Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր հրավիրված ասուլիսում գոհունակությամբ նշեց, որ գարնանը մեկնարկած եւ այս պահին արդեն ավարտվող քաղաքական գործընթացներն առաջ են ընթանում ՀԱԿ-ի թելադրած օրակարգով: Գործընթացների այս փուլի կարեւոր հանգրվան կլինի մայիսի 31-ի համապետական հանրահավաքը:
Խոսելով երկխոսության մասին` Մուսինյանը նշեց, որ, այս հարցի հետ կապված, բավական շահարկումներ են եղել, բայց այս պահին երկխոսություն չկա: Նա նշեց, որ ՀԱԿ-ն իր ստեղծման օրվանից մշտապես կողմ է եղել երկխոսությանը, բայց դա չէր կարող լինել այն պարագայում, երբ երկրում կային «քաղաքական բանտարկյալներ»:
«Մի' մտածեք, որ ռեժիմը մի օր արթնացավ, բարիացավ եւ սկսեց մտածել պետության ապագայի եւ իր քաղաքացիների բարեկեցության մասին: Իշխանությունները հասկացան, որ քաղաքական բանականության տեսանկյունից որեւէ կերպ բացատրելի չի լինի այս պահանջների չկատարումը, եւ, տեսնելով իրենց դեմ ելած հասարակական շարժումը, հասկացան, որ պահանջների չկատարումը կարող է ավելի աղետալի հետեւանքներ ունենալ»,- նշեց ՀԱԿ խոսնակն ու հավելեց, որ «երկխոսություն չի եղել, եղել է հրապարակային պահանջների առաջադրում, եւ վարչախմբի կողմից այդ պահանջների կատարման հարցում ընկալունակության դրսեւորում»:
«Երկխոսություն ասելով` մենք նկատի ենք ունեցել պահանջների կատարումից հետո երկու կողմերի ներկայացուցիչների կողմից հանդիպումների շարքը, որում ՀԱԿ-ը մասնակցելու է մեկ օրակարգով` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- ասաց Ա. Մուսինյանը:
Ինչ վերաբերում է իշխանության հետ դաշինք կազմելու մասին խոսակցություններին, Արման Մուսինյանը հավաստիացրեց, որ նման բան չկա. «Համագործակցության մասին խոսք լինել չի կարող, մենք ռեժիմի հետ չենք համագործակցել եւ չենք համագործակցի, բայց Հայաստանում ստեղծված սուր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ մեր պահանջների լիակատար կատարման դեպքում պատրաստ ենք երկխոսություն սկսել վարչախմբի հետ»:
ՀԱԿ խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում ընդդիմության այլ ուժերի կողմից զանազան միավորումներ ստեղծելու նախաձեռնություններին, եւ արդյո՞ք մտավածխություն չունի, որ ՀԱԿ-ից հիասթափված ընտրազանգվածը կարող է գնալ այդ ուժերի մոտ:
Մուսինյանը նախ անկեղծորեն զարմացավ «ՀԱԿ-ից հիասթափված ընտրազանգված» արտահայտությունից, ապա նշեց, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը ոչ միայն չի հիասթափվել, այլեւ ստվարացել է: Ինչ վերաբերում է ընդդիմադիր այլ ուժերի կողմից տարբեր միավորումներ ստեղծելուն, նա նշեց, որ «ցանկացած ուժի, որն իր առջեւ խնդիր է դնում այս արատավոր համակարգի ապամոնտաժումը եւ այդ ուղղությամբ անում է ռեալ քայլեր, իրենք միայն ուրախ կլինեն», իսկ հետո, հավելելով, որ ՀԱԿ-ը երբեք խնդիր չի դրել ամբողջ ընդդիմադիր դաշտը միավորելու, նշեց, որ «այդ ուժերի վերջին շրջանի գործողությունները ո'չ իրենց, ո'չ էլ, վստահ է, հասարակությանը չեն համոզում այդ ուժերի` անկեղծ լինելու մեջ»:
Ի դեպ, քանի որ իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների դեպքում ՀԱԿ-ն ունի տարբեր քայլեր, ապա մայիսի 31-ի հանրահավաքից Արման Մուսինյանը մանրամասներ չհաղորդեց, քանի որ ՀԱԿ-ի մշակած մոտեցումները վերջնական եւ ստատիկ չեն: Միայն նշեց, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ կունենան Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, բայց, անկախ նրանց ելույթների բուն բովանդակությունից, ՀԱԿ խոսնակը համոզմունք հայտնեց, որ նրանց ազատ արձակումը երկրում քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառ կդառնա:
Մուսինյանը նաեւ նշեց, որ ՀԱԿ-ը քաղաքականությամբ զբաղվում է 7 օր, 24 ժամ ռեժիմով, քաղաքական պրոցեսներն էլ այնքան դինամիկ են, որ շատ ակտիվ է լինելու նաեւ ամառային շրջանը: