Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով կառավարությանն ուղարկված հարցապնդմանը եւ ՀՅԴ-ի առաջ քաշած` կառավարության հրաժարականի հարցին, նշեց, որ իրենք շարունակելու են հետամուտ լինել կառավարության ձախողումներին:
«Ցավոք, քաղաքական մեծամասնությունը չհաստատեց, բայց, ինչպես հասկացանք, շատ էլ դեմ չէին»,- ասաց նա` ավելացնելով, որ իրենք շարունակելու են պայքարը, քանի որ համոզված են` աշնանն ունենալու ենք շատ ավելի վատ վիճակ, քան այսօր է:
Պատգամավորի պնդմամբ` հարցն օրակարգից, ըստ էության, դուրս չի եկել: «Պատահական չէ, որ երեկ հանրապետության նախագահը, անդրադառնալով նույն ժամանակահատվածի տնտեսական զարգացումներին, որոնք կառավարությունը գնահատել էր բացասական, փորձեց սրբագրումներ իրականացնել։ Նախագահը փորձում էր հերքել կառավարության պատասխանները»:
Դաշնակցական պատգամավորը նաեւ կարեւորեց Ընտրական նոր օրենսգրքի համար ՀՅԴ խմբակցության մղած պայքարը` ցավով արձանագրելով, որ քաղաքական մեծամասնությունը գնաց իր նախընտրած ճանապարհով եւ ընդունեց այն, ինչ իրեն էր ձեռնտու:
Խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը հիշեցրեց, որ իրենց պահանջներից միայն մեկը կատարվեց, այն էլ` մասնակի, եւ դա բավարար չէր, որ իրենք կողմ քվեարկեին դրան:
Արծվիկ Մինասյանի համոզմամբ` համաներման ակտը քաղաքական ակցիա էր` զուգորդված իրավական տարրերով: Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը դեռեւս երկու տարի առաջ էր ասում, որ ավելի լայնածավալ համաներում է պետք:
«Եթե այսօր մեր քրեակատարողական հիմնարկներում ավելի շատ մարդիկ կան, քան նախատեսվում է, նշանակում է ինչ-որ բան մեր արդարադատության համակարգի հետ այն չէ»,- եզրակացրեց պատգամավորը: