կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-28 15:35
Մշակույթ

Հասկանո՞ւմ եք` դերասանների մեծ մասը խեղճ են ապրում, խեղճ հագնվում

Հասկանո՞ւմ եք` դերասանների մեծ մասը խեղճ են ապրում, խեղճ հագնվում

Երեկ Թատրոնի միջազգային օրն էր: Տեղեկացրել էինք, որ նախօրեին թատերարվեստի մի շարք գործիչներ պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ով: Պարգևատրվածների թվում էր Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը:

Yerkir.am-ի հետ զրուցում Նավասարդյանը նշեց, որ թատրոնի մարդն իսկապես նվիրված է թատրոնին, անշահախնդիր, առանց որևէ սպասելիքի, թեև, մյուս կողմից, փաստը, որ գնահատում են, շատ ոգևորող է: Ըստ նրա` այնուամենայնիվ, եթե դու թատրոնի ռանչպար ես, ազնիվ աշխատող, այս տեսակ բաներին չպետք է ուշադրություն դարձնես:

«Ես պարգևից ոգևորված եմ, որովհետև այս առիթների ժամանակ է, երբ դերասանն իրեն իսկապես գնահատված է զգում. ինչպես պրեմիերայից հետո, երբ ներկայացումը հաջողված է լինում: Բայց ցավով պետք է նշեմ նաև, որ դերասանների մեծ մասը խեղճ են ապրում, խեղճ են հագնվում: Հասկանո՞ւմ եք: Դերասանն իրավունք չունի հասարակության մեջ կեղտոտ, անխնամ վիճակով դուրս գալու: Ես շատ լավ եմ հիշում, երբ Սոս Սարգսյանն ասում էր` Հրաչյա Ներսիսյանն էն վատ թվերին անգամ կոկիկ հագնված ու սլացիկ կեցվածքով Աբովյան փողոցով բարձրանում, իջնում էր, և ժողովուրդը սկսեց նրա նման քայլել, մեջքն ուղիղ պահել: Ջարդերից մազապուրծ եղած ժողովուրդը սկսեց մեջքը ձիգ քայլել Հրաչյա Ներսիսյանի շնորհիվ: Արդյո՞ք այսօր մենք ունենք նման դերասան… Մեծ մասը խեղճ ու կրակ ապրող մարդիկ են»,- ասաց Նավասարդյանը:

Խոսելով թատերական ոլորտում սերնդե սերունդ փոխանցվող ավանդույթների մասին` նա նշեց, որ լավ ավանդույթներ կան, որոնք, անկախ ամեն ինչից, հասնում են գալիք սերունդներին, իսկ, բացի ավանդույթներից, ըստ նրա, Սովետական միությունից հետո, երբ բացվեցին դարպասները, աշխարհն ու աշխարհի թատրոնները տեսնելը մեծ ձեռքբերում կարելի է համարել: «Այն, որ այդ ակունքից օգտվում ենք, այդ ակունքից ջուր կարող ենք խմել և փոխանցել եկող սերնդին, մեծ բան է»,- կարծիք հայտնեց դերասանը:

Նավասարդյանը դասավանդում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում,: Նրա հավաստմամբ` ունենում են լավ ուսանողներ, արժանի մարդիկ, որոնք չգիտեն` ավարտելուց հետո ի՞նչ անել, ո՞ւր գնալ` կայանալու համար: «Ասենք` չորս տարին մեկ տալիս ենք 40-50 դերասան, նրանցից հինգը թող ենթակա լինի դերասան կոչվելու, բայց ի՞նչ անեն, որտե՞ղ աշխատեն, թատրոններում տեղ չկա, դերասանների այդքան պահանջարկ չկա: Ստացվում է` ուսանողները, որոնք ավարտում են և պետք է առաջին քայլերն անեն, իրենց սպառելու տեղ չունեն»,- ասաց Նավասարդյանը:

Հարցին, թե Համազգային թատրոնում ի՞նչ է փոխվել Սոս Սարգսյանի մահից հետո, պատասխանեց, որ չի կարող ասել` թատրոնում ինչ է փոխվել, բայց փոխարենը գիտի` իր մեջ ինչ է փոխվել: «Գիտե՞ք` նրա ֆիզիկական ներկայությունը կորցրել ենք, բայց, միևնույն ժամանակ, նրանով հարստացել ենք` իմ մեջ եմ գտել նրան»,- ասաց Նավասարդյանը: