կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-11 01:55
Տնտեսական

Ամեն խաղ խաղացել էին, հիմա էլ...

Ամեն խաղ խաղացել էին, հիմա էլ...

Գյունախարարությունը պատրաստվում է բարձրացնել գյուղացիների «իրավագիտակցության մակարդակը»:

Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այս գործընթացը սկսելու նպատակով նախարարությունը սկսել է պայմանագրային հարաբերություններ հաստատել երկու տնտեսվարող սյուբեկտների միջեւ, որոնցից մեկը գյուղացին է, իսկ մյուսը` վերամշակող կազմակերպությունը:

«Նախկինում էլ եղել են ընկերություններ, որոնք գյուղացու հետ կնքել են պայմանագրեր: Գյուղացին բերքը բերել է, մի թուղթ են տվել, ստորագրել է, որում արտացոլված են եղել միայն վերամշակող ընկերության շահերը: Այսօր մեր խնդիրը պետք է լինի այն, որ բարձրացնենք գյուղացիների իրավագիտակցության մակարդակը»,- ասաց Ռ. Մակարյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ վերամշակող որեւէ ընկերություն չպետք է շուկայում մոնոպոլ դիրք գրավի, որ հետո էլ թելադրի իր գներն ու պայմանները: Ըստ Մակարյանի` իրենց կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքերով` այս տարի ոչ մի կիլոգրամ պտուղ, բանջարեղեն չի մնա գյուղացու մոտ, ամբողջ բերքը կմթերվի վերամշակողների կողմից:

Յուրաքանչյուր գյուղացի շատ լավ գիտի իր իրավունքները, սակայն որտե՞ղ եւ ո՞վ կպաշտպանի իր շահերը, չգիտի: Վերջին օրերին տեղացած անձրեւների եւ կարկտահարության պատճառով շատ գյուղացիական տնտեսություններ վնասներ են կրել, ընդ որում` շատ տեղերում հենց հակակարկտային կայաններ շահագործող մասնագետներն են մեղավոր եղել` կա'մ ուշ են գործարկել, կա'մ սխալ են կրակել: Այս դեպքո՞ւմ գյուղացին ումից պետք է փոխհատուցում պահանջի:

Գյուղատնտեսության նախարարությունը լռում է կամ փորձում արդարանալ. «Մենք արդեն մեր մասնագետներին ուղարկել ենք գյուղերը, եւ նրանք իրենց խորհուրդներով փորձում են օգնել հողագործին»: Իսկ ի՞նչ օգուտ խորհուրդներից, երբ հողագործն արդեն կորցրել է իր բերքի 70, նույնիսկ 100 տոկոսը: