Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
168.am-ը գրում է․ Կառավարությունը չի դադարում մեծ տեմպերով ավելացնել պետական պարտքը։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարկային «տենդի» մեջ է։
Երկու ամսում ավելի քան 100 մլն դոլարով կառավարության պարտքն ավելացրել են։
Մի կողմից՝ ասում են, թե բյուջեն փողի խնդիր չունի, մյուս կողմից՝ պարտքեր են վերցնում։ Վերցնելուց էլ գոնե կարողանային ժամանակին ծախսել։
Դա էլ չեն կարողանում անել ու ստիպված հարկատուներից հավաքած գումարների հաշվին, փոխարենը ծրագրեր իրականացնեն, սոցիալական խնդիրներ լուծեն, տուգանքներ են վճարում՝ վարկային միջոցները ժամանակին չիրացնելու, պայմանագրերով նախատեսված ժամանակացույցերը խախտելու համար։
Ներգրաված պարտքերի դիմաց հսկայական տոկոսները քիչ է, տալիս են, մի բան էլ տուգանքներ են վճարում՝ վարկերի նախատեսված, սակայն չիրացված մասի դիմաց։
Չկա տարի, որ վարկային ծրագրերը կարողանան ժամանակին կատարել։
Իրենց վատ աշխատանքի, անկարողության պատճառով պետությանը կրկնակի է տուժում՝ հսկայական տոկոսներ են տալիս, չհաշված տույժերը։
Պետական բյուջեի գումարների 10-11 տոկոսը տալիս են միայն վարկերի տոկոսագումարները փակելու համար։ Տարեկան առնվազն 500-600 մլն դոլար։ Այս տարի ավելի շատ կտան։
Տարին տարվա վրա պարտքերն ավելացնում են, տոկոսներն էլ՝ հետ։ Ընդամենը վեց տարում, մի քանի անգամ ավելի կարճ ժամանակահատվածում, հասցրել են գրեթե կրկնապատկել պարտքը։ Այն ընդհուպ հասել է 12 մլրդ դոլարի։
Երբ եկան, իշխանության պարտքը 6,7 միլիարդ էր։ Ու չնայած այն անհամեմատ քիչ էր, քան հիմա է, Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնում մեղադրելու նախկիններին՝ երկիրը պարտքերի մեջ թաղելու, սերունդների վրա թողնելու, վարկային «լիխարադկայի» մեջ ներքաշելու համար։
«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, ընկել է վարկային տենդի, ոչ թե տեմպի, այլ վարկային տենդի` վարկային լիխարադկայի մեջ, և իրավիճակը հաստատուն կերպով դուրս է գալիս դրա վերահսկողությունից»,- իշխանության գալուց ընդամենը երկու տարի առաջ, Ազգային ժողովի ամբիոնից կուրծք էր ծեծում Նիկոլ Փաշինյանը։
Վեց տարում իրենք գրեթե կրկնապատկել են պետական պարտքերը՝ 6,7 միլիարդից հասցրել են 12 միլիարդի, բայց պարզվում է՝ Հայաստանն այլևս ո՛չ վարկային «տենդի», և ո՛չ էլ վարկային «լիխարադկայի» մեջ է։ Մի բան էլ, արդարացնում են վարկեր վերցնելն ու երկիրը պարտքերի մեջ թաղելը։
Այն, ինչի մեջ ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նախկիններին, իրականում իր իշխանության գալուց հետո է տեղի ունեցել։ Երկիրն իսկապես ներքաշել են վարկային տենդի մեջ։ Տարեկան շուրջ 1 մլրդ դոլարով ավելացրել են պետական պարտքը։ Անընդհատ նոր վարկեր են վերցնում ու պարտքեր ավելացնում՝ նախկինները փակելու համար։
Այս տարվա մարտի սկզբի դրությամբ, պաշտոնական տվյալներով, Հայաստանի պետական պարտքը կազմել է շուրջ 11 մլրդ 943 մլն դոլար։ Դրանից կառավարության բաժինն անցնում է 11,4 միլիարդից։ Տարեսկզբի առաջին երկու ամիսներին այն ավելացել է ևս 108,5 միլիոնով։
Ավելացել է գերազանցապես ներքին պարտքի հաշվին։ Չնայած դա չի նշանակում, որ կառավարությունն արտաքին պարտքեր չի վերցրել։ Վերցրել է ու մարել նախկին պարտքերը։ Մի բան էլ ներքին միջոցներից է մարել։
Ներքին պարտքը, որը գրեթե եռակի թանկ է, ընդհուպ հավասարվել է արտաքին պարտքին։
Վերջին տվյալներով, կառավարության արտաքին պարտքը 5,9 մլրդ դոլար է, ներքինը՝ 5,5 միլիարդ։
Մի քանի տարում ներքին թանկ պարտքի բաժինը շուրջ 4 անգամով ավելացրել են։
Գոնե նախկինները արտաքին պարտքեր էին վերցնում, որոնք ոչ միայն երկարաժամկետ էին, այլև անհամեմատ էժան, սրանք գերադասում են թանկ պարտքեր վերցնել։ Դրա հետևանքով, պարտքի ռազմավարությունը փոխելու անվան տակ, մեծապես ծանրաբեռնել են պարտքի բեռը։
Այն այլևս հասել է 7,1 տոկոսի։ Նախկինում 4-4,5 տոկոսի սահմաններում էր։
Երկու ամսում պարտքի տոկոսադրույքը ևս 0,1 տոկոսային կետով թանկացել է։
Թանկացել է գերազանցապես արտաքին պարտքի թանկացման պատճառով։
Անցած տարվա վերջին արտաքին պարտքի միջին տոկոսադրույքը 3,6 էր, հիմա դարձել է 3,7 տոկոս։ Մինչև իշխանափոխությունը՝ 2,1 տոկոս էր։
Սա նշանակում է, որ նույնիսկ արտաքին էժան պարտքեր չեն կարողացել վերցնել։ Վերցրել են թանկ գումարներ ու այսքան ծանրացրել պարտքի բեռը։
7,1 տոկոսը սարսափելի ծանր բեռ է։ Այն առևտրային վարկերին բնորոշ տոկոսադրույք է, որին հասցրել են կառավարության պարտքի գինը։ Դրա հետևանքը տեսնում ենք պարտքի տոկոսավճարներում, որոնք տարեց տարի հսկայական տեմպերով ավելանում են ու ծանրանում պետական բյուջեի վրա։ Զարմանալի չէ, որ անցած տարի պարտքի տոկոսները գրեթե մեկ երրորդով ավելին էին, քան ընդամենը մեկ տարի առաջ։
Աստիճանաբար խնդրահարույց է դառնում նաև պետական պարտքի ժամկետայնությունը։ Այն ընդհուպ մոտեցել է վտանգավոր սահմանագծին։
Պարտքի ժամկետայնության ուղենիշը 7-10 տարին է։ Այս պահին միջին ժամկետը 7,3 տարի է։
Պարտքային տենդը, որի մեջ երկիրը ներքաշել է այս իշխանությունը, շարունակվում է։ Այն կանգնեցնել այլևս անհնարին է թվում։ Պարտք վերցնելը դարձրել են անընդհատ պրոցես։ Այնքան են ծանրաբեռնել, որ ստիպված են նոր ու ավելի շատ պարտքեր վերցնել, որպեսզի մի կողմից՝ կարողանան փակել նախկինները, մյուս կողմից՝ ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը։
Սա էլ բերում է պարտքի անընդհատ ավելացման։ Այն ձնագնդի նման պտտվում է ու մեծանում։
Իսկական «լիխարադկան», որի մասին ժամանակին ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրելով նախկիններին, հենց սա է։ Դրա հետևանքը կերևա հետագայում, երբ բյուջեն կանգնի ֆինանսական դժվարությունների առաջ։
Նման հեռանկարը կարծես հեռու չէ։