կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 14:09
Արցախ

Ո՞վ սեղմեց ձգանը․ այսօր ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Ո՞վ սեղմեց ձգանը․ այսօր ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

1992 թվականի ապրիլի 14-ին Ստեփանակերտի իր տանը սպանվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանը: Մինչ օրս հստակ տվյալներ չկան` ինչպես է դա տեղի ունեցել, սպանությո՞ւն էր, թե՞, ինչպես հետագայում փորձեցին ներկայացնել, դժբախտ պատահար կամ, որ ամենաանարժանահավատն է, ինքնասպանություն: Yerkir.am-ը ներկայացնում է Աշոտ Պետրոսյանի «Արթուր Մկրտչեան» գրքից (Երևան, 2004 թ.) հատվածներ և եզրահանգումները թողնում ընթերցողին:

***

ՀՀ-ի իշխանությունները ցնցահարվել էին այն փաստից, որ Ղարաբաղում նախագահ է դարձել ոչ «իրենց մարդը», այլ դաշնակցական: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ՀՀ նախագահն ատելության հասնող հակակրանք ուներ Դաշնակցության և Արցախում նրա առաջատար Արթուր Մկրտչյանի նկատմամբ:

…Լևոն Տեր-Պետրոսյանի և իր շրջապատի վերաբերմունքն ու դիրքորոշումը Արթուր Մկրտչյանի հանդեպ գոյացել է կանխապես, և այն ունի իր նախապատմությունը: Շարժման հենց սկզբից Արթուր Մկրտչյանի և իր համախոհների հայացքները էապես տարբերվում էին ՀՀՇ-ի վերածված «Ղարաբաղ» երկրորդ կոմիտեի ղեկավարության հայացքներից:

…Դեռևս 1988-89 թվականներին գաղափարական ուժգին բախումներ եղան, և Արթուրը վճռականորեն պաշտպանում էր իր տեսակետը: Պետական համալսարանի մեծ սրահի մեծահավաք մտավորականության առջև պարզորոշ սահմանազատվեցին երկու տեսակետներ, երկու հոսանքներ ձևավորվեցին: Մեկը ներկայացնում էին Արթուր Մկրտչյանը, Իգոր Մուրադյանը, ազգային և ազգայնական մտավորականներ ու ժողովրդի գործուն մասը, որոնց ազգային ինքնագիտակցությունը ամուր հիմքերի վրա էր: Մյուսի կարկառուն առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր` իր շրջապատով:

… ՀՀՇ-ի համար, ինչպես հաստատեց ապագան, իշխանությունը նպատակ էր և գերխնդիր: Արթուրենց համար իշխանությունը միայն միջոց էր ազգային նպատակների իրագործման ճանապարհին:

… Հայաստանի նախագահը պարզապես կորցնում է իր հավասարակշիռ պահվածքն ու սահնախոհությունը, երբ Արցախում ընտրություններն ակնկալված արդյուքները չեն տալիս: Կիմ Բալայան. «Ընտրություններից հետո, երբ Արթուրը եկավ Երևան, չորս օր Լևոն Տեր-Պետրոսյանը նրան չընդունեց: Եվ դա այն պատճառով, որ Արթուրը դաշնակցական էր»: Հնարավոր է նաև, որ Արցախի առաջնորդի անձը` իր ամբողջականությամբ, իմացական զորությամբ, նաև նկարագրի ազնվական գծերով անընդունելի էր Լևոն Տեր-Պետրոսյանին և այն ժամանակվա ՀՀՇ-ական իշխանություններին առհասարակ: Կիմ Բալայանը հատկանշական է համարում, թե ինչ պայմաններում էր կատարվում առաջին ջոկատների ստեղծումը: «ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը, հետագայում նաև ԱԺՄ-ն ասում էին, որ զինյալ պայքարի ճանապարհով ի զորու ենք մեր հողը պահել, այլ եղանակ գոյություն չունի: Եթե դա ինձ այն ժամանակ պարզ էր, մեկ բան ևս պարզ պիտի լիներ` ով էլ ընտրվեր, եթե հանդես պիտի գար համահայկական շահերի պաշտպանության դիրքերից, խորին հակասություններ պիտի առաջանային Հայաստանի իշխանությունների հետ: Եթե Արթուր Մկրտչյանի փոխարեն, ասենք, Շահեն Մեղրյանը ընտրված լիներ, և հակադրություններ չէին լինելու` ես դա բացառում եմ: Որովհետև բացառված է, որ նույն Շահեն Մեղրյանը դավաճաներ ազգային շահերին: Լևոն Տեր-Պետրոսյանի վարչախմբի գործունեությունը ես միանշանակ գնահատում եմ իբրև դավաճանություն ազգային շահերին»:

Արկադի Տեր-Թադևոսյան. «Առաջին հերթին կուզեի նշել Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ առաքինի պահվածքը Արցախի նախագահի նկատմամբ, նրա վերաբերմունքը, որ շատ կարևոր էր փոքրիկ երկրի ճակատագրական պահին: Հայության երջանկության համար պայքարող մարդուն դժվար  է դիմակայել այն վիճակին, երբ քո ազգի ղեկավարը քեզ չի ընդունում, որպեսզի հնարավոր լինի համադրյալ ուժերով հաղթահարել ազգային կյանքի դժվարությունները և հասնել ընդհանրական նպատակների իրականացմանը»:

Հրանտ Մարգարյան. «Արթուրը մեծ պատասխանատվությամբ անցավ աշխատանքի, բայց ամենամեծ հարվածը ստացավ սկզբից: Դա այն է, որ ՀՀ նախագահը չշնորհավորեց ընտրության կապակցությամբ: Շատ վատ ազդեց Արթուրի վրա, որովհետև հիշում եմ, երբ հանդիպեցի Արթուրին, ասում էր, թե` այդպիսի բան ինչպես կարող էր լինել: Որովհետև մենք էլ շատ լավ գիտակցում էինք, որ Ղարաբաղում կարելի չէ ունենալ մի իշխանություն, որը հակադրված լինի Հայաստանի իշխանությանը: Մենք պատկերացնում էինք այսպես` ճիշտն այն է, որ Ղարաբաղում լինի, այսպես կոչված, դաշնակցական իշխանություն, իսկ Հայաստանում ` ոչ դաշնակցական, սակայն  ներքուստ ամեն ինչ համադրված ու համաձայնեցված լինի: Եվ ուզում էինք այդ զանազանությունը տեսանելի դարձնել արտաքին աշխարհին»:

Ըստ Հրանտ Մարգարյանի` հույս կար, թե այդպիսի զանազանությունը օգտակար պիտի լիներ մեր պայքարին այն առումով, որ Ղարաբաղի անկախացումը հնարավորություն կտար ըմբռնելու Հայաստանի ոչ ծավալապաշտական մտադրությունը, որովհետև Արցախի ազատագրումը ամենից առաջ Արցախի հայության ազատագրումն է Ադրբեջանից: Դա, ըստ Հրանտ Մարգարյանի, միջազգային ասպարեզում մեզ կտար մանևրելու հնարավորություն: «Բայց դա, դժբախտաբար, տեղի չունեցավ Հայաստանի այդ օրերի իշխանությունների վախվորածության, անտեղի հակադաշնակցական տրամադրության բերումով, անտեղի կուսակցամոլության, և վերջին հաշվով իրենց մոտեցումի պտուղն էին ստեղծված դժվարությունները»:

… Իր հայրենիքի վերջնական ազատագրության և հզորացման նպատակով Արթուր Մկրտչյանը ձգտում էր ազգային առավելագույն միաբանության և պատրաստ էր դրա համար գնալ ամեն մի զիջումի և զոհաբերության, որովհետև ի սկզբանե ճշմարիտ հիմքերից էին բխում նրա արժեքների ընտրության, դավանանքի և դրանց իրագործման դիրքորոշումները: Նա Հայ էր և Մարդ: Նա երկրի ղեկավար էր ու այլևս պիտի նրա վարքի մեջ չարտահայտվեր բացասական որևէ երանգ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որովհետև վերջինս Հայաստանի Հանրապետության նախագահն էր: Սակայն իր կողմից ՀՀ նախագահն անկարող գտնվեց կամ պարզապես չցանկացավ առաջնորդվել համահայկական շահերով և իր առջև ուզում էր տեսնել միայն ղեկավարելի մի դաշտ, անմռունչ հնազանդություն: Ո՞վ գիտե, թե ինչ կարելի է սպասել Արցախի դաշնակցական նախագահից: Եվ ՀՀ նախագահը, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ուզում էր օր առաջ ազատվել նրանից:

«Կարևոր չէ, թե ով է սեղմել ձգանը». ողբերգական պահի շուրջ

…Ահա թե ինչ է պատմել Վալերին (ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Վալերի Բալայան- yerkir.am) մեր հանդիպման  ժամանակ. «…Եվ ահա այդ զանգն ու Գոհարի սարսափելի ճիչը: Ինչ-որ բան էր ճչալով ասում, որ ոչ մի կերպ հասկանալ չէի կարողանում: Սակայն պարզ էր, որ ահավոր բան է կատարվել: Մեր տները մոտ էին, երեք րոպեի ճանապարհ էր բաժանում: Հասա իրենց բնակարանը, որ լցված էր արյունով, և Արթուրն էր ընկած միջանցքասրահի ու հյուրասենյակի մեջտեղում… Դեռ ողջ էր: Վերցրինք, շտապ օգնության վրա դրինք, տարանք հիվանդանոց, որտեղ և մահացավ` գիտակցության չգալով»:

Այսպիսով` ողբերգական պատահարի ժամանակ Արթուրենց բնակարանում, Գոհարից բացի, չափահաս ոչ ոք չի եղել, ընկերներից որևէ մեկը ներկա չի եղել, որպեսզի վկայություն տար կատարվածի մասին: Գոհարից բացի: Մնում է մեկ վկա, որ կարող է ճշմարտությունն ասել: Սակայն գուցե և չասի: Լռության պատճառը կարող է մեր երևակայությունից դուրս լինել: Մարդասպանը կարո՞ղ էր հեռանալ անմիջապես, դեպքը տեղի ունենալուց հետո, մինչև Գոհարը կզանգեր Վալերին, մինչև նա կհասներ: Նման հարցեր հավանաբար շատերի մտքով են անցել, ում հետաքրքրում է ոճրապատկերի մանրամասնությունը: Մեզ նման հարցեր քիչ են հետաքրքրում, քանզի դրանք սպանության պատճառի հետ կապ չունեն: Պատճառը մեզ հայտնի է, և ամեն ոք կարող է դրա վերաբերյալ դատողություն անել, ով կարդա մեր նախընթաց շարադրանքը: Իսկ ինչո՞ւ ընկնենք հետաքննական և քրեագիտական ենթադրությունների լաբիրինթոսը, երբ կա վկա: Ինչո՞ւ տանջվենք, հարցնենք Գոհարին: Ի միտ ունենալով իրողության նրբությունը` ես այդ հարցով Գոհարին անհանգստացրել եմ միայն մեկ անգամ: Միայն մեկ անգամ հետաքրքրությունը խոսեց իմ մեջ և իհարկե` իզուր: Իմ ուղղակի հարցից Գոհարն այլայլվեց, և ինձ համար պարզ դարձավ, որ անիմաստ է իրեն հարցնելը: Հիմա ո՞վ է ցանկանում խոսել այդպիսի բաների մասին: Ով՞ ռիսկ կանի: Եվ առհասարակ` լեգենդ դառնալուց հետո, ո՞վ կարող է հավաստի բան ասել…

Ժաննա Գալստյան. «Ես գիտեմ, որ Վալերի հետ իրենք շատ մոտ էին ու մտերիմ: Համենայն դեպս, այդ դեպքը որ կատարվել է, կինը Վալերին է զանգահարել, ու այդ արյան միջից Վալերն է հանել, ու նա է առաջինը տեսել էդ բանը: Ես այդ պահին չկայի: Վալերը եկավ և ասաց. «Հավաքվիր, ոնց որ բան է սկսվել մեր դեմ: Գնացինք»»:

Օլեգ Եսայան. «Երեկոյան 5-ի կողմերն էին: Ներս մտավ նախագահի անվտանգության ծառայության պետ Աշոտ Սարգսյանի վարորդը և ասաց, որ Արթուրը սպանվել է: Այսպես ասաց` սպանել են: Ինձ թվաց, թե Արթուրը տուն չի գնացել, այլ ուղղակի դիրքեր և այնտեղ սպանվել է: Սակայն տանն է եղել»:

… Ինչպես նշել ենք, Գոհարը մեզ ուղղակի ոչինչ է ասել դեպքի կապակցությամբ: Սակայն եթե դա սպանություն չլիներ, որքան իրեն ճանաչում եմ, ի լուր աշխարհի կարող էր հայտարարել, որ իր ամուսինը ինքնասպանություն է գործել: Դրանով նա միանգամից վերջ կտար բոլոր ծածուկ խոսակցություններին, կարծիքներին, հորինվածքներին: Դրանով էլ ժամանակին կդառնար որոշ ազդեցիկ այրերի աչքի լույսը և չէր ունենա տնտեսական դժվարություններ, որոնց ես եմ ականատես եղել: Պատերազմական իրավիճակի մեջ գտնվող երկրի համար թե՛ ներազգային առումով և թե՛ դրսի համար ձեռնտու չէր հայտարարել, թե Արցախի նախագահին սպանել են իր իսկ տանը, իր իսկ համազգիները: Այդ ո՞ր պատերազմող երկիրն է իր ղեկավարին ոչնչացնում: Այդ իսկ և այլ պատճառներով հայտարարել են, թե դխբախտ պատահարից է զոհվել:

Կիմ Բալայան. «Մինչև հիմա տարբեր վարկածներ են պտույտ գործում դեպքի վերաբերյալ, սակայն ես, որպես քրեագետ, կարող եմ միանշանակ ասել, որ կրակոցը կատարված է ընդհուպ մոտ դիրքից, այսինքն` զենքը հպած, և կնոջ` Գոհարի ներկայությամբ է դեպքը տեղի ունեցել, և ժամանակին ընդունել են Գոհարի բացատրությունները, թե ինչպես է եղել դեպքը: Կային, իրոք, որոշ հանգամանքներ, որոնք մեզ անհանգստացնում էին: Օրինակ` դեպքի վայրում չկար գնդակը, որն անցել էր գլխի միջով և կպել պատին: Պարկուճը հայտնաբերվել է, բայց գնդակը տեղում չհայտնաբերվեց: Իբրև քրեագետ կարող եմ ասել, որ մահառու ուժի վերաբերյալ կասկածներ առաջացան, որովհետև մահառու գնդակի ուժը բարձր էր գնդակից: Կարելի բավականին փաստարկներ բերել, թե որ պարագային նույն «Մակարով»-ից արձակված գնդակը այդպիսի ուժ ձեռք կբերի: Այն պարագային, եթե վառոդը շատ լցնեն: Այդպիսի բազմաթիվ կասկածներ կան: Մոտ կետից արձակման հանգամանքը պարտադիր կերպով չի խոսում հօգուտ դժբախտ պատահարի: Մեկ ուրիշն էլ այդ կետից կարող էր կրակել` զենքի փողը հպած վիճակով»: