կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-04 16:25
Մշակույթ

Այսօր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է. մեծ դերասանի ծննդյան օրվա առթիվ Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ նրա գերեզմանին այսօր այցելեցին պետական այրեր, արվեստի և հասարակական գործիչներ, Մկրտչյանի արվեստը գնահատողներ:

«Հանճարեղ մի մարդ, որի մասին ինչքան էլ լավ ու դրվատական խոսքեր ասենք` քիչ է: Սիրում եմ իր բոլոր դերերը, մանավանդ` Արսենի դերը` «Նվագախմբի տղաները» ֆիլմում: Ցավոք, այսօր ինչպս հարկն է, նրան չենք մեծարում. կուզեի, որ այս մեկ օրը հեռուստաեթերը ողողված լիներ միայն Ֆրունզեի մասին հաղորդումներով»,- ասաց Գայանե Ավետյանը, ով իր 7-ամյա թոռնիկի հետ եկել էր մեծ դերասանի շիրիմին այցի:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930թ.։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ.-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։ 1953 թ. նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովոր սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։ 1959 թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոյի ու արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք») դերերում։ Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։ Սակայն անսպասելի ու դաժան հիվանդությունը մեր ամենասիրելի արտիստին 1993 թվականին խլեց մեզանից: