կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 17:20
Իրավական

«Բլոտ» էին խաղացել, պարտվողներն էլ պարտավորվել էին ճաշի ավելցուկը տանել խոզերին. մանրամասներ՝ զինծառայողի ինքնասպանությունից

«Բլոտ» էին խաղացել, պարտվողներն էլ պարտավորվել էին ճաշի ավելցուկը տանել խոզերին. մանրամասներ՝ զինծառայողի ինքնասպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 

2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ։ Պարզվել է, որ Գ.Խաչատրյանը կզակի շրջանի հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 147 9229 համարի ինքնաձիգով, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը:
 

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  2015թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զորամասի սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գ.Խաչատրյանը, շարքային Հ. Մուրադյանի, ուղեկալի ավագ, ենթասպա Հ. Քալաշյանի և ուղեկալի պետ, կապիտան Մ.Ոսկանյանի հետ մասնակցել են վերջինիս կազմակերպած «Բլոտ» մոլեխաղին։
 

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հաղթելու դեպքում շարքային շինծառայողները մեկ օրով պետք է ազատվեին ծառայողական պարտականությունների կատարումից, իսկ պարտվելու դեպքում՝ յուրաքանչյուրը 7 օր ճաշարանից կերակրի ավելցուկը դույլերով պետք է տեղափոխեր ուղեկալի տեղակայման վայրից մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող անասնագոմ՝ Մ.Ոսկանյանին և Հ.Քալաշյանին պատկանող խոզերին կերակրելու նպատակով։ Քննությամբ պարզվել է, որ շարքայինները պարտվել են և սկսել կատարել պայմանը:
 

Հաջորդ օրը՝ 2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, ուղեկալի տարածքում շարքային Հ.Մուրադյանը բռնի գործողություններ է կատարել Գ. Խաչատրյանի նկատմամբ, անհիմն կշտամբել և հեգնել, վիրավորել, ձեռքերով և ոտքով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին:
 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ այսօրինակ վիրավորանքներից հետո Գ.Խաչատրյանը գնացել է լվացվելու, ստացել իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգն ու 50 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտ՝ երկու փամփշտատուփերում։ Համապատասխան հրահանգավորումն ստանալուց հետո պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Անտոնյանի հետ  Գ.Խաչատրյանն ուղևորվել է սահմանի վերակարգի ծառայություն կրելու կատարման վայր, որտեղ կատարել է մի քանի հեռախոսազանգ, ապա բջջային հեռախոսը փոխանցել Ա.Անտոնյանին և բնական կարիքները հոգալու պատրվակով շուրջ 50 մետր հեռացել նրանից։ Որոշ ժամանակ անց՝ ինքնաձիգից մենահատ կրակոց կատարելու եղանակով կատարել է ինքնասպանություն:
 

Մինչդատական  վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը) (2 դրվագ), 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով  (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում),  Մ.Ոսկանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 375-րդ  հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Հ.Քալաշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ  հոդվածի 1-ին մասով:
 
Երեք մեղադրյալների մասով  գործն անջատվել է առանձին վարույթ͵ հայտարարվել նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։