Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիական նախաձեռնությունը նպատակ է հետապնդում կոռուպցիայի դեմ պայքարում մեծացնել հասարակության դերը, այդ պատճառով էլ քննարկման թեմա էր ընտրել հասարակությանը հուզող կարեւոր հիմնախնդիրներից մեկը` Սեւանը:
«Սեւանն առնվազն 10 միլիարդի արժեք ունի, եւ այն կարող է երկրի ՀՆԱ-ին 2 միլիարդ դրամ տալ, սակայն ներկայումս Սեւանի բերած եկամուտը ՀՆԱ-ում չի գերազանցում 100 միլիոն դրամը»,- ասաց նախաձեռնության համակարգող Անդրեաս Ղուկասյանը` հավելելով, որ պատճառը անարդյունավետ կառավարումն է եւ չարաշահումները:
Քննարկման մասնակիցներին ներկայացվեցին Սեւանա լճի` տարբեր տարիների արված լուսանկարներ, որոնցում երեւում է յուրաքանչյուր մանրամասնություն: Օրինակ` 2001 թվականին արված լուսանկարներում ջուրը կապույտ է, իսկ 2008-2011 թվականներին արբանյակից արված լուսանկարներում լճի ջուրը մոխրականաչագույն է: Դա նշանակում էր, որ լճում անարգել աճել են օրգանական միկրոօրգանիզմերը:
Ըստ լուսանկարների` լճի որոշ հատվածներում գոյացել են վտանգավոր ճահիճներ, որոնց վերացումը մեծ ջանքեր կպահանջի, իսկ ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժումն ավելի բարդ կլինի:
Անմխիթար է նաեւ լճի կենդանական աշխարհի վիճակը. եթե 30 տարի առաջ Սեւանի բրենդը իշխանն էր, իսկ 10 տարի առաջ՝ սիգը, ապա ներկայումս լճում ամենատարածված կենդանատեսակը խեցգետինն է, ինչն, իր հերթին, վկայում է ջրի որակի աղետալի վիճակի, ճահճացման մասին։
«Եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի անց Սեւանի բրենդը կհամարվի գորտը»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Իսկ Սեւանի ազգային պարկի նախագծի հեղինակ Գագիկ Սուրխուդյանի խոսքերով` ներկայումս ազգային պարկ չունենք, այլ հողամասերի բաժանված տարածք, որոնց սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են եւ չեն ցանկանում իրենց վարձակալած տարածքներում կառուցված շինություններն ապամոնտաժել։
«Նույն պատգամավորները, ովքեր Սեւանի մասին օրենք են ընդունում ու վիլլաներ են կառուցում Սեւանի ափին, չէին հավատում իրենց իսկ ընդունած օրենքին», հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Իսկ Գ. Սուրխուդյանը նկատեց, որ վարձակալողները մեղք չունեն, նրանց ապօրինաբար է հող հատկացվել` բարձրության սահմանված նիշերի խախտմամբ, ուստի պետք է պատժվեն հողահատկացում իրականացնողները: