Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում՝ Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսեց իր նախընտրական քարոզարշավը՝ «Հավատարիմ հողին ու հային» կարգախոսի ներքո:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ելույթում նշեց, որ սկիզբ են դնում քարոզարշավին՝ վստահությամբ, որ հաղթելու են: Իսկ իրենց կարգախոսը յուրաքանչյուր դաշնակցականի էությունն է:
«Մեր նպատակն է կառուցել ազատ քաղաքացու արդար և հզոր երկիր: Կառուցել ազատ, անկախ և միացյալ Հայաստան: ՀՅԴ-ն հանդես է գալիս ազգային արժեքների պահպանման, առանց զիջումների զարգացման, սոցիալական արդարության դիրքերից»,- շեշտեց նա՝ նշելով, որ առաջիկա ընտրությունները կանխորոշելու են երկրի զարգացման ապագան:
«Ընտրություններին մասնակցող ուժերը՝ հին և նոր, ձեր տեսադաշտում են: Համեմատեք և կտեսնեք, որ Դաշնակցությունը տարբերվում է բոլորից, քանի որ մեկ անձի կուսակցություն չենք, ունենք գաղափարական և ծրագրային սկզբունքներ: Մենք երբեք ամբոխավար չենք եղել և չենք լինելու, որովհետև չենք ասել մի բան և հետո՝ մեկ այլ: Մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք»,- նշեց Համբարձումյանն՝ ակնարկելով, որ ներքին և արտաքին ուժերը փորձել են ազդեցություն բանեցնել Դաշնակցության վրա, բայց դա որևէ մեկին չի հաջողվել և չի հաջողվելու, որովհետև Դաշնակցությունն ունի մեկ տեր՝ հայությունը:
Ըստ նրա՝ որքան ուժեղ լինի Դաշնակցությունը, այնքան երկիրն արդար ու խաղաղ կլինի: «Պետք է զարգանանք` առանց զիջելու, սա պետք է դառնա գործ»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի 152 հոգանոց ցուցակի առաջին եռյակում են ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը եւ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Իսկ ՀՅԴ-ն քվեաթերթիկում 3-րդ համարն է։