կարևոր
4069 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-07 13:34
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձի և թուրք ժխտողների հռետորաբանության նմանությունները․ Մարի Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձի և թուրք ժխտողների հռետորաբանության նմանությունները․ Մարի Հովհաննիսյան

Հայոց ցեղասպանության ժխտումը մշտապես եղել է Թուրքիայի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության հիմնական բաղկացուցիչներից մեկը։ Թուրքիայի բոլոր ժամանակների իշխանությունները՝ սկսած դեռևս Աբդուլ Համիդ Երկրորդից, ջանք ու եռանդ չեն խնայել սեփական քաղաքացիների շրջանում հայերի նկատմամբ ատելություն սերմանելու, կատարված կամ ծրագրվող բռնությունները որպես հայերից եկող սպառնալիքները ոչնչացնելու անհրաժեշտ միջոցառումներ բնութագրելու, երբեմն նաև իրենք իրենց զոհ ներկայացնելու համար։ Տարբեր երանգավորումներով, բայց հիմնականում նույն մտադրությամբ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է վարել նաև արտաքին աշխարհի հետ։ Հայերը ներկայացվել են որպես թուրքական պետականությանը սպառնացող տարր, անջատողականներ, այլ երկրի շահերը սպասարկող դավաճաններ։

Թուրքիայի պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած գիտակ մարդ կփաստի, որ Թուրքիան միշտ է ժխտել Հայոց ցեղասպանությունը, իսկ այն խորապես ուսումնասիրող մասնագետները բազմիցս խոսել են Թուրքիայի բացահայտ և ծպտյալ ժխտողականության մասին։ Ոլորտի շատ մասնագետների գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանությունը, լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, նախադեպային էր ոչ միայն իրագործման յուրահատկությամբ, հմտությամբ և դաժանությամբ, այլև պատասխանատուների կողմից այն ժխտելու արհեստավարժությամբ, շարունակականությամբ և ծավալային ու բովանդակային ընդգրկողունակությամբ։ Թուրքական ժխտողական քաղաքականությունը շարունակականությամբ և տարածվածությամբ ժամանակի ընթացքում դարձել է անպատժելիության խորհրդանիշ և օրինակ այլոց համար: Պատմաբան, սոցիոլոգ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և առաջին տնօրեն Հելեն Ֆայնի կարծիքով Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործության իրագործման, այլև անպատժելիության օրինակ է եղել։ Հայոց ցեղասպանության ժխտումը ձևով ու կիրառելիությամբ հաճախ օրինակ է ծառայել հաջորդող այլ ցեղասպանությունների կազմակերպիչների համար̀ ժխտողական քաղաքականություն մշակելու և իրականացնելու առումով։ Հայտնի ցեղասպանագետ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և ցեղասպանությունների ժխտման ուսումնասիրությամբ զբաղվող առաջամարտիկներից երջանկահիշատակ Ռոջեր Սմիթի գնահատմամբ ցեղասպանության ժխտման պատմության մեջ ամենաամոթալի և ամբողջական օրինակը Հայոց ցեղասպանության ժխտումն է։

Հայոց ցեղասպանության ժխտումն աննախադեպ է ոչ միայն Թուրքիայի բոլոր ժամանակների իշխանությունների մշակած և հաջողությամբ կիրառած թեզերի և մեխանիզմների առումով։ Երբ ցեղասպանությունը ժխտում է այն իրագործած պետությունը, մարդկանց խումբը կամ դրանց իրավահաջորդ իշխանությունները, թեև անընդունելի, բայց ինչ-որ առումով հասկանալի է։ Ոճրագործը չի ուզում իր մեղքն ընդունել, քանզի ակնհայտ է, որ մեղքն ընդունելուց հետո գալու է նաև պատասխանատվության անխուսափելիությունը։ Բայց երբ արխիվային փաստաթղթերով ապացուցված և իր ժամանակին երրորդ կողմ հանդիսացող երկրների դիվանագիտական զեկույցներում արձանագրված ոճրագործությունը ժխտվում է ցեղասպանության զոհ դարձած ազգի պետության ղեկավարի կողմից, այն ոչ միայն անընդունելի է, այլև անհասկանալի, անըմբռնելի, աներևակայելի։

Հայոց ցեղասպանության իրագործումից ի վեր չի եղել որևէ հայ, ով բացահայտ կամ քողարկված ձևով կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանության իրողությունը։ Երբ Հայոց ցեղասպանությունը ժխտում են ազգությամբ ոչ թուրքեր, ոլորտի մասնագետները անմիջապես փորձում են որևէ կապ գտնել ժխտողի և Թուրքիայի իշխանությունների, հատուկ կազմակերպությունների կամ պարզապես թուրք անհատների հետ, քանզի որևէ ողջամիտ ու արդարադատ մարդ, ով կուսումնասիրի Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային փաստաթղթերը, ժամանակի դիվանագետների զեկույցները, և չի ունենա որևէ անձնական կամ ազգային շահ կամ վախ, պարզապես չի ժխտի Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունից հետո, և հատկապես 1965 թվականից՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցից ի վեր, երբ աշխարհասփյուռ հայկական համայնքներում, առաջին անգամ նաև Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման զանգվածային միջոցառումներ, ակտիվացան նաև թուրքական շրջանակները, փորձեցին ժխտողական իրենց քաղաքականության մեջ ներգրավել նաև օտարազգիների̀ իրենց «փաստարկներն» արժանահավատ դարձնելու նպատակով։ Օտարազգիների շուրթերով Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունն իրագործելու համար թուրքական իշխանություններն ահռելի ֆինանսական և մարդկային ռեսուրս ներդրեցին։ Թուրքիայի ֆինանսավորմամբ աշխարհի տարբեր երկրներում բացվեցին կենտրոններ, որոնց նպատակն էր ստեղծել թուրքական թեզերը շրջանառող օտարալեզու գրականություն և, ինչն ամենակարևորն էր՝ այդ ամենը իրականացնել օտարների ձեռքով :

Հայոց ցեղասպանության ժխտումն իր ծավալներով ու կիրառման մեթոդներով անգերազանցելի էր և աննախադեպ։ Սակայն մինչև 2024 թվականի ապրիլը այն բացահայտ կամ քողարկված ժխտվել է գլխավորապես թուրքերի կամ նրանց հետ որևէ կերպ շաղկապված անձանց կողմից։ Ցավալի է, բայց փաստ, որ 2024 թվականին Հայոց ցեղասպանությունը քողարկված ձևով ժխտվեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս իմաստով ևս Հայոց ցեղասպանության ժխտումը դարձավ աննախադեպ, քանզի ցեղասպանությունների պատմության մեջ չի եղել գեթ մի երկիր, մարդկանց մի խումբ, մի որևէ կազմակերպություն կամ անհատ, որ լինի ցեղասպանված ազգի ներկայացուցիչ, այն էլ բարձրաստիճան պաշտոնյա, այն էլ երկրի ղեկավար և թեկուզ անուղղակի ու քողարկված ձևով, բայց ժխտի վաղուց արդեն փաստագրված ոճրագործությունը։

2024 թվականի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կրկնում է թուրքական ժխտողական թեզերից մի քանիսը։ Եթե Փաշինյանի ուղերձը պայմանական ձևով բաժանենք երեք մասի՝ մուտք կամ նախաբան, բովանդակություն և վերջաբան, ապա մուտքի խոսքից անմիջապես հետո, բովանդակային մասի հենց առաջին պարբերությամբ, առաջ է քաշվում թուրք ժխտողների այն թեզերից մեկը, համաձայն որի հայ ժողովուրդը ինքն է մեղավոր, որ իրեն ցեղասպանել են։ Փաշինյանն ասում է,- «Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից, հայ քաղաքական էլիտան ապավինեցին այլ ուժերի»։

Մինչ Նիկոլ Փաշինյանի այս ուղերձը, այսօրինակ հայտարարություններ, մեղադրանքներ հնչեցրել են միայն ու միայն թուրք ժխտողները։ Ահավասիկ, այս թեզի ակունքները պետք է փնտրել Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման ժամանակաշրջանում հայերի դեմ իրագործված բռնությունների ժխտման համար հորինված հերյուրանքներում։ 1894-96 թթ․ Գյումուշհանե, Էրզրում (Կարին), Բիթլիս (Բաղեշ) և Վան նահանգներում հայերի դեմ իրականացված կոտորածները հետաքննող հանձնաժողովի նախագահ նշանակված Սադեդդին փաշան հայերին ուղղված իր խոսքում ասում է հետևյալը․ «Դուք սխալ ուղով եք գնում՝ ձեզ սպասող մահվան վտանգով: Այստեղ (ես՝ որպես Օսմանյան պետության ներկայացուցիչ), տե-ղեկացնում եմ ձեզ: Հրաժարվեք, մի՛ շեղվեք այն ուղուց, որին հետևել եք վերջին չորս դարերի ընթացքում. հրաժեշտ մի՛ տվեք հավատարմությանը: Դուք կզղջաք դրա համար: Եվ փաստից հե-տո զղջումներն անօգուտ են: Այն, ինչ դուք ցանկանում եք և հույս ունեք [ստանալ], [հաջողության] [ամենաչնչին] հնարավորութ-յուն չունի, որովհետև այն չի համապատասխանում եվրոպական քաղաքական հավասարակշռությանը: Նրանց մեծամասնությու-նը, ում հետ դուք նույն ռասայից եք, մեր երկրում չէ, այլ բնակ-վում է Իրանում կամ Ռուսաստանում: Այս [փաստը] հաշվի ա-ռեք: Մի՛ ներքաշվեք հապճեպ գործողությունների մեջ: Եթե դուք այդպես անեք, մենակ կմնաք քրդերի հետ․․․» :

Եթե վերոբերյալ երկու հայտարարությունները զուգադրենք և չբացահայտնեք դրանց հեղինակներին, ապա բովանդակային շարունակականությունն ու փոխլրացումը պարզապես ակներև է։ Այն է՝ եղավ քաղաքական կողմնորոշման առումով «զգուշացում և սին հույսերից հրաժարվելու սթափության կոչ» (թուրք պաշտոնյա Սադեդդին փաշայի կողմից), որին ականջալուր չլինելու հետևանքով հայերը «դարձան սին խոստումների զոհ» (ՀՀ ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյան)։ Ավելին, այս թեզը լայնորեն կիրառվել է բոլոր ժամանակներում։ Թուրք քաղաքական գործիչ Քամուրան Գյուրունը իր՝ «Հայկական թղթապանակ․ անմեղության առասպելը բացահայտվել է» գրքում գրում է հետևյալը․ «Հայերը ստիպված էին գաղթել, քանի որ համալրել էին թշնամու շարքերը․․․»։ Այն «արդիական» է նաև այսօրվա Թուրքիայում։ 2019 թվականին Թուրքիայի նախագահի տեղեկատվության վարչությունը անգլալեզու կայք է ստեղծել, որի՝ «1915 թվականի իրադարձությունները» բաժնում գրված է հետևյալը․ «19-րդ դարի 2-րդ կեսից հայկական մի շարք ազդեցիկ կազմակերպություններ աջակցություն էին ցուցաբերում Ցարական Ռուսաստանին, որի նպատակը Օսմանյան կայսրության բաժանումն էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայկական ռադիկալ խմբերն առանց վարանելու միացան ռուսական բանակին՝ էթնիկ միասեռ Հայաստան ստեղծելու համար»։

Թուրքական այս թեզի փաստազուրկ ու անհեթեթ լինելուն մանրամասն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ռահվիրա երջակահիշատակ Վահագն Դադրյանն իր՝ «Հայոց ցեղասպանության թուրքական ժխտման հիմնական տարրերը. խեղաթյուրման և կեղծման դեպքի ուսումնասիրություն» գրքում՝ հիշեցնելով, որ «հայկական խոշոր քաղաքական կուսակցությունը՝ Դաշնակցությունը, դեռևս 1914 թվականի օգոստոսին հրապարակայնորեն հայտարարել էր օսմանյան պետությանն իր հավատարմության մասին և, որպես այդ պետության քաղաքացիներ երդվել՝ պայքարել երկրի պաշտպանության համար, եթե կառավարությունը, հակառակ բոլոր խորհուրդների, որոշի միջամտել պատերազմին»։

Թուրքիայի ազգային և պետական շահերը ներկայացնող անձինք, վստահաբար, ունեն իրենց համար հիմնավոր պատճառներ արխիվային փաստաթղթերով բացահայտվածը չընդունելու, իրենց կեղծ թեզերը առիթ-անառիթ շրջանառության մեջ դնելու համար։ Սակայն, որո՞նք են հայ պաշտոնյայի, այն էլ երկրի առաջին դեմքը համարվող անձի պատճառները թուրքական այս սին թեզն առաջ մղելու համար։
Ցավալիորեն, վերոբերյալը միակ մտահոգիչ հատվածը չէ Փաշինյանի ուղերձում։ Հաջորդիվ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մեղադրում է ցեղասպանություն վերապրած հայությանը հոգեցնցման մեջ։ Ուղերձում բառացիորեն ասվում է հետևյալը․

«Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ»:

Սա ևս թուրքական ժխտողական քաղաքականության մի մաս է։ Ըստ տեսաբան Սթենլի Կոհենի՝ գոյություն ունի ժխտման երեք հիմնական դրույթ․ բառացի, մեկնական և առնչակից-եզրակացության հանգող։

Բառացի ժխտումն այն «պնդումն է կամ դրույթը, որ ոչինչ չի եղել կամ այն, ինչ ասում եք, ճիշտ չէ»: Ըստ Կոհենի` ժխտման այս տե-սակը միտված է ժխտելու իրողությունը կամ իրողության իրազեկութ-յունը: Հայտարարություններն, ինչպիսիք են` «այստեղ ոչինչ չի պատա-հել, ոչ մի կոտորած չի եղել, նրանք բոլորը ստում են, մենք ոչինչ չենք նկատել, դա չէր կարող տեղի ունենալ առանց մեր իմացության», բառա-ցի ժխտողականության ցանկից են: Բառացի ժխտումը լայնորեն կի-րառվել է համիդյան ժամանակաշրջանից, այնուհետ կիրառվել է երիտ-թուրք առաջնորդների կողմից և շարունակվել տասնամյակներ:

Կոհենի տեսության համաձայն` մեկնական ժխտողականությունը չի հերքում «հում փաստերը»` այն, որ ինչ-որ բան տեղի է ունեցել: Խուսափելով իրադարձությունները կոչել իրենց անուններով` մեկնական ժխտողականություն կիրառողները հայտարարում են. «Սա բնակչության փոխանակում էր, այլ ոչ թե էթնիկ զտում», «Այն, ինչ տեղի ունեցավ, այն չէ, ինչ դո´ւք եք կարծում, այն չէ, ինչ թվում է, այն չէ, ինչ դո´ւք եք այն անվանում» : Թուրքական ժխտողական մշակույթում մեկնական ժխտման օրինակները շատ են. «Դա քաղաքացիական պայքար էր», «Դա ցեղասպանություն չէր, այլ՝ վերաբնակեցում», «Ցեղասպանության մասին օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ» և այլն:

Հաջորդ տեսակը՝ առնչակից-եզրակացության հանգող ժխտումը, որպես Սթենլի Կոհենի կողմից հորինված նոր եզրույթ, ներառում է մի քանի գաղափարներ։ Դրանցից մեկը վերաբերում է մյուսների տառա-պանքների հանդեպ մարդկային անտարբերությանը, անցյալն անցյա-լին թողնելու մոռացության կոչերը։ Հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, խոսելով Հայոց ցեղասպանության՝ թուրքական ժխտման մասին, նշում է, որ որոշ թուրքերը փորձում են ոչ թե ժխտել իրականությունը, այլ քիչ կարևորություն տալ տեղի ունեցածին՝ կոչ անելով նայել ապագային, քանզի ատելությունը ավելի մեծ արհավիրքների կհանգեցնի ։

Քննելով Փաշինյանի ուղերձի այս հատվածը հայտնի ցեղասպանագետների՝ ժխտման տեսակների մեկնությամբ, ակներև է դառնում, որ ասվածը ոչ այլ ինչ է, քան ժխտում, քանզի Փաշինյանը նորանոր ցնցումների պատճառ է համարում ոչ թե թշնամի երկրների հայակուլ քաղաքականությունը, այլ այն, որ հայությունը ի զորու չի եղել հաղթահարելու Ցեղասպանության պատճառած հոգեցնցումը և աշխարհին այդ դիտանկյունից նայելու հետևանքով իր գլխին նոր արհավիրքներ բերելու պատճառ է դարձել։

Փաշինյանն իր ուղերձի բովանդակային հատվածի վերջնամասը եզրափակում է հայությանն ուղղված անհասկանալի կոչով՝ այլևս երբեք։

«Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու» :
Ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող մարդիկ քաջատեղյակ են, որ այս արտահայտությունը երևան եկավ Հոլոքոստից հետո, որն ուղղված է արտաքին աշխարհին և նշանակում է, որ մարդկությունն այլևս երբեք չպետք է թույլ տա այդօրինակ ոճրագործությունների կրկնություն։ Ի՞նչ է ակնարկում Փաշինյանը հայությանն ուղղված այս կոչով, թերևս միայն իրեն կամ իր ուղերձը գրած կամ խմբագրած անձին կամ անձանց է հայտնի։ Ի՞նչ պետք է անի կամ չանի հայությունը. «ինքնիշխան որոշումների և ընկալումների տիրույթում», որ այլևս ցեղասպանվելու «դատավճռին» չարժանանա։

Փաշինյանի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին անդրադարձան թե՛ ցեղասպանությունների և մարդու իրավունքների ուսումնասիրություններով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններ, թե՛ առանձին պատմաբաններ և ցեղասպանագետներ ։ Բոլոր հրապարակումներում և ելույթներում ՀՀ վարչապետը մեղադրվում է Հայոց ցեղասպանության քողարկված ժխտման մեջ։
Փաշինյանի ուղերձին բավականին հանգամանալից և դիպուկ անդրադարձավ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը։ Ինստիտուտի հայտարարության մեջ ասվում է հետևյալը․ «Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, թե մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով»։

Նույն կարծիքն արտահայտեց նաև ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը իր՝ TV 5 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում՝ նշելով, որ սա աննախադեպ երևույթ էր, քանզի եթե նախկինում եղել են մեղադրանքներ որևէ պաշտոնյայի ուղերձի վերաբերյալ, ապա դրանցում խոսվել է ոչ ուժեղ շեշտադրումներ անելու մասին, բայց ոչ երբեք քողարկված ժխտողական հայտարարություն անելու համար : Պատմաբանը նշեց, որ ցանկացած իրադարձություն պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ դինամիկան, այսինքն՝ որևէ երևույթի զարգացման ընթացքը, և կոնտեքստը, այսինքն՝ այն, թե ինչ համատեքստում է դա արվել։ Խոսելով Փաշինյանի՝ 2019 թվականից ի վեր արված ապրիլքսանչորսյան ուղերձների մասին՝ Մանուկյանը նշեց, որ տարեցտարի այդ հռետորաբանությունը թուլանում է։ Մանուկյանի դիտարկմամբ ևս՝ Փաշինայնի ուղերձում առկա էր մեղադրանք հայ քաղաքական էլիտային խոհեմ չլինելու և աշխարհի դրվածքը չհասկանալու մեջ․

«…և մեր քայլերով մտանք աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որի հետևանքով տեղի ունեցավ ցեղասպանություն»: Մանուկյանի գնահատմամբ՝ սա անընդունելի է, քանի որ․ «․․․ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ, և զոհը երբեք չի կարող մեղադրվել դրանում, ինչ էլ զոհն արած լինի։ Եթե նույնիսկ մենք ապստամբած լինեինք, որը չի եղել, և ցավոք սրտի չի եղել։ Ես որպես պատմաբան կնախընտրեի, որ գոնե ապստամբած լինեինք, մենք գուցե ավելի շատ մարդկանց կարողացած լինեինք փրկել․․․»։

Փաշինյանի այս տարվա ուղերձում չկային նաև Ցեղասպանության պատասխանատուներ։ Այնինչ ցեղասպանությունը մարդածին հանցագործություն է, որի համար կան հստակ պատասխանատուներ, և այս հարցը շրջանցելը ևս քողարկված ժխտողական քաղաքականության մաս է կազմում։

Մարի Հովհաննիսյան

«Դրօշակ» թիվ 7, 2024թ.