կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-17 14:50
Առանց Կատեգորիա

Խեղճ զինվորը խեղճ ոստիկանից խեղճ է

Խեղճ զինվորը խեղճ ոստիկանից խեղճ է

Միշտ փորձել եմ ընդհանուր բաներ գտնել զինվորի եւ ոստիկանի միջեւ: Երբեք խելքը գլխին ձեւով չեմ կարողացել: Թեպետ նրանց միջեւ բոլոր տարբերություններն, ընդհանուր առմամբ, հենց հարազատեցնում են նրանց: Յուրաքանչյուրը յուրովի երկիր է պահում։ Չնայած դրան` զինվորը միշտ մի քիչ թվացել է ավելի լավը: Զինվորագրվել հնարավոր է կամավոր: Կամավոր ոստիկան չեն դառնում: Զինվոր լինելու համար ուրիշ ոչինչ պետք չէ լինել, ոստիկան լինելու համար մի քիչ կրթությունը պարտադիր է: Զինվոր լինելը կամային ընտրություն է, նույնիսկ ձեռքեր չունեցողը կարող է զենք վերցնել, առնվազն կարող է վազել պատերազմի դաշտ եւ մտածել կյանքը երկրին զոհաբերելու մասին, ոչ մի հաշմանդամ ոստիկանության համար փնտրված կադր չէ:

 

Զինվորի ամեն օրը կարող է լինել կռիվ սահմանի բերանին, ոստիկանի «քաջության» սահմանն իր հայրենակիցն է՝ մարդասպանից մինչեւ ձվի գող: Որքան էլ արդար լինի զինվորի կռիվը, թշնամու փամփուշտի սլացքի տակ նա չի կարող ամեն օր իր արդարացիության հաճույքով ապրել, ոստիկանը ձվի գողի առջեւ թագավոր է: Հատկապես ձվի գողի ակնկալած ողորմածության առջեւ ոստիկանն ուղղակի Աստված է: Ոստիկանի հանցանքի հովանավորը կարող է լինել ոստիկանը զուտ մասնագիտական համերաշխության տեսանկյունից, ի դեպ, այս համերաշխությունը բնորոշ է նաեւ բժիշկներին, մինչդեռ զինվորն իր հանցանքի մեջ որբ է, քանի որ նա սոսկ զինվոր է: Ոստիկանությունն, ի վերջո, համքարություն է, «կորպորատիվ շահ» հասկացությունը, կորպորատիվ «ուտուշ-խմուշը» կարող է տարածվել ամենացածր աստիճանահարթակում գտնվող ոստիկանի վրա, մինչդեռ զինվորը ոչ մի կորպորատիվի մեջ չկա:

 

«Իդեալական հասարակություն» հասկացությունն ավելի շուտ զինվորի վրա կտարածվի, քան ոստիկանի, որովհետեւ սահմանի վրա փող աշխատել, կոռումպացվել հնարավոր չէ, մինչդեռ սահմանից ներս կարելի է հենց միայն դրանով զբաղվել: Այսինքն` կարելի է փող տալ ու չընկնել սահման, բայց երբ հասար սահման, էլ փողը չի օգնի: Կարելի է լինել ազնիվ ոստիկան, բայց հաստատ կգտնվեն մի հազար ոստիկան, որոնց զվարճալի կթվա գործընկերոջ ազնվությունը, ազնիվ զինվորականը նույնիսկ նոնսենս է, քանզի թշնամու առջեւ ուրիշ ինչը պիտի լինի քո՝ զինվորականիդ «զբաղմունքը»:

 

Խեղճ զինվորը խեղճ ոստիկանից խեղճ է: Զինվորը կարող է սպանվել զորամասում` մարտական գործողություններից անկախ, նույնիսկ պատերազմի ավարտից տարիներ հետո, մինչդեռ ոստիկանն ինքն է սպանում: Ճիշտ է, հանցագործը կարող է կրակել ոստիկանի վրա, բայց ոստիկանին ուղղված մեկ փամփուշտն իր «հեռատեսությամբ» առավել նպատակային է, քան զինվորին ուղղված կրակահերթը: Զինվորը կարող է սպանել զինվորին, մինչդեռ ոստիկանը ոստիկանին չի սպանում, զինվորը մասնագիտություն չէ, այլ սոսկ՝ պարտք, կարող է լինել հոգու մղում, կարող է ոչինչ էլ չլինել: Սակայն ցանկացած մայր տագնապով է երեխային ուղարկում բանակ` «տղամարդ» դառնալու, մինչդեռ ոստիկան կարելի է դառնալ կաշառքով: Հնարավոր չէ լավ ապրելու համար դառնալ զինվոր:

 

Զինվորի հայրենիքն առարկայանում է ծառայության անցնելու առաջին օրից, ինքն ինքնուրույն է իր ծառայությունից կորզում Հայրենիքը, քանի որ օր առ օր նրա աչքի առջեւ մարմնանում են այն արժեքները, որոնք նա կարող է կորցնել, եթե հանկարծ դառնա դասալիք, ոստիկանը ամեն իրիկուն կարող է մտնել տուն, նույնիսկ բղավել մոր վրա: Զինվորը կարող է ծառայության լարվածությանը չդիմանալ, չհանձնել «տղամարդ» լինելու քննությունը, կարող է նույնիսկ ինքնասպան լինել, ոստիկանը ժամանակ չունի այդպիսի փորձությունների համար, նա փող է տվել ծառայության անցնելու համար:

 

Զինվորի հերոսությունը կարելի է բաժանել ծառայակիցների միջեւ, նույնիսկ հրամանատարը կփորձի իր բաժինը կորզել այդ հերոսությունից, ոստիկանի հերոսությունը միշտ «ինդիվիդուալ» է, համակարգը կարիք ունի անհատ հերոսի: Զինվորը ոստիկանին կարող է «սպանել» սահմանի անտերությամբ «շնորհիվ» այն ապօրինության, որ ոստիկանը թույլ է տվել զինվորի հարազատի հանդեպ, զինվորը կարող է ընտանիք վերադառնալ վրեժի ծարավով, որպես դասալիք, որպես թշնամու գնդակից ընկած նորակոչիկ։ Զինվորն, ի վերջո, ոստիկանի հացն է, նույնիսկ՝ «գործատուն»։

 

Զինվորը Հայրենիքի ամեն ակնթարթի պրիզման է։ Սիրեք ձեր զինվորին ձեզնից առավել։

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: