Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտահերթ ընտրությունները միակ ձեւն են` հաղթահարելու այն խորը եւ գուցե ավելի խորացող քաղաքական ճգնաժամը, որ առկա է Հայաստանում։
Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հայտարարելով լրագրողների հետ հունիսի 2-ի հանդիպման ժամանակ` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Դավիթ Շահնազարյանը նշել է, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, եւ մոտ ապագայում այդ հարցը կստանա իր տրամաբանական լուծումը։ Այդ ընտրությունները, ըստ նրա, բխելու են թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ հենց իշխանությունների շահերից:
«Իշխանություններն ասում են, որ արտահերթ ընտրությունները պետության վարկին են հարվածում: Ոչ, ընդհակառակը, դրանք միայն բարձրացնում են այդ վարկը, այլ ճանապարհ գոյություն չունի: Իշխանություններն էլ են դա հասկանում, գուցե ոչ բոլորը, բայց շատերը լավ հասկանում են»,- ասել է ՀԱԿ անդամը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը` Դ.Շահնազարյանը նշել է, որ այն էապես եւ որակապես տարբերվում է նույն ձեւաչափով արված երկու նախորդ հայտարարություններից: Այդ հայտարությունը, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, հետեւանքն է այն աննախադեպ գլոբալ համագործակցության, որը վերջերս ծավալվել է Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ` արաբական աշխարհում եղած կնճիռները մաքրելու, իսրայելա-պաղեստինյան հարցերը կարգավորելու եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:
Դ.Շահնազարյանի գնահատմամբ` ԼՂ կարգավորման ողջ պատմության ընթացքում երբեւէ չի եղել, որ համանախագահող երկրների դիրքորոշումներն այսքան սերտ կլինեն, եւ գործողությունները` այսքան համագործակցված: Դա, ըստ էության, պահանջ է` ներկայացված Ի.Ալիեւին եւ Ս.Սարգսյանին, որ արդեն ավարտվել են ժամկետները եւ պետք է հասնել համաձայնության:
«Սեղանին ոչ թե Մադրիդյան սկզբունքներն են, այլ Սոչիի փաստաթուղթը»,- նշել է Դ.Շահնազարյանը: Ըստ նրա` եռանախագահողները վստահ են, որ Սերժ Սարգսյանի հետ խնդիր չեն ունենալու, բայց վստահ չեն, որ Ալիեւի հետ նույնպես չեն ունենա: Նրա կարծիքով` այդ հայտարարությունից ուղղակի բխում է, որ կողմերը խուսանավելու, ձգձգելու տեղ չունեն, եւ այն կողմը, որը «փորձ կանի հրաժարվել, կարող է խստորեն պատժվել»:
Նշելով, որ միջնորդների միջեւ կա սերտ համագործակցություն, եւ որեւէ տարաձայնություն չկա, Դ.Շահնազարյանը չբացառեց, որ մոտ ապագայում գուցե նաեւ եռանախագահող երկրները կարողանան համաձայնության գալ իրենց համար այնպիսի խնդրահարույց հարցերում, ինչպիսիք են խաղաղապահների հարցը եւ այլն: «Եթե ոչ Կազանում, ապա հաջորդ հանդիպմանը մեծ է հավանականությունը, որ կստորագրվի փաստաթուղթ, որից անմիջապես հետո շատ արագ կսկսվի աշխատանքը մեծ պայմանագրի վրա»,- հայտարարեց Դ.Շահնազարյանը` նշելով, որ այդ փաստաթուղթը ո'չ պրոհայկական է լինելու, ո'չ էլ պրոադրբեջանական, այլ երկու երկրների համար էլ ծանր:
Ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանությունները հայտնվել են բարդագույն կացության մեջ, քանի որ, ինչպես նշեց ՀԱԿ ներկայացուցիչը, ստիպված են գնալ շատ լուրջ, պատասխանատու քայլերի, երբ Հայաստանում առկա է շատ խորը քաղաքական ճգնաժամ, ծանր եւ օրըստօրե ծանրացող սոցիալ-տնտեսական վիճակ: «Այս պայմաններում գնալ նման քայլերի, կարծում եմ, կլինի արկածախնդրություն կամ բախտախնդրություն: Եվ միակ ելքը՝ գործընթացները որոշակիորեն ուղղելու էլ ավելի մեզ ձեռնտու հունով, դա արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են: Իշխանությունները դա շատ լավ հասկանում են, եւ ես վստահ եմ, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անխուսափելի են»,- հայտարարել է Դ.Շահնազարյանը: