կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 10:50
Առանց Կատեգորիա

Ինչու է Մոսկվան ղարաբաղյան տենդի մեջ ընկել

Ինչու է Մոսկվան ղարաբաղյան տենդի մեջ ընկել

Չնայած կանխատեսումներին` ԼՂ հարցում Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների գագաթաժողովից հետո հայկական և ադրբեջանական կողմերը սուր քարոզչական առճակատման մեջ չմտան: Այս հանգամանքն առավել քան տարօրինակ է, եթե նկատի առնենք միջազգային հանրության և միջնորդ երկրների կողմից Երևանի և Բաքվի նկատմամբ գործադրված աննախադեպ քաղաքական ճնշումները և այդ ծանրության տակից դուրս գալու խնդիրը:

Անգամ այն դեպքում, երբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանին փաստացի մեղադրեց Կազանի հանդիպումը ձախողելու մեջ, պաշտոնական Բաքուն համարժեք կերպով դրան չարձագանքեց: Ավելին, տարօրինակ կերպով այս հանդիպումից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման լուրջ դեպքեր չարձանագրվեցին, ինչը մշտապես հետևել է նմանատիպ նախորդ բոլոր հանդիպումներին:

Արտաքին այս անսովոր նշանների համընկնումը զուտ պատահական զուգադիպություն չի կարող լինել: Ակնհայտ է, որ Կազանից հետո բանակցող կողմերը մտել են սպասողական շրջափուլ, որտեղ իրական սպասելիքներն արդեն ոչ թե իրենցից են, այլ միջնորդներից: Թվում է, թե կողմերը սպառել են ինքնակամ առաջ շարժվելու ռեսուրսը, սակայն, մյուս կողմից էլ` չեն ցանկանում իրենց ուսերին վերցնել ետ վերադառնալու պատասխանատվությունը:

Այս սպասողականության ֆոնին ընդգծվում է Ռուսաստանի աննախադեպ շտապողականությունն ու նյարդայնությունը` հակամարտության կարգավորման գործընթացում անպայման առարկայական արդյունք արձանագրելու հարցում: Ոչ պաշտոնական խողովակներով Մոսկվան իր խորը հիասթափությունն է հայտնում Կազանում առաջընթաց չարձանագրելու համար: Հետո հայտարարվեց, թե ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին փաստացի վերջնագիր է ներկայացրել` պատրաստակամություն հայտնելով հաջորդ եռակողմ հանդիպումը կազմակերպել բացառապես այն դեպքում, երբ կողմերը կերաշխավորեն, որ ստորագրելու են շրջանակային փաստաթուղթը:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ Լավրովը ժամանում է Երևան և Բաքու` իր հետ բերելով ոչ ավելի, ոչ պակաս, Մեդվեդևի առաջարկությունները դեռևս չհամաձայնեցված սկզբունքների հետ կապված: Մինչ այդ, սակայն, Լավրովը Մոսկվայում ընդունել էր Հայաստանի իր գործընկերոջը, որին պետք է հետևեր նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Ռուսաստան:

Մոսկվայի նման տենդագին վերաբերմունքն առաջին հերթին պայմանավորված է Կազանի անպտուղ հանդիպման նկատմամբ Արևմուտքի դրսևորած վերաբերմունքով: Մինչ Վաշինգտոնն իր հերթին հիասթափություն էր հայտնում բանակցություններում ակնկալվող բեկումը չարձանագրվելու կապակցությամբ, Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարեց, թե սա վերջը չէ, և կողմերին նոր առաջարկություններ են արվելու:

Իսկ ընդամենը երկու օր առաջ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հայտարարեց, թե կողմերը պետք է բազմապատկեն իրենց ջանքերը` մինչև այս տարեվերջ լուծում գտնելու համար: «Ես համոզված եմ, որ Եվրամիությունը նաեւ պետք է էական պատասխանատվություն ստանձնի ձեռք բերված հանաձայնությունը կյանքի կոչելու հարցում, երբ գա այդ ժամանակը»,- ավելացրել է Էշթոնը` ըստ էության հայտնելով ԵՄ-ի պատրաստակամությունը` ավելի խորը ներգրավվելու հակամարտության կարգավորման գործընթացում:

Մոսկվայի համար առավել մտահոգիչ է Եվրամիության այս շահագրգռությունը: Կազանից հետո իրական մրցավազք է սկսվել Մոսկվայի և Բրյուսելի միջև` միջնորդական առաքելության նախաձեռնությունը վերցնելու ուղղությամբ: Ռուսաստանը չի ցանկանում գործընթացի թելերը բաց թողնել ու վերածվել հանդիսատեսի, ինչպիսի դիրք այս պահին որդեգրել է ԱՄՆ-ը:

Դմիտրի Մեդվեդևի համար, քաղաքականից բացի, անձնական խնդիր է դառնում իր պատասխանատվության տակ գտնվող գործընթացում անպայման հաջողություն արձանագրելու պահանջը, որովհետև հենց այս կետում է որոշվում` որքան է Ռուսաստանի ազդեցության սահմանը Հարավային Կովկասում: Սակայն ռուսական այս ամբիցիաներն արդեն վտանգավոր դրսևորումների են հանգեցնում: Արևմուտքի հետ սկսված մրցավազքը Մոսկվային դրդում է խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս: Պատահական չէ, որ արտգործնախարար Լավրովը Հայաստան և Ադրբեջան է գալիս ոչ թե Մինսկի խմբի, այլ հենց ՌԴ նախագահի առաջարկություններով` նախապես հայտարարելով, թե դրանցից է կախված գործընթացը շարունակելու՝ Մեդվեդևի կայացնելիք որոշումը:

Տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանն անցնում է ուղղակի ճնշումների կամ պարզապես փորձում է ցույց տալ, թե կողմերը իր պարտադրանքով ստիպված գնալու են փաստաթղթի ստորագրմանը: Այդպիսով, Մեդվեդևը կարող է օգնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` նախ ստորագրելու իրենց համար անընդունելի շրջանակային փաստաթուղթը և ապա սեփական հասարակությունների մոտ արդարանալու, թե Մոսկվայի ուժեղ ճնշման ներքո ստիպված էին գնալու այդ քայլին, իսկ Մոսկվան կդառնա երկու երկրներում ներքաղաքական պարտադրված կայունության երաշխավորը, ինչն անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին` պահպանելու իրենց իշխանությունը և զսպելու ներհասարակական ընդվզումները:

Իսկ եթե այդպես է, ապա Կազանում 3 ժամ տևած բանակցություններն այնքան էլ «անպտուղ» չեն եղել, որքան ներկայացվում է:

Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ