Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Հայաստանում ու Վրաստանում ներկայումս տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներն աստիճանաբար նմանվում են զուգահեռաբար խաղացվող երկու պասյանսների: Առաջինում «ակտիվ կողմը» Արևմուտքն է, որը փորձում է իշխանություն-ընդդիմություն երկխոսության միջոցով հասնել Հայաստանի արևմտյան վերակողմնորոշմանը: Երկրորդում «ակտիվ կողմը» Ռուսաստանն է, որը ընդդիմության գրոհի միջոցով փորձում է վերականգնել Վրաստանի ռուսական կողմնորոշումը:
Երկուսն էլ խաղում են իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով՝ օգտագործելով ամեն ինչ՝ դրամից սկսած մինչև արտաքին սպառնալիքները: Նման «զուգահեռ պասյանսների» խաղարկման պայմաններում երկու կողմն էլ առայժմ աշխատում են շրջափակել արտաքին ճակատներում հնարավոր՝ Ղարաբաղյան կամ ռուս-վրացական պատերազմների բռնկումը, որովհետև առաջինի պարագայում ամրապնդվելու է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, իսկ երկրորդի պարագայում՝ Արևմուտքի ազդեցությունը Վրաստանում:
Հարց է առաջանում՝ ի՞նչ են խոստանում այս զուգահեռ սցենարները Հայաստանին ու Վրաստանին: Հայաստանի պարագայում ակնհայտ է ներքաղաքական դիմակայության որոշակի լիցքաթափումը, որը, սակայն, խոստանում է ուժերի անկանխատեսելի վերադասավորություն 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Վրաստանի պարագայում, ընդհակառակը, ակնհայտ է ներքաղաքական դիմակայության սրումը, որը, սակայն, չունի իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդավարական ռեսուրսներ: Իսկ սա նշանակում է, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում իրադարձությունների զարգացումը առաջիկայում կարող է ընթանալ ուժային դիմակայության սցենարով, որի արդյունքում խոսք կարող է լինել անգամ քաղաքացիական պատերազմի մասին:
Պատճառն ակնհայտ է. ռուսական առածն ասում է. «Երբ ձուկ որսալը դժվար է, ապա հարկ է բավարարվել խեցգետինով»: Իսկ խեցգետին որսալու համար բավարար է նաև Վրաստանում ծավալվող իրադարձությունների վերածումն այնպիսի սուր դիմակայության, որում կզգացվի 1990-ական թվականների վրացական հայտնի «ուժային կառույցների»՝ գվարդիականների ու «Մխեդրիոնիի» նախկին անդամների ներկայության կարիքը:
Այդ պարագայում կարող է ստեղծվել նաև արտաքին ռազմական միջամտության հնարավորություն: Իսկ սա նշանակում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանը կրկին կարող է հայտնվել իր հյուսիսային ու արևմտյան կոմունիկացիաների շրջափակման փաստի առաջ: Նման վտանգն առանձնապես մտահոգիչ է այս տարի կարծես թե մեծ ծավալներ խոստացող՝ երկրի գյուղատնտեսական արտադրանքի, մանավանդ՝ ծիրանի արտահանման ծրագրերի տեսանկյունից: Ուստի՝ այսօրվանից արդեն հարկ է մտածել Հայաստանի բերքի արտահանման համար Վրաստանի մայրաքաղաքը շրջանցող կոմունիկացիաներն օգտագործելու հնարավոր տարբերակների մասին՝ լինի Ախալքալաք-Բաթում գիծը, թե Մեղրի-Էնզելի-Աստրախան տարբերակը: Քանզի երկու երկրների անկախության վերջին 20 տարիների պատմությունից մեզ արդեն հայտնի է, որ երբ «մանդարինները» կռվում են, «ծիրանի գործը» դժվարանում է:
Գաբրիել ԵՐԶՆԿՅԱՆ