կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 12:55
Աշխարհ

Էրդողանը, նախընտրելով բախումները, «ղումար» խաղաց և հաղթեց. Financial Times

Էրդողանը, նախընտրելով բախումները, «ղումար» խաղաց և հաղթեց. Financial Times

Դևիդ Գարդները Financial Times-ի իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ քննադատելով այդ «հաղթանակը նվաճելու» համար՝ Էրդողանի ընտրած ճանապարհը. տեղեկացնում է Demokrathaber-ը:

Գարդների խոսքով՝ Էրդողանի՝ հասարակության նկատմամբ կիրառած ռազմավարության համար Թուրքիան է վճարում:  

«Իր երկրպագուների տեսանկյունից՝ հսկա անձնավորություն, իսկ ճարահատ ընդդիմության տեսանկյունից բռնակալ համարվող Էրդողանը դարձյալ հաջողեց: Նախընտրելով բախումները՝ «ղումար» խաղաց և հաղթեց: Էրդողանը նախկինում ժողովելով էր հաղթում, իսկ հիմա՝ մասնատելով: Այս ամենի հետևանքը Թուրքիայի համար շատ ծանր կարող է լինել»,- գրել է նա:

Գարդները, հիշեցնելով, որ, Սահմանադրության համաձայն, նախագահ Էրդողանը պետք է անկողմնակալ լինի, սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզարշավի ողջ ընթացքում ուշադրության է արժանացրել սուննիներին, իսլամիստներին և թուրքական ինքնություն ունեցողներին՝ առանձնացնելով քրդերին, ալևիներին: «Օգտագործելով պետական ուժը՝ գերիշխեց ԶԼՄ-ների վրա, ընդդիմության ձայնը կտրեց, սոցկայքերի վրա ճնշում գործադրեց»,- նշել է հոդվածագիրը՝ հավելելով, որ Քրդական բանվորական կուսակցության վերսկսված հարձակումները նպաստեցին, որ ազգայնականները քվեարկեն Էրդողանի օգտին: «Այսպիսով՝ Էրդողանի ծրագիրն իրականացավ՝ քրդերից շատերը, ի տարբերություն նախորդ ընտրությունների,  չքվեարկեցին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին»:

Հոդվածագիրն այնուհետև տարակուսում է, թե այսքանից հետո ԱԶԿ-ի կառավարությունն ինչպե՞ս է համոզելու քրդերին՝ բանակցությունների գնալ: