Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ կառավարության` 2019-ի առաջին նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ լուրերի թողարկումից իմացել է, որ կովկասյան հովազն «արձագանքել» է տարին իր անվամբ կոչելուն և տեսախցիկ-թակարդի մեջ է ընկել:
Փաշինյանը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց կովկասյան հովազի վերարտադրության և զարգացման նոր ծրագրի մասին:
Գրիգորյանը նշեց, որ եկող չորեքշաբթի նախատեսում են Արաբական Միացյալ Էմիրությունների բնապահպանության և կլիմայի նախարարության հետ հուշագիր ստորագրել կենդանիների բազմացման մասին: Նրա խոսքով` ԱՄԷ-ն մեծ ծրագրեր է իրականացրել որոշ` վերացման եզրին գտնվող կենդանիների վերարտադրության համար: Գրիգորյանի խոսքով` բացի այդ` Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում պետք է բավարար պայմաններ ստեղծվեն, օրինակ, սոցիալ-տնտեսական առումով, որպեսզի նախ մարդիկ լրացուցիչ ճնշման չենթարկեն կենդանուն:
Փաշինյանը հետաքրքրվեց` կենդանու ճիշտ անունը ո՞րն է` կովկասյան հովա՞զ, թե՞ կովկասյան ընձառյուծ, ինչին ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ պատմականորեն կովկասյան հովազ է, սակայն, ըստ միջազգային դասակարգման, և՛ կովկասյան ընձառյուծ, և՛ պարսկական ընձառյուծ:
«Հայկական չկա՞»,- ծիծաղով հարցրեց Փաշինյանը: Գրիգորյանը պատասխանեց, թե կա հայկական մուֆլոն:
Գրիգորյանը նշեց, որ, հանդիսանալով սննդային շղթայի գագաթը, ընձառյուծի ներկայությունը ենթադրում է, որ բավարար էկոհամակարգ կա ձևավորված` և' բեզոարյան այծերի, և' մուֆլոնի: Նրա խոսքով` կովկասյան ընձառյուծը Եվրոպայի վերջին խոշոր կատվազգին է: «Կովկասյան ընձառյուծ կա միայն հարևան Իրանում: Ռուսաստանում փորձում են վերականգնել, իսկ Եվրոպայում ընդհանրապես չկա: Ըստ էության` կովկոսյան ընձառյուծի պահպանման ծրագիրը համաեվրոպական գործառույթ է: Նախատեսում ենք, որ մասնավոր սեկտորը նույնպես պետք է ներգրավվի այս գործընթացում»,- ասաց Գրիգորյանը:
Փաշինյանն էլ նշեց, որ առաջին հերթին պետք է ընդհանրապես բացառել ապօրինի որսը: