Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծում վերջինիս կողմից ներկայացված 5 կետերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հստակ նշված չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ այս երկու գործընթացները տարանջատվում են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին՝ դրանց միջոցով ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված այդ հայտարարության մեսիջն այն էր, որ 2 պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որի մասին Հայաստանի Հանրապետության իշխանությունները խոսում էին նաև մինչև այդ: Երբ Ադրբեջանի կողմից ներկայացվեցին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 5 կետանոց առաջարկներ, ՀՀ իշխանություններն արտահայտեցին իրենց դիրքորոշումն առ այն, որ նրա տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ պահանջ չեն ունեցել ու չունեն: Այստեղ խնդիրն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն է վերաբերում՝ ըստ միջազգային նորմերով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի:
Արցախի Հանրապետությունը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ մենք մեր անկախությունը հռչակել ենք ԽՍՀՄ համապատասխան օրենսդրության և միջազգային բոլոր նորմերի իրավազորությամբ, ինչպես Ադրբեջանը: Մենք բազմիցս ենք նշել, որ ԽՍՀՄ-ում 1991 թվականի ապրիլին ընդունված օրենքի համաձայն, ըստ որի՝ պետությունները, այդ թվում՝ առանձին միավորները, կարող են դուրս գալ և ստեղծել առանձին պետություն, մենք անկախության հռչակագիր ենք ընդունել,, այնուհետև հանրաքվե անցկացրել նույն իրավազորությամբ, ինչպես, որ Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից»,-մանրամասնեց Արցախի խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ նույն իրավանորմերի շրջանակում 2 պետություն է ստեղծվել՝ հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը եղել է նաև որպես առանձին միավոր ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Արցախի ուղիղ երկխոսությանը, ապա ըստ Հարությունյանի, Արցախը պատրաստ է դրան, եթե միջազգայնորեն ճանաչվի որպես հակամարտող և բանակցային լիիրավ կողմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:
«Եթե կա անմիջապես Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ իրականացնելու գաղափարը, ապա մենք պատրաստ ենք, եթե միջազգային հանրությունը կերաշխավորի, որ Արցախը լիիրավ կողմ է հանդիսանում: Այդ դեպքում պատրաստ ենք քննարկումների, իհարկե, այն 3 սկզբունքների հիման վրա, որոնք համանախագահության ձևաչափով ամրագրված են՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում»,-եզրափակեց Հարությունյանը: