Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր նոր կառավարության նիստի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նախ շնորհավորեց կառավարության անդամներին, հետո հիշեցրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում երեք խոշոր ընտրական գործընթացներ տեղի ունեցան:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ունեցանք մեր երկրի քաղաքական դաշտի ողջ ներկապնակը ներկայացնող ԱԺ, որն արդեն իսկ իրեն դրսեւորել է որպես գործուն քաղաքական մարմին: Նախագահական ընտրությունների ժամանակ ձեւավորվեց քաղաքական նոր մշակույթ: Իսկ վերջին ընտրություններում քաղաքացիները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին եւ ցույց տվեցին, որ պատրաստ են սատարել այն պաշտոնյաներին, ովքեր օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում, աշխատանքը գերադասում են շոուին:
Նախագահը հայտարարեց, որ յուրաքանչյուր ընտրություն փորձություն է մեր երկրի համար, եւ որ մենք անցանք փորձությունների միջով բավականին վստահ, որպես պետություն` ավելի ամրացած: «2008-ից ի վեր մեզ սպասվում է ամենաբարենպաստ ժամանակահատվածում նվիրվել մեր աշխատանքին, անմնացորդ եւ հետեւողականորեն աշխատել, լուծել մարդկանց հոգսերը եւ ավելի ապահով Հայաստան կերտել: Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, եւ արդյունավետ աշխատելու համար էլ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, ստեղծվել են նպաստավոր պայմաններ, հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով: Անցած տարի կառավարության առջեւ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիր դրվեց, այն լուծվեց: Նույն խնդրն է դրված նաեւ այս տարի, բայց այսուհետ ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Ոչ թե հարցնելու ենք, թե ինչ է արվել, այլ` թե ինչ արդյունքներ է տվել, եւ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի, չափելին աշխատավարձերի, թոշակների բարձրացումն է»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նա խոստովանեց, որ երկրում շատ ու շատ խնդիրներ կան, եւ այդ խնդիրների ու դրանց լուծման մասին հնարավորություն կունենան տեսանելի ապագայում խոսել ավելի ընդլայնված կազմով: Սերժ Սարգսյանը բոլորին հաջողություն մաղթեց եւ խնդրեց հստակորեն գիտակցել, որ իրենց հաջողությունից շատ բան է կախված: Նախագահը հույս ունի եւ վստահ է, որ ոչ միայն կառավարության անդամները, այլ նաեւ բոլոր գերատեսչությունների աշխատողները պատասխանատվության մեծ զգացումով կաշխատեն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախագահին շնորհավորանքների համար եւ հավաստիացրեց, որ քաջ գիտակցում է, որ սպասումները բարձր են, եւ ամեն ինչ կանեն, որ արդարացնեն նախագահի ու հասարակության սպասումները` արդյունքները կլինեն շոշափելի եւ տեսանելի յուրաքանչյուր քաղաքացու համար: