կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 18:20
Առանց Կատեգորիա

Ալիևի անփառունակ տրիումֆին սպասելիս

Ալիևի անփառունակ տրիումֆին սպասելիս

Ադրբեջանում այսօր «լռության օր» էր: Հոկտեմբերի 9-ին այդ երկրում կանցկացվի քվեարկություն, որը կդնի մեկնարկած նախագահական ընտրությունների վերջակետը: Դրանց մասնակցելու համար գրանցվել է 10 թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիևը, ով ցանկանում է նախագահ դառնալ երրորդ անգամ:

 

Ընտրական օրենսգրքում ավելի վաղ կատարված փոփոխություններով հանվեց սահմանափակումը, որով գործող նախագահն իրավունք ուներ անընդմեջ միայն երկու անգամ մասնակցել ընտրություններին: Ալիևյան կլանի իշխանության անփոփոխելիությանն ուղղված այս քայլը, փաստացի, նախագահական ընտրություններն Ադրբեջանում վերածել է ֆարսի, որի ողջ իմաստը իշխանության հերթական երկարաձգման լեգիտիմացումն է: Պատահական չէ, որ առաջադրված մյուս թեկնածուներից և ոչ մեկն իրական ընդդիմադիր և Ալիևին իրական մրցակից չէ: Անգամ, այսպես կոչված, միացյալ ընդդիմության` Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն` Ջամիլ Հասանլըն, ով հանդես է գալիս մինչև վերջ պայքարելու պատրաստակամությամբ, չի ընկալվում իբրև այդպիսին: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել այս քաղաքական միավորման կողմից սկզբում առաջադրված` հայտնի մտավորական Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը, պարզ դարձավ, որ Ալիևն իրականում լուրջ մրցակից չի ունենալու:

 

Եվ չնայած այս հանգամանքին` միջազգային հանրությունն ադրբեջանական ընտրությունների նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերում: Քվեարկության ընթացքին հետևելու համար, ըստ պաշտոնական տեղեկությունների, գրանցվել է ավելի քան 40 հազար դիտորդ, որոնցից 1300-ը ներկայացնում են միջազգային կազմակերպություններ ու այլ երկրներ: Նման հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ ընտրությունների ողջ ընթացքի և արդյունքների վերաբերյալ դիտորդական առաքելությունների զեկույցները ուղղորդիչ նշանակություն են ունենալու Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների կառուցման համար, և դա հսկայական ճնշում է Ալիևի վարչակազմի նկատմամբ:

 

Ընտրարշավի ողջ ընթացքը կառուցվել է արտաքուստ մրցակցայնության տպավորություն թողնելու տրամաբանությամբ: Դրան էր ուղղված թեկնածուների մասնակցությամբ  քաղաքական հեռուստաբանավեճերի անցկացումը, թեեւ ընդդիմադիր ուժերին փաստացի հնարավորություն չի տրվել օգտվելու թե' հեռուստատեսությամբ լիարժեք քարոզչություն իրականացնելու, թե' հանրահավաքներ անցկացնելու իրավունքից: Առանձին դեպքերում արձանագրվել են լրագրողների, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրելու, անհեթեթ պատճառաբանություններով ձերբակալելու դեպքեր: Սակայն, նախորդ ընտրությունների համեմատ, դրանք ավելի մեղմ դրսևորումներ են ունեցել, որոնք ոչ այնքան շեշտում էին իշխանության` ռեպրեսիաներ կիրառելու անփոփոխ հակումը, որքան ինչ-որ իմաստով ընդդիմությունից զգուշանալու իմիտացիա էին ստեղծում:

 

Եթե իշխանությանը հաջողվի այս ամենի ֆոնին համեմատաբար ավելի խաղաղ քվեարկություն կազմակերպել, չի բացառվում, որ միջազգային դիտորդների գնահատականները կլինեն պատկերացրածից ավելի մեղմ: Սակայն դա այնքան էլ հեշտ չի լինելու իրականացնել նախ, որովհետև ընդդիմությունն արդեն իսկ որոշել է, անկախ ընտրությունների արդյունքից, մեծածավալ հանրահավաք անցկացնել, որը միշտ վերջանում է բախումներով, և երկրորդ`Ալիևի ամբիցիաների պատճառով: 2003-ի ընտրություններին Իլհամ Ալիևն իր օգտին գրանցել է քվեարկածների 79 տոկոսի ձայները, երկրորդին` 2008-ին` արդեն մոտավորապես 88 տոկոսը: Այլ կերպ ասած` Ալիևը ոչ միայն զուտ ընտրվելու, այլև քվեարկության միջոցով իր հեղինակության աճը ընդգծելու խնդիր է լուծում: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ այս անգամ նա առնվազն նախորդ ընտրություններից ոչ պակաս արդյունք է ցուցադրելու, այսինքն` մոտավորապես 90 տոկոսի սահմաններում:

 

Օրերս ամերիկյան AJF ընկերությունը Ադրբեջանում սոցիոլոգիական հետազոտություն է իրականացրել, ըստ որի` Ալիևի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել ընտրողների 90.5 տոկոսը: Սա, ըստ էության, հանրային կարծիքի նախապատրաստում է: Ալիևի վարչակազմի հիմնական նպատակը լինելու է այդ ցուցանիշը միջազգային հանրության համար հնարավորինս համոզիչ դարձնելը, ինչում էլ կօգնեն դրածո թեկնածուները:

 

Սակայն, անկախ նրանից` ինչպես վաղը կընթանա քվեարկությունը, Հայաստանն իր հետագա քաղաքականությունը պետք է կառուցի հենց Ալիևի` երրորդ անգամ նախագահ դառնալու հեռանկարի վրա: Դեռ այս տարվա օգոստոսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե Հայաստանի համար ամենանախընտրելի տարբերակը Ալիևի վերընտրությունն է: Այդ կողմնորոշումը նա բացատրել էր ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Ալիևի ընտրությունը Երևանի համար կարևորվում է առաջին հերթին հակամարտության գոտում հարաբերական կայունության շարունակմամբ: Սակայն այս մոտեցումը կարող է խաբուսիկ լինել: Ալիևը վաղուց է հասկացրել, որ Մադրիդյան սկզբունքները և դրանց շուրջ բանակցություններն իր համար այլևս գոյություն չունեն: Ստրասբուրգում` ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ, նախագահն ինքը նշեց, որ Ադրբեջանը խափանեց Կազանում կարգավորման հիմնարար սկզբունքներն ամփոփող փաստաթուղթի ստորագրումը և դրանից հետո ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի: Ըստ էության` Ալիևի վերընտրությունից հետո վերանում են բոլոր ներքին գործոնները, որոնք կաշկանդում էին այդ երկրի իշխանությանը շատ ավելի ագրեսիվ կեցվածք ընդունել և գուցե նաև շփման գոտում պրովոկացիաներ հրահրել` ավելի մասշտաբային ռազմական գործողություններ սկսելու նպատակով:

 

Եվ միակ գործոնը, որը կարող է զսպել Ալիևի ախորժակը, ընտրությունների կանխատեսելի արդյունքներով պայմանավորված` միջազգային հանրության ճնշումների մեծացումն է: Այս իմաստով նույնիսկ Հայաստանին ձեռնտու է Ալիևի «ընտրությունը» հատկապես ոչ լեգիտիմ ընտրություններով և դրա ամրագրումը միջազգային հանրության կողմից: Դա գոնե պլատֆորմ կստեղծի Ալիևին փարիզյան գործընթացի և Մադրիդյան սկզբունքների շրջանակում բանակցությունների սեղանի մոտ պահելու, այդպիսով` ստաստուս քվոն պահպանելու և պատերազմից առժամանակ խուսափելու համար: Չի բացառվում, որ ադրբեջանական ընտրությունների նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունը ևս մեծ չափով պայմանավորված է հենց այդ լծակը նրա նկատմամբ ձեռք բերելու նպատակով:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ