կարևոր
2902 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-19 10:50
Քաղաքական

Չափագրումներ հայ-վրացական սահմանի՞ն․ «Հրապարակ»

Չափագրումներ հայ-վրացական սահմանի՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ահազանգ ստացանք Լոռու մարզի Ջիլիզա գյուղից․ մեզ հետ կապ հաստատած բնակիչները հայտնեցին, որ երեկ Ջիլիզայում սահմանազատման աշխատանքներ են կատարվել։ Նրանք նկատել են զինվորական համազգեստով անձանց, որոնց ուղեկցել են Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները։ Թե ովքեր են, ինչ աշխատանքներ են իրականացրել, ահազանգողները տեղյակ չէին։

Մենք փորձեցինք ճշտել, թե ինչ աշխատանքներ են կատարվում հայ-վրացական սահմանին, սակայն Ջիլիզա վարչական շրջանի ղեկավար Մհեր Վարդանյանն ասաց, որ ինքը չի տեսել նման խումբ։ «Սահմանի այս հատվածը հսկում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Էս կողմում երեւացող բան չի եղել, գուցե վրացական կողմի՞ց են եկել, պայմանավորվածություն են ունեցել։ Ես չգիտեմ։ Մեր կողմից նման դեպք չեմ նկատել»,- ասաց Ջիլիզայի ղեկավարը։ 

Ալավերդու նորընտիր համայնքապետը եւս չհաստատեց տեղեկությունը։ Հարցին, թե երեկ համայնքապետարանի աշխատողներ եղե՞լ են Ջիլիզայում՝ զինվորական  համազգեստով մարդկանց, ենթադրաբար՝ սահմանապահների հետ, նա սկզբում ասաց, որ տեղյակ չէ, հետո՝ որ ճշտել է ու իմացել, որ նման բան չկա։ Մենք պարզեցինք, որ, այնուամենայնիվ, Ալավերդու նորընտիր քաղաքապետ Արկադի Թամազյանը մեզ հետ խոսելու ընթացքում գտնվում էր Վրաստանում, սահմանային հարցերով ինչ-որ հանդիպումների էր մասնակցում։ 

Ի՞նչ գործով եք մեկնել Վրաստան։ Ճի՞շտ է, որ Դուք հիմա սահմանամերձ Աղքյորփի գյուղում եք։ 

- Ոչ, ուրիշ հարցով եմ Վրաստանում, դրա հետ կապ չունի։ 

Գաղտնի՞ք է, կարո՞ղ է՝ անձնական գործով եք գնացել։ 

- Ոչ, ուղղակի անունը չեմ հիշում։ Ծառայողական գործով եմ, անդրսահմանային համագործակցության հարցերով։ 

Դա ի՞նչ է, սեմինա՞ր է։  

- Հա, էլի։ Ոնց որ։

Հնարավո՞ր է, որ հենց սահմանազատման շրջանակներում մեկնել եք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ 

- Չէ, մենք Ախալցխա, Ախալքալաք ենք, էդ ի՞նչ կապ ունի։ 

Զանգահարեցինք նաեւ ԱԱԾ, որպեսզի տեղեկանայինք, թե ինչ աշխատանքներ են տեղի ունենում, եւ արդյոք դրանք հայ-վրացական պետական սահմանի զատման աշխատանքների շրջանակներո՞ւմ են իրականացվում, որը տարիներ առաջ է սկսվել ու ոչ մի կերպ չի ավարտվում։ «Որեւէ գործողություն մեր կողմից չի արվում։ Հնարավոր է՝ այլ աշխատանքներ են կատարվում։ Համենայնդեպս, ԱԱԾ-ի մասով՝ մեր սահմանապահ զորքերը ներգրավված չեն»,- պատասխանեցին մեզ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ 

Հիշեցնենք, որ Վրաստանի հետ մեր պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները վաղուց են ընթանում՝ դեռ 90-ականներից։ 1996-ից երկու երկրների միջեւ գործում են սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովներ։ Գործընթացը, սակայն, ձգձգվում է։ 225 կմ սահմանագծից 78 կմ-ն մինչ օրս դեռ համաձայնեցված, հստակեցված չէ։

Հայաստանի նոր կառավարությունը մինչեւ 2026 թվականը նախատեսում է զբաղվել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցով։ Չհամաձայնեցված հատվածը՝ այդ 65 կմ-ն, ընկած է  հայկական Ջիլիզա եւ վրացական Չանախչի գյուղերի միջեւ։ Չհամաձայնեցված տարածքներ ունենք նաեւ Բավրայի, Սադախլոյի, Խոժոռնու, Սոմխեթի լեռնաշղթայի, Իրգանչայ գյուղի մոտ,  ինչպես նաեւ Աղքյորփի-Չանախչի-Բրդաձոր հատվածում։

Թե ինչու են չափագրման գործընթացի մանրամասները գաղտնի պահում, կարելի է միայն ենթադրել։ Հավանաբար, չեն ցանկանում, որ մարդիկ ասեն՝ թուրքին հող ենք տալիս՝ հերիք չէ, մի բան էլ վրացուն ենք հանձնում։ Այս տրամաբանությունը, իհարկե, անկախ ամեն ինչից՝ աշխատելու է։ Իրականում այստեղ վաղուց հարցեր են հասունացել։ Օրինակ, Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղի մի հատվածը հայկական հողի վրա է, մյուսը՝ վրացական։ Վրացական Աղքյորփի, Չանախչի, Բրդաձոր գյուղերի բնակիչների այգիների մի մասն էլ հայկական սահմանում։ Աղքյորփին հայաբնակ է, բայց գտնվում է վրացական սահմանում։ Այստեղ գտնվում է Խուճապի վանքը, որի կոորդինատները եւս հստակ չեն։ Պարզապես վտանգավորն այն է, որ հնարավոր է մեր թուլացած վիճակից այս պահին ուզում է օգտվել ոչ միայն թշնամի Ադրբեջանը, այլեւ՝ բարեկամական Վրաստանը եւ հօգուտ իրեն սահմանազատում իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։