Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Երբ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստվում է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով, արդեն պարզ էր, թե ինչ շոու է նախատեսվում բեմադրել։ Միաժամանակ, Փաշինյանն անոնսել էր, որ իր խոսքում շատ մեծ նորություններ չեն լինելու։ Ըստ էության, շատ քիչ բան է լինելու բանակցային գործընթացի վերաբերյալ, որովհետև երեք տավա ընթացքում շատ է խոսվել դրա մասին։ Եթե բանակցային գործընթացի հետ կապված նոր բացահայտումներ չպետք է լինեին, ապա պարզ էր, որ հունիսի 20-ը լինելու է մեղավորների ու քավության նոխազների նշանակման օր։
Այլ կերպ ասած՝ նորից շարժման մեջ է դրվելու «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» հին տեսաերիզը։ Դե, հասկանալի է՝ ոչ միայն նախկինները, նաև զինվորականները, Ռուսաստանը, մի խոսքով՝ բոլորը, միայն ոչ «խեղճուկրակ Նիկոլը»: Ընդ որում, Փաշինյանը մի քանի ժամ անընդմեջ ելույթ ունեցավ, բայց պարզվեց, որ դա բավարար չէ։ Քննիչ հանձնաժողովում նրա «հարցաքննությունը» շարունակվելու է նաև հունիսի 27-ին, որն արդեն անցնելու է հարցուպատասխանի ռեժիմով, երբ քպականները իրենք իրենցով կհավաքվեն, հարցեր կուղղեն, իսկ հետո կծափահարեն իրենց սրտի վարչապետին։ Փաստորեն, թատրոն էլ չէ, «մեկ դերասանի» նոր սերիալ է նկարահանվում: Դե, կախված իրադարձություններից՝ բացառված չէ, որ տեղի ունենա նաև հարցուպատասխանի երրորդ սերիան։
Բայց Նիկոլի շոուից ավելի ուշագրավ էր, որ հանրային-հասարակական շրջանակներում բավական ընդգծված անտարբերության նշաններ կան քննիչ հանձնաժողովում Փաշինյանի երկարաշունչ ինքնարդարացման, իսկ իրականում՝ ինքնախոստովանական ելույթի նկատմամբ։ Եթե առաջին հայացքից կարող էր թվալ, թե Փաշինյանի խոսքը պետք է մեծ ռեզոնանս ապահովեր, ապա այն նույնիսկ ակտիվ քննարկումների թեմա չդարձավ։ Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանը փորձելու է որոշակի հայտնի հրապարակային իրողություններ վերցնել, դրանք շաղախել իրեն ձեռնտու կերպով, մանիպուլացնել փաստերը, իսկ հետո դրանք հրամցնել հանրությանը։ Ինչ խոսք, Փաշինյանը վարպետացել է մանիպուլ յացիաների հարցում, սակայն մի քանի կարևոր դիտարկումներ կարելի է առանձնացնել։ Փաշինյանն իր խոսքում վկայում է, թե իրեն ինչ հայտնում էին, ինքը միամիտի պես հավատում էր։
Օրինակ՝ մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը իրեն զեկուցում էին, որ Շուշիի մի մասը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է, Շուշին անկում չի ապրել, ու ինքն էլ հավատ էր ընծայում դրան։ Տպավորություն է, որ նա, երկրի ղեկավար, ավելին՝ «գերագույն գլխավոր հրամանատար» լինելով հանդերձ, որևէ պատասխանատվություն չի ունեցել, ընդամենը լսողի դերում է հանդես եկել։ Այն էլ՝ միամիտ լսողի: Այ, այ, այ, էլի՝ «խեղճ Նիկոլ»: Չէ, հասկանում ենք, որ հավատացողներ դեռ կան, բայց ստերն արդեն, անկեղծ ասած, չափազանց թույլ են դառնում: Առավել ևս, երբ նույն մենախոսության մեջ, Շուշիի հանձնման հետ կապված իր իրազեկության մասին տարաբևեռ ամսաթվեր է հայտնում: Բայց մանրամասների մեջ չխորանանք, արժեք չունեցող ստերն ու մանիպուլ յացիաները «ջրի վրա» են, դրանց վրա ժամանակ չկորցնենք: Հաջորդը. Փաշինյանը փորձում էր ցույց տալ, թե բանակցությունների արդյունքում ինչպիսի ծանր պայմաններ են հայկական կողմին պարտադրված եղել, երբ ինքը ստանձնել է երկրի ղեկը։
Ինչպես իշխանության համակիրներն են նշում, «դե խեղճ ու միամիտ վարչապետն ի՞նչ աներ, Արցախի թեման նրա գրպանն են գցել»։ Նախօրեին համարյա բառացի նույնն ասում էր նաև ինքը: Բայց նույնիսկ եթե ենթադրենք, թե բանակցությունները հայկական կողմի օգտին չէին ընթանում (չնայած բացարձակ այդպես չէ), ու նախկին ղեկավարներն էլ չէին խոստովանում դա, ապա մի քանի հարց է ծագում: Նախ՝ իսկ ինչո՞ւ էր Փաշինյանը բանակցությունների սեղանին ավելի վատացրել հայկական կողմի պայմանները, որի արդյունքում Ադրբեջանը հաջողացրեց լեգիտիմացնել Արցախի նկատմամբ իր ագրեսիան։ Ստացվում է, որ նա քննիչ հանձնաժողովում ինքնախոստովանություն է անում, որ ոչ միայն չի կարողացել փոխել բանակցությունների սկզբնավորված ընթացքը, այլև հայկական կողմի համար դրանք ավելի է բարդացրել՝ հասցնելով պատերազմի։
Մյուսը՝ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ նախկիններն արդեն իսկ համաձայնել էին, որ Արցախն Ադրբեջանի կազմում լիներ, մի խոսքով՝ «գցել էին իր գրպանը» ու այդ մասին հանրությանը չէին տեղեկացնում, ապա ինչո՞ւ հենց սկզբից, ունենալով բավական բարձր վարկանիշ, չէր բարձրաձայնում այդ մասին, ինչո՞ւ սկսեց «սեփական կետից» ու տարավ պատերազմի, դարձավ հազարավոր զոհերի, կորուստների պատճառ: Եվ վերջապես, հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է, որ նախկինները վաղուց «ծախել» էին Արցախը, բայց Արդբեջանը չէր վերցնում, սպասում էր...
Ինչի՞ն էր սպասում, որ Նիկոլը Հայաստանում գա իշխանությա՞ն: Վերջում՝ մի կարևոր արձանագրում ևս պետք է կատարել. քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հրապարակային ելույթով անհավասար պայմաններ են ստեղծվում։ Եթե Փաշինյանը հրապարակային է խոսում, ապա մյուս մասնակիցները դռնփակ ելույթներ են ունենում, ուստի հանրությունը զրկվում է նրանց լսելու հնարավորությունից: Նիկոլի արյունը ավելի կարմի՞ր է, թե՞ ուղղակի կապույտ է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում