Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ամսվա վերջերին Կազանում նախատեսված Դմիտրի Մեդվեդեւ-Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումից առաջ փորձագիտական ու քաղաքագիտական հանրությունը կրկին շրջանառության մեջ է դնում տեսակետ, թե Ռուսաստանի նախագահը ճնշում է բանեցնելու Հայաստանի ու Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք համաձայնության հասնեն կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:
Կասկածից վեր է, որ կովկասյան տարածաշրջանում միակ գերտերությունը, որը կարողանում է թելադրել խաղի կանոնները, Ռուսաստանն է: Լավ է սա, թե վատ, այլ հարց է: Այն, ինչ կարող է անել Մոսկվան Կովկասում, ի վիճակի չեն անել մյուս համաշխարհային ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան միասին վերցրած: Արդ, Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է ճնշում բանեցնել Հայաստանի ու Ադրբեջանի վրա: Ղարաբաղյան պատերազմի ու կարգավորման գործընթացի պատմությունը ցույց է տալիս, որ Մոսկվան, չնայած Արեւմուտքի կողմից իրականացված ու իրականացվող հակառուսական քարոզչության, Արցախի հարցում եղել է շատ ավելի ազնիվ ու հավասարակշիռ, քան Եվրոպան կամ ԱՄՆ-ը:
1991-1994թթ. պատերազմի ընթացքում, լայն հաշվով, Ռուսաստանը չի օգնել կողմերից եւ ոչ մեկին, իսկ զենք-զինամթերք վաճառելու հարցում փորձել է պահել հավասարակշռությունը: Ադրբեջանական եւ արեւմտյան պնդումները, թե Ռուսաստանը օգնում էր Հայաստանին, իրականության հետ կապ չունեն: Ավելին, եթե այսօր Շահումյանն ու Գետաշենը ադրբեջանական վերահսկողության տակ են, դրա համար Բաքուն պետք է երախտապարտ լինի հոգեւարքի մեջ գտնվող ԽՍՀՄ-ին:
Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, իր չեզոքությունը պահել է նաեւ 1994 թվականի զինադադարին հաջորդած բանակցությունների գրեթե բոլոր փուլերում, բացառությամբ, անշուշտ, 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի, երբ Մոսկվան աջակցեց այն ժամանակ ԵԱՀԿ նախագահությունը իրականացնող Շվեյցարիային ու կազմակերպության մյուս բոլոր անդամներին, ովքեր փորձում էին լուծում պարտադրել (անշուշտ փաստաթղթով եւ ոչ դե ֆակտո) եւ Արցախը ենթարկեցնել Ադրբեջանին: Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը 1997-ից ի վեր եղել է ամենից հստակը եւ ազնիվը՝ Ռուսաստանը կպաշտպանի եւ կօժանդակի յուրաքանչյուր լուծման տարբերակ, եթե դրան հասնեն Հայաստանն ու Ադրբեջանը: Ավելին, եռանախագահող երկրներից միակը Ռուսաստանն է, որը կարեւորում է Ստեփանակերտի կարծիքը:
Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ճնշում բանեցնի Հայաստանի կամ Ադրբեջանի վրա, երբ այսօր ստեղծված ստատուս-քվոյի պայմաններում Մոսկվայի ձեռքում են ե՛ւ Բաքվին, ե՛ւ Ստեփանակերտին, ե՛ւ Երեւանին «չափի մեջ պահելու» շղթաները: Ճնշում բանեցնել եւ լուծում պարտադրել՝ նշանակում է փչացնել հարաբերությունները երեքի հետ էլ: Ինչո՞ւ պետք է «վատամարդը» Ռուսաստանը դառնա: Ավելին, իրականությունն այն է, որ որեւէ կարգավորումից հետո Ռուսաստանի դիրքերը կթուլանան Կովկասում, քանի որ Մոսկվան այսօր տնտեսապես չի կարող մրցակից լինել ո՛չ Եվրոպային եւ ո՛չ էլ ԱՄՆ-ին: Ռուսաստանը Արցախում եւ նրա շուրջ ստեղծված ստատուս-քվոյի փոփոխությանը կողմ կլիներ այն դեպքում, եթե Հայաստանի ու Ադրբեջանի, Արցախի ու Ադրբեջանի միջեւ տարանջատիչ՝ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցում Արեւմուտքը կողմ արտահայտվեր ռուսական նախագծին, այն է՝ խաղաղապահ առաքելությունն իրականացնեին ռուսները, վատագույն դեպքում՝ ԱՊՀ խաղաղապահները:
Սակայն այս մասին ամերիկացիները, եվրոպացիներն ու թուրքերը լսել անգամ չէին ուզում: Ի դեպ, 1994-1997թթ. բանակցային գործընթացում, որը եռակողմ էր, Մոսկվան իրավամբ ճնշում էր բանեցնում կողմերի վրա, առաջին հերթին՝ հայկական երկու կողմերի, որպեսզի նրանք տարածքային զիջումներ անեն: Մոսկվան հստակ հայտարարում էր, որ խաղաղապահների կորիզը պիտի կազմեն հենց ռուսները, ինչին կտրականապես դեմ էր հենց Ադրբեջանը: Այսպիսով, Բաքուն կողմ էր, որպեսզի ռուսների ճնշումով հայերը հեռանան Աղդամից, Ֆիզուլիից, Ջեբրայիլից, Զանգելանից ու Կուբաթլիից, սակայն դեմ էր, որ այդ տարածքների մի մասի վրա հաստատվեն ռուսական ուժերը: Ադրբեջանի լեզվի վրա Թուրքիա անունն էր, ինչին, բնականաբար, դեմ էին արտահայտվում ոչ միայն Ռուսաստանը, այլ Հայաստանն ու Արցախը:
Վերջում մի ուշագրավ զուգադիպության մասին: Հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց մասին հիշատակում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներն իրենց Դովիլյան հայտարարությունում, առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին է ներկայացվել նույն Կազան քաղաքում՝ 2005 թվականի օգոստոսին: Գործընթացը սկսվել էր ավելի վաղ՝ 2004 թվականի գարնանը, Պրահայում: Ճիշտ է, այդ սկզբունքները հետագա տարիներին փոփոխությունների ենթարկվելուց հետո վերջնական տեսքի բերվեցին եւ Երեւանին ու Բաքվին փոխանցվեցին 2007թ. նոյեմբերին Մադրիդում, սակայն նախնական տարբերակը ներկայացվել էր հենց Կազանում:
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ