կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 10:56
Հասարակություն

Սենատոր Մենենդեզը Ցեղասպանության վերաբերյալ հարցեր է ուղղել Հեֆերնին (տեսանյութ)

Սենատոր Մենենդեզը Ցեղասպանության վերաբերյալ հարցեր է ուղղել Հեֆերնին (տեսանյութ)

Երեկ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկումներ անցկացրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությունը հաստատելու կապակցությամբ:  Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզն անդրադարձել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին չորակելու խնդրին։ Նա հարցրել է դեսպանի թեկնածուին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայոց ցեղասպանության թեմային եւ արդյո՞ք համարում է, որ ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է:

Ջոն Հեֆերնը ոչ մի կոնկրետ, հստակ պատասխան չի տվել: Նա նշել է, որ 1915 թ. տեղի է ունեցել «1,5 մլն հայերի զանգվածային սպանություն», սակայն խուսափել է «ցեղասպանություն» բառն արտասանել: Նա ընդգծել է, որ այդ իրադարձությունների բնութագրումը քաղաքական է, որն ամեն տարի արտահայտվում է ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ուղերձում։

«Այն, ինչ մենք անում ենք, անկատար պար է»,- Հեֆերնի հայտարարությանն ի պատասխան` ասել է Մենենդեզը և հավելել, որ ԱՄՆ-ը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը նման գործողությունները բնութագրում է որպես ցեղասպանություն:

«Սակայն մենք կամք չունենք դա ցեղասպանություն անվանելու»,- հայտարարել է Մենենդեզը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, դժվար է դիվանագետներ ուղարկել մի երկիր, որտեղ նրանք այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, սակայն խուսափում են արտասանել «ցեղասպանություն» բառը։