կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 10:52
Առանց Կատեգորիա

Արագիլը փետրահան է լինում, ընձառյուծը` մազաթափվում

Արագիլը փետրահան է լինում, ընձառյուծը` մազաթափվում

Կենդանիների` մինչեւ 300 տարեկան նմուշները հայտնվել են կորչելու եզրին. չկան համապատասխան նյութեր սողունների եւ երկկենցաղների խրտվիլակները պահպանելու համար, իսկ թռչունների ու կենդանիների մաշկալցոնները փետրահան են լինում, մազաթափվում:

Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի կենդանաբանական թանգարանում պահվող նմուշների մի զգալի մասը Կարմիր գրքում հայտնված կենդանատեսակներ են:

Տնօրենը` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանն օրինակ է բերում, որ կոտորածների ժամանակ մարդիկ կյանքի գնով մագաղաթներն ու մատյաններն են փրկել, հասկանալով, որ դա իրենց պատմությունն է: Բայց չէ՞ որ հայրենիքի կենսաբազմազնությունը ներկայացնող թանգարանն էլ պատմության կարեւոր վկայություններից է. «Մեր աշխատողները տարբեր տեղերից դժվարություններով այդ կենդանիներին բերել, հասցրել են այստեղ, մշակել են, որ սերունդները տեսնեն, թե ինչիպիսի կենսաբազմազանություն է եղել Հայաստանում, իսկ մենք հիմա դա կորցնում ենք, ինչ է թե մի քանի կոպեկ չկա այդ ամենը վերականգնելու եւ պահպանելու համար»:

 Ռիսկեր` գործը շարունակելու համար

Ինչո՞ւ են փչանում այս նմուշները: Ընդամենը մի քանի կոպեկ է պետք այս ամենը վերականգնելու եւ պահպանելու համար, բայց արի ու տես, որ այդ կոպեկները չկան: Հարցին, թե թանգարանի բյուջեն ինչքան է կազմում, Է. Յավրույանը պատասխանեց. «Մենք չունենք բյուջե, մենք մի կազմակերպություն ենք, որը կենտրոնին կից աշխատում է եւ օգտվում է կենտրոնի բարի վերաբերմունքից եւ հնարավորություններից»:

Թանգարանում աշխատում է 5 հոգի, յուրաքանչյուրի աշխատավարձը 32 հազար դրամ է: Եթե աշխատողն ունի թեկնածուի կոչում` 10 հազար դրամ, իսկ եթե դոկտորի` 20 հազար դրամ ավելի է ստանում: Թե արդյո՞ք հավելյալ գումարներ չեն հատկացվում կենդանիների նմուշների պահպանման համար, պատասխանը նորից բացասական է: Իսկ թե ինչպե՞ս են անհրաժեշտ նյութերն ու գործիքները հայթայթվում, Է. Յավրույանն ասաց. «Մեր գումարներով: Վերջերս Վերնիսաժից 20 լիտր սպիրտ եմ գնել: Պետք են լինում ֆորմալին, ացետոն, քսիլոլ, պարաֆին, մշակման համար գործիքներ եւ այլն: Մեր տներից ենք սրվակները, բանկաները բերում»:

Դժվար է նաեւ հին նմուշները նորերով փոխարինելը. հատուկ մասնագետներ են պետք այդ կենդանիներին բռնելու համար: Եվ քանի որ մասնագետներ չկան, փորձում են «գործ բռնել» որսագողերի հետ, ինչը բավական ռիսկային է:

Ո՞վ է թանգարանի տերը

Չի երեւում այն մեկը, ով պետք է տեր կանգնի թանգարանին: Է. Յավրույանը դիմել է նախագահին, կառավարությանը, բարերարների. «Մարդիկ կան, ընդհանրապես չեն պատասխանում, կան նաեւ անընդունելի պատասխաններ»:

Մշակույթի նախարարությունից պատասխանել են, թե միջոցների քիչ լինելու պատճառով 2010-11 թվականներին ֆինանասավորում չի լինի, իսկ 2012-ին էլ հնարավորության դեպքում թանգարանը կներառվի բյուջեում: Կրթության եւ գիտության նախարարությունը նշել է, որ այդ հարցերով պետք է զբաղվի ԳԱԱ այն ինստիտուտը, որին թանգարանը ենթակա է. «Ցանկություն կա գումար տրամադրելու, բայց գումար չկա: Ես կբողոքեի ղեկավարության դեմ, ակադեմիայի դեմ, անուններ կտայի, բայց այս մարդիկ ինձ հետ միասին ցավով տանում են այս ամենը: Նույնիսկ եթե մի քանի հատ լամպ, սկոչ, սոսինձ են ստանում, թանգարանին էլ են տալիս»:

Բնապահպանության նախարարության պատասխանն է զարմանալի եղել. գրել են, թե իրենց գերատեսչությունը առնչություն չունի թանգարանի հետ:

Մինչ հայաստանյան գերատեսչությունները հրաժարվում են տեղից շարժվել, իսկ բարերարներն էլ օգուտ չեն տեսնում այս դեպքում բարեգութ լինելուց, առաջարկներ են ներկայացնում արտասահմանյան կառույցները. «Չեխերը, գերմանացիները, լեհերը պայմանագրեր  են ուզում կնքել մեզ հետ, բայց պայմաններ են դնում: Ասում են` կօգնենք, բայց գիտական կոլեկցիայի հանդեպ ունեցած իրավունքները պետք է հավասար լինեն: Մենք դրան գնալ չենք կարող, ազգային էնդեմիկ տեսակները տա՞նք դրամի դիմաց»:

Թանգարանում ցուցադրված  բազմաթիվ հետաքրքիր կենդանատեսակներից են մինչեւ 28 կիլոգրամանոց Իշխան ձուկը, ընծառյուծը, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը եւ այլն: Հարցին, թե հիմա որ կենդանիների նմուշներն այլեւս չկան, տնօրենը չի պատասխանում. «Չեմ ուզում ասել կորսված նմուշների անունները, հույս ունեմ, որ եթե կարողանանք գտնել համապատասխան մարմիններին, գուցե վերականգնենք: Հույսը վերջինն է մահանում»:

Տեսանյութն` այստեղ:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ