Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Արման Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն:
Մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը և այժմ փոխարինում է վերջերս ՀԱՄՀ-ի տնօրենի պաշտոնից հեռացած Բեկոր Փափազյանին: Ուշագրավ է, որ Խաչատրյանի նշանակումը կատարվել է ՀՀ օրենքի խախտմամբ:
Հայաստանի կառավարության կողմից 2008թ. փետրվարին ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը գործունեություն է ծավալում «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի և սեփական կանոնադրության համաձայն։ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածում նշված է. «Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը։ Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը»:
Իհարկե, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային մրցունակության հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ ազգային մրցունակության խորհրդի նախագահն է, սակայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում որևէ տող չկա, որ հիմնադրամի կառավարչին նշանակում է խորհրդի նախագահը։ Հնարավոր է՝ այստեղ կա օրենքի տարընթերցում, և վարչապետի որոշումը հիմնված է այն արտահայտության վրա, որ ՀԱՄՀ կառավարչին պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը: Այս դեպքում հիմնադիր է հանդիսանում Հայաստանի կառավարությունը։
2008թ. փետրվարի 28-ին կառավարությունը որոշում էր ընդունել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ հիմնադրելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին և հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Գայանե Աֆրիկյանին, որը հիմնադրամի պետական գրանցման պահից դարձել էր գործադիր տնօրեն: Փաստորեն, կառավարությունը՝ որպես ՀԱՄՀ հիմնադիր, մեկ անգամ արդեն օգտվել է այդ իրավունքից:
Իսկ ո՞վ էր նշանակել Բեկոր Փափազյանին
Ազգային մրցունակության հիմնադրամի պաշտոնական կայքէջում տեղեկություններ չկան, թե հունիսի 2-ից արձակուրդում գտնվող Բեկոր Փափազյանը երբ և ում կողմից է նշանակվել ՀԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնին։ Փափազյանի նշանակումից «տեղյակ չէ» նույնիսկ Google-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Հայաստանի ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան (ամսական վարձատրությունը՝ 6,2 մլն դրամ)՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, որոշեց հրաժարվել այդ կարգավիճակից՝ նախ դիմում գրելով հերթական արձակուրդի գնալու, ապա հունիսի 15-ից աշխատանքից ազատվելու մասին։