կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-20 15:47
Քաղաքական

«Իմ քայլը» խմբակցությունն անընդունելի է համարում վարչապետի ուղերձի տեսագրության արտահոսքը

«Իմ քայլը» խմբակցությունն անընդունելի է համարում վարչապետի ուղերձի տեսագրության արտահոսքը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը անընդունելի է համարում վարչապետի ուղերձից առաջ նկարահանված կադրերի արտահոսքը։ Այս մասին խորհրդարանում հրավիրված ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության համար տեղի ունեցածն անընդունելի է, և ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ։ Մեզ համար սա տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի հետ կապված, կրելու են պատասխանատվություն։ Եթե կարճ ժամանակում դա տեղի չունենա, մենք պատրաստվում ենք խմբակցություն հրավիրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին` պահանջելու, որ նման դեպքեր այլևս տեղի չունենան»,- ասաց Մակունցը։

Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսային ուղերձին նախորդած կադրերը հայտնվել են համացանցում։ Ուղիղ եթերն ապահովող Հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ ուղերձը հեռարձակելու համար բաց կապուղի է տրամադրել մի քանի լրատվամիջոցների։