կարևոր
484 դիտում, 11 ժամ առաջ - 2025-01-30 11:16
Քաղաքական

ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-վրացական սահմանի սահմանազատումը. Միրզոյան

ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-վրացական սահմանի սահմանազատումը. Միրզոյան

2024 թ-ին Հայաստանն ու Վրաստանն ունեցել են հարաբերությունների էական, շոշափելի առաջընթաց։ Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ և պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ։ Այս մասին այսօր Երևանում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությանը՝ Միրզոյանն ընդգծեց, որ Հարավային Կովկասն այս առումով հսկայական ներուժ ունի։ «Երբ խոսում ենք Հարավային Կովկասի մասին չենք կարող չխոսել նաև Ադրբեջանի մասին։ Բոլորդ տեղյակ եք այս համատեքստում Հայաստանի նախաձեռնությունից՝ «Խաղաղության խաչմերուկից», որը ենթադրում է ակտիվ համագործակցություն 3 երկրների միջև, այդ թվում՝ մեծ ռեգիոնում։ Այս համատեքստում մենք առաջարկ ենք արել Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

«Պատրաստ ենք բոլոր ուղղություններով ամբողջացնել ու վերջնականացնել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղ կարգավորման գործընթացին։

Անդրադառնալով Սահմանազատման գործընթացին՝ Միրզոյանն ընդգծեց, որ այս առումով Հայաստանը կամք և նվիրվածություն ունի ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը շարունակել և ավարտին հասցնել։

Հիշեցնենք՝ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով հունվարի 30-ին է ժամանել Երևան: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: