Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը զրուցել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հետ:
-Նորընտիր նախագահը մշակութային ոլորտում առաջին հերթին ի՞նչ պետք է փոխի:
- Չգիտեմ, պետությունն ի՞նչ պիտի անի: Այ, հիշենք իտալական վերածննդի շրջանը` Ոսկեդարը: Ինչո՞վ էր այն կապված երկրի զարգացման, ծաղկման, հարստացման հետ, եւ, բնականաբար, այս ամենը չէր կարող չբերել նաեւ արվեստի զարգացմանը: Հիմա մեր երկիրն այնպիսի տնտեսական եւ սոցիալական ահավոր վիճակում է, որ բեւեռացում է գնում իշխանության եւ ժողովրդի միջեւ: Տնտեսական վերելք է պետք: Ումի՞ց պետք է ինչ-որ ակնկալիք ունենամ, արվեստը պայմանավորված է արվեստագետով, երկնքից արվեստ չի իջնում: Մեկը լավ արվեստագետ է, գիշեր-ցերեկ տքնաջան աշխատում է եւ ուզում է ինչ-որ լավ բան ստեղծել, իսկ մյուսն այդ արվեստը դարձրել է փողի քսակ: Իսկական արվեստագետը պատմություն է կերտում, ժողովրդի ճակատագիրն է կերտում:
-Որքանո՞վ է պետությունը կանգնած արվեստագետի թիկունքին:
-Իմ կարծիքով` մի քիչ հետաքրքրություն, ուշադրություն պիտի ցուցաբերվի արվեստագետի հանդեպ: Երկրի առաջին դեմքերը պետք է աջակցեն, գնան արվեստանոց, տեսնեն` մի հետաքրքիր գաղափար ունի արվեստագետը, ասեն` գիտես` ինչ կա, արի գաղափարդ օգտագործենք ու կյանքի կոչենք: Ոչ թե արվեստագետը ընկնի դռնեդուռ եւ ասի` մի երկու կոպեկ փող տվեք` էս անեմ, էն անեմ: Կամերայինի դահլիճի այգում մի քար է դրված` որ այստեղ կանգնեցվելու է Առնո Բաբաջանյանի արձանը, բայց Բաբաջանյանի արձանն արդեն կա: Հիմա ուզում եմ դրա տեղը Բաբաջանյանի «Նոկտյուրնը» քանդակի վերածեմ, որ նայես` երաժշտությունը հնչի: Մանավանդ, որ ես նաեւ երաժիշտ եմ, ինչի համար էլ ինձ սրտամոտ է հնչյունը ծավալ դարձնել: Հիմա դրա վրա եմ աշխատում եւ, երբ վերջացնեմ, կառաջարկեմ քաղաքապետին, որ այն տեղադրեն:
-Սոցիալական խավերի միջեւ տարբերությունը մի քիչ շատ չէ՞:
-Շատ-շատ է, մենք այսօր միջին խավ չունենք. ծայրահեղ է շատ բաժանումը` հարուստներ ու աղքատներ: Երբ ամեն անգամ տեսնում եմ, ինչպես են աղբի միջից ինչ-որ բան հավաքում, ինձ ահավոր վատ եմ զգում, քանի որ հայը ինքնասիրություն ունեցող ազգ է եղել: Հիմա անտունների թիվն աճել է, անգամ կան նորածիններ, որոնք սոված են. երեխան ծնվում է` արհեստական կաթով են կերակրում, քանի որ հնարավորություն չունի մայրը լավ սնվելու: Մեր իշխանության հիմնական գործը աղքատությունը վերացնելը պիտի լինի, այլ ոչ թե պաշտոնները պինդ պահելը` Քաջ Նազարի պես` գահս տարեք,պահեք` հանկարծ ոչ ոք չվերցնի:
-Օրենքը որքանո՞վ է հավասար բոլորի համար:
-Օրենքը… չէ, ընդհանրապես հավասար չէ: Երանի այն ժամանակ, երբ օրենքը հավասար կլինի բոլորի համար, այլ ոչ թե այն կլինի միայն խեղճերի համար: Մեր աչքի առջեւ այսքան դեպքեր են լինում, դե, թող օրենքը բոլորի համար լիներ, ու մեկն ու մեկը դատվեր: Եթե պաշտոն ունես, դու անձեռնմխելի ես: Սարսափելի է:
-Ժողովրդի մեջ պայքարելու ուժ տեսնո՞ւմ եք:
-Չէ, չեմ տեսնում: Ժողովուրդը վախվորել է: Շատ բաներ տեսանք` հոկտեմբերի 27, մարտի 1: Մարտի 1-ի երեկոյան ես դրսում էի, իմ աչքի առջեւ եղավ այդ ամենը: Ինչի՞ պետք է այդպես վարվեր հայը հայի հետ: Այն, ինչ ես տեսա… Կտուրներից խփում էին, ոնց որ հայն ու թուրքն իրար հետ կռվեին: Հիասթափված է ժողովուրդը, նրանում այլեւս ուժ չկա:
-Իսկ նրա՞նք, ովքեր հիմա Ազատության հրապարակ են դուրս եկել` բողոքելու:
-Իրենք վերջին հույսերն են, ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ նրանք ուզում են փրկարար տեսնել, իսկ թե ինչքանով կստացվի, չգիտեմ: Սերժ Սարգսյանը կլիներ լավ նախագահ, եթե իր շրջապատը փոխեր: Նա պետք է հասկանա, որ իր շրջապատը միայն օլիգարխները չեն, այլ ժողովուրդը: Նախագահի բացասական կողմերից մեկն այն է, որ նա չի հենվում ժողովրդի վրա, այլ միայն օլիգարխների վրա: Նայեք` ԱԺ-ում ովքե՞ր են` մարդիկ, որոնք նստած տեղում քնում են:
-Մտավորականներին տեսնո՞ւմ եք ԱԺ-ում:
-Չէ, օրինակ, ինձ տանեն ԱԺ, ես գնամ, ի՞նչ անեմ: Ախր, հատուկ գիտելիք է պետք, չէ՞ որ դու օրենք ես հաստատելու: Էդ Շուշանիկին ես որ տեսնում եմ, ատելությունից չգիտեմ ի՞նչ անեմ: Ինչի՞ է ԱԺ-ում, որ գնա իր կյանքը լավացնի, հա՞, ամսական մի 400 դոլար փող ստանա, հա՞: Չի էլ ամաչում, առիթ էլ բաց չի թողնում, իշխանություններին գովաբանում է: Եվ դա եղավ արվեստագե՞տ: Արվեստագետը միշտ ընդդիմություն պետք է լինի, ուրիշ կերպ չի կարող լինել, արվեստագետը պետք է ռոմանտիկ լինի, ժամանակից առաջ անցնի եւ վերեւից նայի:
-Այ, որ վերեւից նայում եք, ի՞նչ եք տեսնում:
-Ով պաշտոն ունի, պինդ բռնում է իր աթոռը: Համենայն դեպս, հիասթափություն, տխրություն եմ տեսնում: Տխուր է մեր կյանքն այսօր, շատ տխուր: Եթե ուզում ենք ինչ-որ բան անենք, մեզ տրորելով ենք հասնում դրան: Ես, օրինակ, որպես Երկրապահների միության անդամ` պարգեւատրվեցի Վազգեն Սարգսյան ոսկե մեդալով, եւ դա պատահական չէր. ես մի շարք քանդակներ եմ արել` նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին: Բայց ներքուստ մի դժգոհություն ունեմ` ինքը Վազգենը չէ՞ր, որ Քոչարյանին բերեց` մտածելով, որ ղարաբաղցի է, եւ Ղարաբաղի հարցն ավելի շուտ ու հեշտ կլուծվի. ինչի՞ չլուծվեց: Կապ չունի` ղարաբաղցի է, թե` չէ, մարդկային տեսակից է գալիս: Քոչարյանը եկավ, քաղցրության համը զգաց, ու վերջ` էս ա, որ կա: Էս ինչ ազատություն է` ով ինչ ասես չի անում:
-Հին Երեւանից ի՞նչ է մնացել:
-Ինքը` Տարոնը, ճաշակով տղա է, խելոք տղա է, բայց շրջապատը… Գիտեք` մի լավ խոսք կա` մարդուն բարձրացնողն էլ է շրջապատը, գցողն էլ: Ես երազում եմ, որ մեր շրջապատը փոխվի, եւ ամեն մարդ իր գործով զբաղվի: Հիմա ամեն մարդ ձգտում է հեշտ ձեւով կյանքը վայելել: Մենք ամեն անգամ տոնում ենք Երեւանի 2700 չգիտեմ քանի ամյակը. մեկը հարցնի` էդ 2700-ից ի՞նչ է մնացել: Ինչքան գեղեցիկ շենքեր կային, քանդվեցին. վերջին մոհիկանը Կարաբալան է դարձել, որն էլ «երեսի զոռով» պահեցի: «Սեւան» հյուրանոցի շենքը քանդվեց, Աբովյան փողոցում Գրականության եւ արվեստի ինստիտուտի շենքը, Սարյանի փողոցին հարող դատախազության շենքը... Դրանք հայ ճարտարապետության գոհարներն էին, այսօր ինչ ենք տեսնում` բարձրահարկ անկենդան այլանդակություններ:
-Ի՞նչ գործի վրա եք այժմ աշխատում:
-Կար ժամանակ` ես շատ ծրագրային էի աշխատում: Այդ ընթացքում պետական պատվերներ էի անում, բայց հետո եկավ ժամանակ, երբ քո պատվիրատուն դարձավ մասնավոր սեկտորը: Այս տարի Վիետնամում քանդակագործության սիմպոզիում է անցկացվելու ` «Հին եւ նոր շրջանի կամուրջներ» խորագրով: Ես կամարաձեւ աստիճաններ եմ կերտել, վրան մարդ եւ փորձելու եմ այս քանդակով մասնակցել սիմպոզիումին: Երկու փուլից է լինելու, առաջին փուլում 2000 մասսնակցից պետք է ընտրեն 400-ին, իսկ երկրորդում` 400-ից` 40-ին: Ի դեպ, վերջերս նկատել եմ, որ ճարտարապետության ասպարեզում աղջիկներն ակտիվացել են: Տղաները այդպես չեն աշխատում, իսկ աղջիկները նույնիսկ դասից հետո խնդրում են, որ մնան-աշխատեն:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ