կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-23 18:47
Քաղաքական

Ավարտվեց ՀԱԿ-կոալիցիա երկխոսության 5-րդ ռաունդը

Ավարտվեց ՀԱԿ-կոալիցիա երկխոսության 5-րդ ռաունդը

Իշխանություն-ՀԱԿ երկխոսության հերթական ռաունդը տեւեց ավելի քան հինգ ժամ: Ինչպես միշտ, լրագրողներին առաջինը մոտեցավ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ տեղեկացրեց, որ աշխատանքային խմբերը նախ քննարկել են օգոստոսի 9-ի միջադեպն ու դրա հետ կապված զարգացումները, եւ վստահություն հայտնեց, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխման հարցը արագորեն կկարգավորվի:

Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղի՞ց իրեն նման վստահություն, գուցե իշխանություննե՞րն են դա խոստացել, Զուրաբյանը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես վստահ մարդ է:

Այնուհետեւ աշխատանքային խմբերն անցել են օրակարգային հարցի քննարկմանը եւ լսել կոալիցիայի տեսակետը: Իհարկե, հինգուկես ժամը բավական չի եղել, որ կոալիցիան ամբողջությամբ ներկայացնի իր 130 էջանոց փաստաթուղթը, ընթերցել են դրա միայն 2/3-ը: Ըստ այդմ` Զուրաբյանը նշեց, որ այնքան էլ լուրջ չէ, որ իրենք մինչ փաստաթղթի ներկայացման ավարտը ինչ-ինչ մեկնաբանություններ անեն:

Սակայն ամենասենսացիոն հայտարարությունը դեռ առջեւում էր: «Մի բան կարող եմ ասել, որ իմ տպավորությամբ, այս փաստաթուղթը շատ ավելի լավն է, քան Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած փաստաթուղթը: Ինչո՞ւ, որովհետեւ շատ ավելի լավ է հիմնավորում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում»,- լրագրողներին ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ինչպես եւ սպասելի էր, Զուրաբյանին իր սրամտությամբ չզիջեց կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: «Իհարկե, հռետորական տեսանկյունից գուցե գեղեցիկ հնար է օգտագործել պարոն Զուրաբյանը, բայց, բնականաբար, հակառակն է, մեր կարծիքով` մենք այս պահին չենք տեսնում, որ ՀԱԿ-ի որեւէ մի հիմնավորում հիմնավորում է արտահերթ ընտրությունները»,- քիչ ավելի ուշ մեկնաբանելով Զուրաբյանի հնչեցրած միտքը` նկատեց Դ. Հարությունյանը:

Սակայն լրագրողների հետ ճեպազրույցում հնչած մտքերից ամենաուշագրավը, թերեւս, Զուրաբյանի «հայտնագործությունն» էր: Պարզվում է` բոլորս մինչեւ հիմա չարաչար սխալվել ենք` կարծելով, թե Հայ ազգային կոնգրեսն արմատական ընդդիմություն է: Լրագրողներից մեկի հարցին` արդյոք կոնգրեսն այլեւս դադարո՞ւմ է լինել արմատական ընդդիմություն, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն, մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխություններ կատարելու ջատագով, իսկ դա եղել ենք միշտ»:

Այսպիսով, ոչ արմատական ընդդիմության եւ իշխանական կոալիցիայի երկխոսության գործընթացը դեռ շարունակվում է: Զուրաբյանի բնորոշմամբ` շատ դինամիկ քաղաքական պրոցեսներ են ընթանում, սակայն դեռ վաղ է խոսել ՀԱԿ-ի` սեպտեմբերի 9-ի հանրահավաքի մասին: «Ամեն ինչ կախված է երկխոսության արդյունքներից,- նշեց ՀԱԿ համակարգողը:- Մենք փորձում ենք կառուցողական գործընթացը պահպանել, եթե դա հաջողվի, լավ»:

Լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Հարությունյանի պատասխանից եւս կարելի էր եզրակացնել, որ առաջին հարցի վերաբերյալ աշխատանքային խմբերում կարծես ընդհանուր մոտեցումներ կան, որ իրավական համակարգը գործել է ոչ խտրական. «Մենք իրավական պրոցեսում ամենեւին չենք ներգրավվում, մեզ մոտ քաղաքական գործընթաց է, մենք ընդամենը դիտարկել ենք, թե ինչ է տեղի ունենում մեր իրավական համակարգում եւ վստահություն ենք հայտնել, որ իրավական համակարգը շարունակելու է բոլորի նկատմամբ գործել ոչ խտրական»:

Ավել մանրամասներ ներկայացնելուց Դավիթ Հարությունյանը ձեռնպահ մնաց` մնացած հարցերին խոստանալով պատասխանել հաջորդ հանդիպումից հետո:

Իսկ կոալիցիա-ՀԱԿ աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը կկայանա ուրբաթ`օգոստոսի 26-ին, առավոտյան ժամը 10-ին: