Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սպառողական շուկայում տեղի է ունեցել գնանկում:
Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. հունիսին մայիսի համեմատ, սպառողական շուկայում գնանկումը կազմել է 1.4%` պայմանավորված պարենային ապրանքների գների 2.9% անկումով, ինչը տեղի է ունեցել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 25.6%, լոլիկի, վարունգի, կաղամբի ապրանքախմբերի ավելի քան 55% գնանկման հաշվին:
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների շուկային, ապա այստեղ 2011թ. հունիսին մայիսի համեմատ տեղի է ունեցել 0.1% գնաճ` բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 1.3% և 0.3% գնաճի հաշվին:
2011թ. հունիսին մայիսի համեմատ` գների 0.1% աճ է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում, հատկապես կրթության համակարգի, հանրային սննդի, մշակույթի ոլորտի, բուժսպասարկման ծառայությունների գների աճի հաշվին:
Հավելենք, որ 2011թ. հունվար-հունիսին, 2010թ. նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 8.5%, ընդ որում՝ պարենային ապրանքների գներն աճել են 15%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2.1%-ով, իսկ ծառայություններինը` 2.8%-ով:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ գնաճը 2011թ. վերջին կլինի ԿԲ-ի նախանշած թիրախային ցուցանիշի՝ 4±1.5% շրջանակում: Ավելին՝ ըստ նրա՝ գյուղատնտեսական ռիսկերով պայմանավորված ճնշումների և համաշխարհային շուկայում գների կտրուկ բարձրացում չլինելու դեպքում գնաճը կարող է 5.5%-ից էլ ցածր լինել: