությունը կարող է կործանվել, եթե այդպես ցանկանա ժողովուրդը և անզոր լինեն նրա առաջնորդները:
Խաչատուր Ստեփանյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ,
պ. գ. դ., պրոֆեսոր