Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս հռչակավոր դերասան Օլեգ Եֆրեմովը հաճախ էր որդուն` Միխայիլին, ասում` մի' շտապիր: Որդին հոր նման դարձավ դերասան եւ այսօր էլ հիշում է պատվիրանակերպ այդ բառերը: Առաջին անտիբիոտիկը` պենիցիլինը, հայտնագործող Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնագործությունն անելիս բնավ չէր շտապում: Հայտնի է, որ այդ գործում նրան պետք եկավ բորբոսը: Լուսահոգի Կլեմենս Ֆոն Պիրկը 1906-ին ալերգիան հայտնագործել է բնավ ոչ քաղաքական իրականությունն ախտորոշելուց:
Գիտե՞ք, ամեն անգամ, երբ որեւէ տեղեկատվական կայք եմ մտնում, փորձում եմ հասկանալ, թե այս կամ այն մարդն ի՞նչ է մտածում ինքնասպանությունների եւ սպանությունների աճի մասին: Դիցուք, ՀՔԴԿ ղեկավար Խոսրով Հարությունյանը ասում է` քաղաքական մահ է սպասվում այն ուժին, որը կնախաձեռնի երկրորդ մարտի 1-ը: Ամեն անգամ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարան մտնելիս ինձ «տանում» է օղու մի գովազդ, որն ազդարարում է, որ խմվելիք օղու յուրաքանչյուր կաթիլը մանրազնին զտվում է «անողորմ ածխային զտիչի միջոցով»: Այս «անողորմ ածխային զտիչի» «դեմքի արտահայտությունից» ես, անկասկած, սթափվում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ խմում եմ բոլորովին այլ արտադրության օղի: Այն ինձ ուղեկցում է` որպես սպառնալիք, որ իմ խմելիք օղին գուցե այնքան էլ անողորմ չի զտվել: Անողորմի մասին միտքը սթափեցնող է: Որովհետեւ եթե մի փորձանք գա, էդ դեմքի արտահայտությունը կորցնելուց է գալու: Հասկանու՞մ եք, եթե հանկարծ մի բան պատահի, ու ես չկարողանամ շտապել ասել, որ ինձ դավաճանեց «անողորմ ածխային զտիչը», իմ ետեւից կտանեմ բազում առողջ, թեպետ օղու հանդեպ պակաս անօղորմ տրամադրված կյանքեր: Եվ օղուց կմնա օղորմաթասը:
Իսկ այս ամենի հետ ի՞նչ կապ ունեն բորբոսը եւ ալերգիան: Բանն այն է, որ բորբոսը, դիցուք, կարող է լուրջ վնաս հասցնել գյուղատնտեսությանը, մասնավորապես` ցորենին, որից էլ քաշում են «անողորմ ածխային զտիչով» անցնող օղին: Մյուս առանձնահատկությունն այն է, որ բորբոսն իր զարգացման տարբեր էտապներում տարբեր գույների է լինում: Մի խոսքով` այն «բազմադեմ» է եւ սպանում է, եթե չի անցնում որեւէ մասնագետի, ինչպիսին Ֆլեմինգն էր, «անողորմ ածխային զտիչի» միջով: Իսկ ալերգիան արդեն օրգանիզմի ճաշակի հարց է, հնարավոր է, որ բորբոսի փոքր քանակության դեպքում օրգանիզմը նրա հետ «լեզու գտնի» զուտ ալերգետիկ դրսեւորումներով:
Ի՞նչ անել, երբ արդեն կարդացել ենք հետեւյալ միտքը` քաղաքական մահ է սպասվում այն ուժին, որը կնախաձեռնի երկրորդ մարտի 1-ը: Ի՞նչն է խանգարում, որ մարտի 1 նախաձեռնած քաղաքական ուժը մեռնի հենց մարտի 1 նախաձեռնելու օրը: Այսինքն` հենց առաջին անգամից: Եվ ո՞վ ասաց, որ Խոսրովն այս ծիծաղելի միտքը չի ասում` վաղուց որպես քաղաքական հանգուցյալ: Որովհետեւ ո՞վ է, որ պետք է լուրջ վերաբերվի այս անդրաշխարհային ծաղրածուությանը: Քանի՞ մարդ պետք է սպանի իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժը, որպեսզի մեռնի միանգամից: Եվ ընդհանրապես, ինչու՞ քաղաքական մահերի մասին դատել արեւելյան բռնապետությունների մտադաշտից: Դիցուք, սադդամյան Իրաքում քաղաքական պատճառներով 10 մարդ սպանվում էր ամեն օր: Իսկ Սադդամը եւ նրա գլխավորած ԲԱԱՍ կուսակցությունը, ինչպես ռուսներն են ասում` «живее всех живыx»: Մինչեւ Քեռի Սեմը չորոշեց այնտեղ մի քիչ ազատ տարածություն ստեղծել Սադդամից, բայց ինչ-որ իմաստով` նրա ոճով:
Հայտնի է, որ միլիոնատերերի մի խավ կա, որը մեռնելուց առաջ պատվիրում է իրեն սառեցնել «լավ օրերի սպասումով»: Հայաստանում այդ լավ օրերի սպասումը ոչ թե հատուկ կոլբաների մեջ պահպանվելու «առաքելությունն» է, որով, ըստ էության, մարդը ոչինչ չի հռչակում, բացի իր մահը հռչակավոր դարձնելուց, այլ խոսել մահվան մասին մի «իմաստությամբ», որում կոնկրետ մեկի մահվան կամ ինքնասպանության տագնապը չկա: Որովհետեւ մահն իրենց բերանները չառած մարդիկ են նրանք: Եվ ուրիշների մահվան մասին դատում են երբեւէ զոհաբերվելու պատրաստակամություն չունեցած: Նրանք օղին խմում են` «անողորմ ածխային զտիչի» մասին տեղեկանալով, բայց դա հանգուցյալի նրանց քաղքենիության ամբողջ կենսամթերքն է, նրանք բորբոսնում են` նույնիսկ պենիցիլինի համար պիտանի չդառնալով, ու դա դեռ նրանց ամբողջ անպիտանությունը չէ, նրանք ալերգիայի հարուցիչն են, բայց իբրեւ ծաղրածուի` մեր ձեռքին բռնած գանգ: Որովհետեւ չկա մի քաղաքական հանգուցյալ, որն իրեն չերեւակայի «живее всех живых»: Որովհետեւ մահը մահ է թե' մարդասպանի համար, որը դեռ իր վաղուց զոհի հետ խոսում է երկխոսությունը պահպանելու կարեւորության մասին եւ թե' ծաղրածուի համար, որի գանգը մեր հեռուստաեթերի ձեռքին է` որպես չընդհատվող մահվան մասին միշտ նույն անեկդոտ:
Սեյրան Հանոյան