Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարդացի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ՔԿՀ-ից ուղարկված հայտարարությունը։ Քանի որ նա գտնվում էր անազատության մեջ, թերևս այնքան էլ ճիշտ չէր, նրան հարցեր ուղղել, որի մասին վաղուց էի մտածում։ Նրան խնայեցի նաև, երբ նա այցելեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձանաժողով։ Սակայն, այժմ արդեն, որոշեցի մի քանի հարցեր ուղղել Դավիթ Տոնոյանին։
1․Պարոն Տոնոյան, երբ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ և դրանից հետո, հեղափոխականները անվանարկում, ծաղրում, հայհոյում էին, իրենց խոսքերով՝ «նախկիններին», այն է՝ Ձեր նախկին գործընկերներին։ Դուք անձամբ, ինչպե՞ս էիք Ձեզ զգում և Դուք ինքներդ Ձեզ համարու՞մ էիք նախկին։ Եթե ոչ, ապա․․․
2․ Պարոն Տոնոյան, Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, առ այն, որ այդ հանձնաժողովի կոչվածի և նրա նախագահի նպատակը, 44-օրյա պատերազմի պարտության մեղավոր ՀՀ զինված ուժերին ճանաչելն է։ Մեղավոր ճանաչելով զինված ուժերին՝ բնականաբար մեղավոր են բանակի հրամանատարությունը, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ մինչ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից առաջ՝ նախկինները։ Այն որ, հանձնաժողովի նախագահը տարածում է բամբասանքներ և զրպարտություններ, նույնպես համաձայն եմ, բայց արդյոք, Դուք այդ մասին նո՞ր եք իմանում։ Իսկ, երբ այդ նույն անձնավորությունը գլխավորում էր նույնանման, բայց 4-օրյա պատերազմին վերաբերվող հանձանաժողովը, չնկատեցի՞ք, որ նույն բամբասանքի և զրպարտության ոճով էր նա շարժվում։ Թե՞, այն ժամանակ, Դուք անվերապահորեն հավատում էիք, ինչպես վարչապետ կոչեցյալին, այնպես էլ նրա կողմից նշանակված հանձնաժողովի նախագահին։ Եթե այո, ապա․․․
3․Պարոն Տոնոյան, որպես պաշտպանության նախարար, արդյոք Ձե՞ր որոշումն է եղել, որ պատերազմի 4-րդ օրը չեղարկվել է զորակոչը և սկսվել է կամավորական ջոկատների կազմավորումը։ Եթե ոչ, ապա հարց է առաջանում, Դուք այդ որոշման հետ համաձայն եղե՞լ եք։ Եթե ոչ, ապա․․․
4․ Հայտնի է, որ մինչև նոյեմբերի 9-ը, Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինը երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Արդյոք, Դուք տեղեկացված եղե՞լ եք այդ մասին։ Եթե այո, ապա Դո՞ւք եք առաջարկել մերժել առաջարկությունները։ Եթե ոչ, ապա․․․
5․ Ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում, ժողովրդին իր ստերով մոլորեցնում էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա Ձեր հրահանգով էր գործու՞մ։ Եթե ոչ, ապա․․․
6․Պարոն Տոնոյան, երբ Դուք զգացիք, որ պատերազմը տանուլ ենք տալիս, ի՞նչ քայլերի կարելի էր գնալ, որ Դուք չհամարձակվեցիք անել։ Եթե հնարավոր էր և չհամարձակվեցիք անել, ապա․․․
6․ Վերոնշյալ հարցերին պատասխանելուց հետո, գալիս է գլխավոր հարցը․ Պարոն Տոնոյան, եթե պարտության մեղավորը զինված ուժերը չեն եղել, ապա ինչո՞ւ չեք մատնանշում հիմնական մեղավորին։ Արդյոք, դեռևս հավատո՞ւմ, խնայո՞ւմ եք նրան, թե՞ վախենում եք նրանից։ Եթե այո, ապա․․․
7․ Եվ վերջապես վերջին հարցը։ Պարոն Տոնոյան, Ձեր հայտարարությամբ, դիմել եք գլխավոր դատախազուհուն։ Այսինքն, Դուք հավատում եք, որ նա գործում է անկախ և անաչա՞ռ։ Արդյո՞ք, Ձեր պաշտոնավարման ժամանակ գլխավոր դատախազը գործում էր օրենքով և պատվերներ չէր կատարում։ Թե՞ Դուք զբաղված էիք զինված ուժերով և չէիք նկատում Ձեր նախկին գործընկերների նկատմամբ սարքված քրեական գործերն ու հալածանքները։ Եթե այո, ապա․․․
Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ։
Ավետիք Իշխանյան