Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրատապ հանրային քննարկում էր կազմակերպել` Հայաստանի արտաքին քաղաքական վերջին իրադարձությունները քննարկելու նպատակով` Աստանայում ԵՏՄ հիմնադրման և առանց Արցախի այդ միությանն անդամակցելու Հայաստանի հեռանկարների շուրջ: Նշենք, որ քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն նրանցից ոչ ոք չէր ներկայացել այդ քննարկմանը:
Քննարկման բանախոսներից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ, ինչպես միշտ, իշխանության ներկայացուցիչները չեն ներկայացել, որովհետև կարծիք չեն կարող արտահայտել այդ իրադարձությունների կապակցությամբ:
«Նրանցից ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում երկրի նախագահը, ահա` ինչու չեն կարող կարծիք հայտնել կամ էլ վախենում են կարծիք հայտնել, որովհետև կկորցնեն իրենց դիրքն ու պաշտոնը»,- ասաց նա:
Իսկ քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ սկսվել է պատմական նոր փուլ Հայաստանի համար, և նման սպառնալիք չի եղել Հայաստանի համար նրա անկախության 23 տարիների ընթացքում: Հայաստանը փորձում է մաս կազմել մի միության, որն իրականում ընդլայնվող նորացվող կայսրություն է: Եվ անդամակցելուց հետո Հայաստանում ընտրությունները կրելու են արարողակարգային բնույթ, իսկ կոռումպացված համակարգը հավերժացվելու է:
Դավիթ Շահնազարյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները ասում էին, որ դառնալու են այդ միության հիմնադիր անդամ, բայց դա տեղի չունեցավ, անգամ` իր անդամակցության հարցը չի որոշելու Հայաստանը: Նա նաև կարծիք հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությունում շատ լուրջ քննարկումներ են գնում այն ուղղությամբ, որ Ադրբեջանը անդամակցի այդ միությանը:
«Ռուսաստանը պատրաստ է հանուն Ադրբեջանի անդամակցության զիջել ամեն ինչ, և Հայաստանը այդ միության ներսում այլևս սուբյեկտ չէ, այլ Ռուսաստանի ձեռքում Ադրբեջանի վրա ճնշում իրականացնելու գործիք»,- ասաց Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն է` վերահսկողություն սահմանել Ադրբեջանի էներգետիկ համակարգի վրա և խաղաղապահների անվան տակ զորք տեղակայել Հայաստանում:
Ըստ նրա` եթե Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ապա ԼՂ բանակցային գործընթացը վարելու է անմիջականորեն Ռուսաստանը: