կարևոր
4804 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-11 19:27
Հասարակություն

Քաղաքական դերակատարների կողմից անհապաղ իշխանափոխություն իրականացնելը անխուսափելի է և օրհասական. Դավիթ Անանյան

Քաղաքական դերակատարների կողմից անհապաղ իշխանափոխություն իրականացնելը անխուսափելի է և օրհասական. Դավիթ Անանյան

Այլևս հանրության գրեթե մեծամասնության համար է ակնհայտ, որ պատմական ներկա փուլում Հայաստանը կանգնած է գոյութենական հիմնախնդրի խնդրի առջև, որի հանգուցալուծումը հնարավոր չէ հայաստանյան ներկայիս գաղափարապես ամուլ քաղաքական իշխանության առաջնորդությամբ, հետևաբար, գործնականում ազգային համերաշություն և ազգային համախմբում առաջարկող եւ իրագործման ներուժ ունեցող քաղաքական դերակատարների կողմից անհապաղ իշխանափոխություն իրականացնելը անխուսափելի է և օրհասական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Իշխանափոխության իրականացում հնարավոր է միմիայն քաղաքական համախմբման պարագայում, որի մասնակիցները, նախևառաջ, պետք է լուծեն քաղաքական համախմբման առանցքային հարցը՝ քաղաքական համախմբման լիդերի ընտրության հարցը, որը քաղաքական համախմբման մասնակիցների միասնական (կոնսենսուսային) ցանկության դեպքում դյուրին լուծելի հարց է (բնականաբար, քաղաքական լիդերի պոտենցիալ թեկնածուի համաձայնության պարագայում):

Չնայած հանրության մոտ ներկա իշխանությունների հանդեպ առաջացած խորը հիասթափության ու հակակրանքի, այնուամենայնիվ, հանրությունը օբյեկտիվորեն անհանգստացած է, թե ի՞նչ կարող է այս իրավիճակում անել նոր իշխանությունը, որո՞նք վերջինիս կողմից ձեռնարկվելիք քայլերը։

Իշխանափոխությունից հետո նոր իշխանության կողմից ձեռնարկվելիք առաջին հինգ քայլերը, իմ պատկերացմամբ, հետևյալը կարող են լինել․

1.Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորում, որի վարչապետը քաղաքական համախմբման լիդերն է, իսկ անդամները քաղաքական համախմբման մասնակիցների կոնսենսուսային որոշմամբ առաջադրված այնպիսի անձինք են, որոնք ունեն ճգնաժամային կառավարման փորձ ու հմտություններ, արհետավարժ են, ունեն հեղինակություն և հանրային վստահություն են վայելում (նրանց վերաբերյալ հանրային ընկալումն առնվազն բացասական չէ)

  1. Հայաստանի առջև ծառացած գոյութենական խնդիրների հաղթահարման ու հանգուցալուծման համար երկրում հայտարարվում է արտակարգ դրություն՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը․
  2. բացառապես պաշտպանական նպատակներով Հայաստանում հայտարարվում է համազգային լրիվ կամ մասնակի զորահավաք՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հստակ համագործակցությամբ սահմանապահ և սահմանամերձ համայնքների բնակչությանը սահմանների պաշտպանությանը ներգրավելու միջոցով․
  3. Հայաստանը դադարեցնում է Ադրբեջանի հետ թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության կնքման պահին փաստացի գտնվելու դիրքեր․
  4. ՀՀ տնտեսության կառավարումն իրականացվում է ճգնաժամային կառավարման կանոններով, սկզբունքներով ու գործիքակազմով․ ռազմարդյունաբերությունը հայտարարվում է տնտեսության գերակա ճյուղ, իսկ պետական սահմանին հարակից պաշտպանական գոտիներում մեկնարկում է ռազմական-ինժեներական ու պաշտպանական վերգետնյա և ստորգետնյա կառույցների լայնածավալ շինարարությանն ուղղվող հսկայական կապիտալ ծրագրերի իրականացում՝ շինարարական աշխատանքներին ներգրավելով սահմանապահ ու սահմանամերձ համապատասխան համայնքների բնակչությանը»։