կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-31 03:40
Հասարակություն

Կենսաթոշակառուի փողերով ղումար խաղալ չի կարելի

Կենսաթոշակառուի փողերով ղումար խաղալ չի կարելի

Մարդն ամբողջ կյանքում աշխատում է, կենսաթոշակային մասնավոր հիմնադրամին գումար վճարում, որ օր ծերության իր ապրուստի գումարն ունենա, ու մեկ էլ այդ ընկերությունը սնանկանում է: Եվ այս դեպքում էլ պետությունը որեւէ պատասխանտվություն չի կրում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրում նման կետ ունենալը պարզապես անընդունելի է, քանի որ երաշխիքներ չկան, որ մի «ճարպիկ ձեռներեց» իրենով չի անի մարդկանց` ամբողջ կյանքում կուտակած գումարները:

Ըստ Մանասերյանի` նման սողանցք թողնելը նշանակում է զարտուղի ճանապարհներով առաջ գնալու հնարավորություններ ստեղծել:

Տնտեսագետը նշեց, որ, օրինակ, ԱՄՆ-ը դեռեւս 16-17 տարի առաջ այս նույն բարեփոխումները կատարեց, որոշվեց պետական կենսաթոշակային ռեսուրսները վստահել մասնավոր ընկերություններին: Բայց, առաջին հերթին, դա պետք է արվեր բոլոր կենսաթոշակառուների համաձայնությամբ, եւ երեք տարի անցավ մինչեւ բոլորից այդ համաձայնությունը ստացան:

Երկրորդ` դա պետք է վստահվեր բարձր վարկանիշ ունեցող ընկերություններին: Իսկ սնանկացման հարցը չի քննարկվում, քանի որ այդ ընկերությունները ապահովագրված են լինում:

Ի պատասխան սրան` ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ սնանկացում ասվածը գոյություն չունի օրենքում, պարզապես կան ֆորսմաժորային իրավիճակներ: Իսկ այդ դեպքերում, ինչպես մյուս երկրների փորձն է ցույց տալիս, կառավարությունը խառնվում է եւ իր միջնորդությամբ փորձում լուծել խնդիրը: Ըստ Հ. Հակոբյանի` ֆորսմաժորային իրավիճակ կլինի այն ժամանակ, երբ մոլորակը կսկսի հակառակ ուղղությամբ պտտվել:

Թ. Մանասերյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ նախագահը օրինագիծը հետ է ուղարկել հենց այդ կետի առկայության պատճառով, եւ եւս մեկ անգամ նշեց. «Չի կարելի թույլ տալ ռիսկի դիմել, կոպիտ ասած` ղումար խաղալ կենսաթոշակառուների փողերով»:

Հ. Հակոբյանը շարունակեց բացատրել, թե մասնավոր հիմնադրամի կառավարչի գումարներն ու կենսաթոշակային ֆոնդը բոլորովին այլ կերպ են օգտագործվելու. «Մենք օրենքում առանձնացրել ենք կառավարչի կողմից ներդված գումարը, որն ընդհանուր գումարի 1 տոկոսն է, եւ մասնակիցների գումարը, որը կառավարչի գումարի հետ կապ չունի: Եվ կառավարչի սնանկացման  դեպքում կառավարիչը պատասխան է տալիս միայն իր ունեցած գումարների չափով»:

Այն հարցին ի պատասխան, թե եթե այդ նույն կառավարիչը մասնակիցների գումարները ներդնում է ռիսկային մի գործի մեջ եւ տանուլ է տալիս, այդ դեպքում ի՞նչ է լինելու, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Կառավարիչը չի կարող ներդնել գումարները այն նախագծերում, որոնք չեն երաշխավորվում կամ չեն համապատասխանում կառավարության կամ ԿԲ-ի չափանիշներին: Չի կարող եւ վերջ»:

Իսկ Թ. Մանասերյանը նկատեց, որ դեռ չի հստակեցված, թե ինչպես, ինչ ոլորտներում ինչ ներդրումներ կարելի է անել: