կարևոր
3325 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-15 15:02
Հասարակություն

Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց պաշտոնում. դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել. փաստաբան

Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց պաշտոնում. դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել. փաստաբան

Այս տարի վերջապես Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց Դատավորից նրան անհիմն մեղադրելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործով փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլև նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սևացնել օբյեկտիվ և արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր և լուրջ հարված դատական իշխանությանը:

Հուսանք, որ ներողությունը զուտ ձևական չէ, և ՀՀ դատախազությունը, քննչական մարմինը և երևույթին բացասական առումով առնչված գիտնականներն ու դատավորները կանեն անհրաժեշտ հետևություններ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ բարձրագույն դատական խորhրդի համաձայնությամբ, 2022 թվականի մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը): 2022 թվականի մայիսի 20-ին վարույթից անջատվել է Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ Բորիս Բախշիյանը ներկայացված մեղադրանքում ճանաչվել է անմեղ, արդարացվել է: 2022 թվականի նոյեմբերի 16-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է 2023 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ:

2023 թվականի հուլիսի 27-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ վարույթ չի ընդունվել: Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Բորիս Հրանտի Բախշիյանից:

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն իր մասնակցությունն էր ունեցել «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերտառությամբ, 8 միլիոն դրամ արժողությամբ վավերագրական ֆիլմում, որը դիֆերամբ էր առ Կարեն Անդրեասյանի ղեկավարած ԲԴԽ-ն։