Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 8-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իլհամ Ալիեւին է փոխանցել Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանի նախագահը կուսումնասիրի եւ կարձագանքի դրան: Նույն օրը քաղաքագիտական ուսումնասիրությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն ասել է, որ հունիսի 26-ին անցկացված զորահանդեսը վկայում է, որ «Ադրբեջանը պատերազմի մոդելներ է որոնում»:
Զուտ տրամաբանությամբ` պատերազմը պատերազմ է, մոդելավորելս ո՞րն է: Բայց պարզվում է, որ «գերզարգացող» Ադրբեջանում մտադրվել են «մոդելավորել պատերազմը»: Եվ, ըստ երեւույթին, զինվորականներին հավասար` այդ հարցում իր «տաղանդն է դրսեւորում» նաեւ Մուբարիզ Ահմեդօղլուն:
Բայց, ինչպես միշտ, նա միայն ակնհայտ հիմարություններ է խոսել: Այսպես, ըստ Ահմեդօղլուի, «300 կլիոմետր հեռահարության հրթիռների ցուցադրումն ապացուցում է, որ Ադրբեջանն «օկուպացված տարածքներին» (չակերտները մերն են)կարող է հարվածել Բարդայից եւ Եվլախից»:
Ինչպես հայտնի է, Բաքվի զորահանդեսում ցուցադրվել է ՀՕՊ-300 համակարգ, որը նախատեսված է խոցել ոչ թե ցամաքային, այլ` օդային թիրախներ: Դա զենք է, որը կիրառվում է երկրի օդային տարածքը հակառակորդից պաշտպանելու համար: Պատերազմի «մոդելավորման մասնագետ» Ահմեդօղլուն, մինչդեռ, կարծում է, որ ռուսաստանյան արտադրության այդ զինատեսակով կարելի է «հարվածել օկուպացված տարածքներին»:
Նա կարծում է, որ եթե Ադրբեջանը «Եվլախից այդ հրթիռներով հարվածի օկուպացված Լաչինին, ապա միջազգային հանրությունը նրան չի կարող մեղադրել»: Միջազգային հանրությանը հանգիստ թողնենք եւ հարցնենք. «Իսկ ի՞նչ կտա նման քայլն Ադրբեջանին զուտ ռազմական տեսակետից»: Տառացիորեն` ոչինչ, բացի համարժեք հակահարվածից, որի դեպքում նույն Բարդան կամ Եվլախը կդառնան թիրախ` այստեղից բխող բոլոր հետեւանքներով:
Այստեղ միակ ուշագրավն այն է, որ Ահմեդօղլուն նման հիմարություններ ասել է այն ժամերին, երբ ՌԴ արտգործնախարարը դեռեւս գտնվում էր Բաքվում: Կարելի է թերեւս եզրակացնել, թե ՌԴ նախագահի` Իլհամ Ալիեւին հասցեագրած ուղերձն ինչ շեշտադրումներ ունի, եթե հիմնականում իշխանություններից հրահանգվող Մուբարիզ Ահմեդօղլուն շարունակում է օրակարգային տեսնել պատերազմով հարց լուծելու` Ադրբեջանի «իրավունքի» չարչրկված թեման: Ըստ երեւույթին` դա էլ հենց Սերգեյ Լավրովին Իլհամ Ալիեւից տրվելիք պատասխանի «մոդելավորումն» է: