կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 22:58
Քաղաքական

Դավիթ Շահնազարյանը Սարգսյանին և Հովհաննիսյանին երկխոսության կոչ է անում

Դավիթ Շահնազարյանը Սարգսյանին և Հովհաննիսյանին երկխոսության կոչ է անում

ՀԱԿ նախկին անդամ, ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանն հայտարարություն է տարածել, որում նշված է.

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը չի ընդունում 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները, ինչի հետևանքով հանրապետությունում բարձրացել է քաղաքացիական բողոքի մեծ ալիք:

 

Ստեղծված իրավիճակում հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Փետրվարի 21-ի նրանց հանդիպումը, ցավոք, ո՛չ համաձայնության հասնելու անկեղծ ձգտում էր, ո՛չ էլ երկխոսություն իր էությամբ: Այն սոսկ պահանջների և դիրքորոշումների երկուստեք արտահայտում էր:

 

Ծավալվող հետընտրական զարգացումներն առավել քան մտահոգիչ են: Լարվածության հետագա հնարավոր աճն ու սրացումները հղի են առճակատումների վտանգով,քանի որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են կորցնել վերահսկողությունը հետագա զարգացումների նկատմամբ, ինչի հետևանքները ծանր կլինեն երկու կողմերի համար էլ: Արդյունքում իր նպատակին կարող է հասնել երրորդ կողմը, ինչպես մեկ անգամ արդեն տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում:

 

Նման աղետալի վտանգից խուսափելու, ստեղծված բարդ իրավիճակը հանգուցալուծելու միակ ուղին քաղաքական համաձայնությունն է, որին հասնելու հնարավորությունը, կասկած չունեմ, դեռևս սպառված չէ:

 

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` կոչ եմ անում Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ վերսկսել երկխոսությունը և հանուն մեր պետականության ու ժողովրդի հասնել քաղաքական համաձայնության»: